Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԵԽԽՎ 1677 ԲԱՆԱՁԵՎԻ 13-ՐԴ ԿԵՏԸ

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը միտված է ընտրական բարեփոխումների իրականացմանը:

ԵԽԽՎ 1677 բանաձեւի 13-րդ կետում նշված է. «Ընտրական բարեփոխումներն այժմ պետք է գերակայություն լինեն իշխանությունների համար: Ուստի, անհրաժեշտ են ընտրական հետագա բարեփոխումներ, մասնավորապես՝ նպատակ հետապնդելով կատարելագործել քվեարկության անկանոնությունների, այդ թվում՝ բազմակի քվեարկության պրակտիկայի բացահայտման հետընտրական հսկողության մեխանիզմները»: Մասնավորեցումը, թե հատկապես ինչպես պիտի բարեփոխվի «Ընտրական օրենսգիրքը»՝ հայտնի է, որ բանաձեւում կատարվել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի միաձայն ընդունված առաջարկի հիման վրա: Վերջերս ասուլիսում նա հիշեցրեց. ժամանակին ՀՅԴ-ն առաջարկել էր, որ գրանցամատյանները պատճենահանվեն ու փակցվեն պատին, որպեսզի մարդիկ տեսնեն՝ իրենց տեղը քվեարկե՞լ են, թե՞ ոչ. «Այդ մատյանները դեռ անհասանելի են: Հիմա մենք պատրաստվում ենք առաջարկություն ներկայացնել, որ այդ հարցը նորից քննարկվի, եւ այդ խնդիրը դարձնելու ենք օրակարգային հարց»:

Նույն օրը, երբ Ստրասբուրգում ընդունվում էր այդ բանաձեւը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ԱԺ-ում պաշտոնական շրջանառության մեջ էր դրել իր նախաձեռնությունը «ՀՀ ընտրական օրենսգրքում» 54 փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Կմեջբերենք ընդամենը մի քանիսն այն բարեփոխումներից, որոնք նա առաջարկում է կատարել ընտրական օրենսդրության մեջ:

Մի առաջարկը համահունչ է ԵԽԽՎ բանաձեւի վերոհիշյալ կետին: Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է «Ընտրական օրենսգրքի» 13-րդ հոդվածի 1-ին կետի նոր խմբագրություն, ըստ որի՝ «Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները կարող են հրապարակվել»: Ընտրական հանձնաժողովների յուրաքանչյուր անդամ եւ վստահված անձ իրավասություն կունենա ձայների հաշվարկի ավարտին պահանջել այդ ցուցակների պատճենները:

Էական փոփոխություններ են նախատեսվել օրենսգրքի՝ նախընտրական քարոզչությանը վերաբերող բաժնում: Ըստ մի լրացման՝ թեկնածուներին եւ կուսակցություններին տրամադրվող եթերաժամանակի կամ լրագրային ծավալի համար «սակագները չեն կարող գերազանցել ընտրություններն անցկացնելու պաշտոնական հայտարարությանը նախորդող եռամսյակի՝ իր առեւտրային գովազդի գները»: Հիշեցնենք, որ շատ հեռուստաընկերություններ քաղաքական գովազդի համար սահմանում են ավելի բարձր սակագին, քան իրենց առեւտրային գովազդի դեպքում:

Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է օրենսգրքի 20-րդ հոդվածում ավելացնել նոր պարբերություն. «Ընտրությունները նշանակելուց հետո հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուի գործունեության ազատ լուսաբանումը Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով սահմանափակվում է օտարերկրյա պատվիրակությունների պաշտոնական ընդունելության լուսաբանումով, հայաստանյան պատվիրակությունների՝ արտասահման մեկնելու մասին հաղորդագրություններով, արտակարգ իրավիճակների դեպքում՝ դրանց վերացմանն ուղղված իշխանությունների գործողությունների լուսաբանմամբ»: Նկատենք, որ համահունչ սահմանափակումներ այժմ էլ են նախատեսված, սակայն չեն գործում, քանի որ չի ապահովվում պատշաճ վերահսկողություն ՀՌԱՀ-ի կողմից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն այս առնչությամբ առաջարկել է ավելացնել նոր հոդված՝ «ՀՌԱՀ-ի կողմից նախընտրական քարոզչության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը»: Այստեղ մասնավորապես նշվում է, թե ՀՌԱՀ-ի նույնիսկ մեկ անդամը քարոզչության uահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավաuու է դիմել դատարան: Եվ այս նույն հոդվածով՝ «Նախընտրական քարոզչական գովազդի համար հատկացվում է այնպիսի ժամանակահատված, որպեսզի առավելագույն թվով ընտրողներ հնարավորություն ստանան ծանոթանալու դրան»:

Օրենսգրքի 21-րդ հոդվածում առաջարկվում են նոր կետեր. մասնավորապես որ բոլոր տեսակի քարոզչական պաստառների պատրաստումը եւ նպատակային կիրառումը «պարտադիր պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամի միջոցներով»: Ի հակադրություն արձանագրված դեպքերի, երբ երթուղայիններն օգտագործվում են հանրահավաքի մարդ բերելու համար՝ Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է. «Հասարակական տրանսպորտը՝ անկախ սեփականության ձեւից, չի կարող օգտագործվել նախընտրական քարոզչության նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս թեկնածուների համար ապահովվում են հավասար պայմաններ»:

Նրա նախաձեռնությամբ՝ ԿԸՀ-ն կարող է մերժել կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե խախտվել է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված կարգը: Կարող է ուժը կորցրած ճանաչվել նաեւ կուսակցության ընտրացուցակում ներառված թեկնածուի գրանցումը, եթե «ԿԸՀ է ներկայացվել նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան կուսակցության (դաշինքների) մշտական գործող գործադիր մարմնի համապատասխան որոշումը»: Հիշեցնենք, որ այժմ թեկնածուները ցուցակից կարող են դուրս գալ միայն սեփական դիմումի համաձայն:

Արմեն Մարտիրոսյանի առաջարկած լրացումներից մեկով՝ «Տեղամասային կենտրոնին հարող 50 մետր շառավղով մարդկանց խմբերով չհավաքվելը պարտավոր են ապահովել տեղամասային կենտրոնում քվեարկության օրը ծառայություն իրականացնող ոստիկանները»:

Մեկ այլ փոփոխությամբ՝ նախընտրական հիմնադրամ ստեղծած թեկնածուները հայտարարագրի մեջ պետք է ներառեն բոլոր այն անձանց ներդրումները, ովքեր քարոզարշավին օժանդակություն են ցուցաբերում, «անկախ այն հանգամանքից, թե արդյոք այդպիսի օժանդակությունը ցուցաբերվում է կամավո՞ր կերպով, թե՞ պայմանագրային կարգով»: ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես ներկայացված հայտարարագրերի ստուգման մաս, «պետք է հաշվի առնի ցանկացած արժանահավատ տեղեկատվություն՝ որեւէ աղբյուրից», որը ցույց է տալիս, թե ներկայացնողը փաստացի ավելի շատ գումար է ծախսել, քան հայտարարագրել է կամ գերազանցել է ծախսերի համապատասխան սահմանը: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի-Հայաստան» կազմակերպությունն ամեն ընտրությունից հետո ներկայացնում է նման ուսումնասիրություն:

Կարեւոր փոփոխություններից է, որ Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է՝ ԿԸՀ-ն պիտի կազմավորվի միայն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ 3-5% հավաքած ուժերի ներկայացուցիչներից: Ընդ որում՝ ԿԸՀ նախագահ պիտի դառնա «խորհրդարանական ընդդիմադիր առավել թվով տեղեր ունեցող խմբակցության կողմից առաջադրված անդամը»: Բացի այդ, առաջարկվում է, որ ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կեսը լինեն ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության ներկայացուցիչներ:

Չենք կասկածում, թե ինչպիսին կլինի իշխող մեծամասնության վերաբերմունքը այս նախաձեռնության նկատմամբ: Նրանք թերեւս համաձայնեն Արմեն Մարտիրոսյանի միայն այն առաջարկներին, ըստ որոնց՝ նախագահական ընտրությունների արդյունքում 5%-ի շեմը հաղթահարած թեկնածուների նախընտրական հիմնադրամից կատարված ամբողջ ծախսն է փոխհատուցվում պետբյուջեից, իսկ ԱԺ ընտրությունների դեպքում մասնակիորեն են փոխհատուցում 5%-ի շեմը հաղթահարած ուժերին:

Հ. Գ. Նախաձեռնությամբ սահմանված արգելքներից մեկը վերաբերում է մի երեւույթի, որը մեզ հայտնի չէ՝ արդյոք առկա՞ է Հայաստանում. «Արգելվում է խաղադրույքների ընդունումը՝ կապված քվեարկության կամ ընտրության արդյունքների հետ»: Հազիվ թե հայկական բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ կընդունեն մեր ընտրությունների վերաբերյալ, որտեղ միշտ հաղթողներն ու պարտվողները խիստ կանխատեսելի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել