Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՐԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎՐԱ

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Կառավարության 2004 թվականին կայացրած որոշումը կիրառվել է 2 տարի շուտ

15 տարի առաջ՝ 1995 թ. մայիսի 24-ին, «Հայատոմջերմոէներգոմոնտաժ» ընկերության «Հրազդան» ԴՁ տարածքում աշխատանքի ժամին թթվածնի բալոնների պայթյունի հետեւանքով ձեռնարկության բանվորներից 8-ը զոհվեցին, 4-ը՝ դարձան հաշմանդամ: Ստեղծված կառավարական հանձնաժողովի ցուցումով՝ տուժած ընտանիքներին հատկացվեցին վնասի հատուցման տարբեր գումարներ: Ձեռնարկությունը պարտաճանաչ վճարում էր տուժածների հասանելիքը մինչեւ 2002թ. սեպտեմբերը, ապա դադարեցրեց՝ ձեռնարկության սնանկ ու լուծարված ճանաչվելու պատճառով: Իրավասու տարբեր ծառայություններին տուժած աշխատողների ընտանիքի անդամների եւ հաշմանդամների դիմումները մնացին անպատասխան: Ավելին՝ ի պատասխան տուժածների «աղերսների»՝ 2007թ. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը որոշում է կայացնում չվճարել վնասի փոխհատուցման գումարները՝ սկսած 2002 թ. սեպտեմբերից: Տուժածներ Հենզել Եղիազարյանը, Ռուբիկ Պետրոսյանը, Սամվել Մկրտչյանը, Սիլվա Մկրտչյանը, Անահիտ Բաղդասարյանը, Լուսիկ Հարությունյանը, Սուսաննա Ստեփանյանը, Ռիմա Միքայելյանը, Անահիտ Բաղդասարյանը նախարարության որոշումը բեկանելու նպատակով դիմում են ՀՀ վարչական դատարան: 2008 թ. նախագահող դատավոր Լ. Սոսյանի վճռով հայցը մերժվում է: Տուժածների հանրային պաշտպան Հենրիկ Բաղդասարյանը վարչական դատարանի վճիռը նախ բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, ապա ՀՀ վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին ուղղված բողոքում շեշտվում է, որ «Վարչական դատարանը վճիռ կայացնելիս ձեւական մոտեցում է ցուցաբերել, անտեսել է կառավարության՝ նյութական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալը: ՀՀ Սահմանադրության 37 հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական ապահովության իրավունք ունի»: Նկատենք, որ վարչական դատարանը, հայցվորներին մերժելիս եւ ՀՀ-ի կողմից վնասները հատուցելու պարտավորությունները չկատարելը հիմնավորելիս, հիմք է ընդունել ձեռնարկության լուծարվելու, սնանկ ճանաչվելու հանգամանքը: Ըստ Հ. Բաղդասարյանի՝ 1992թ. ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետեւանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության մարմինը պետական բյուջեի հաշվին, սակայն «Այս կետը ՀՀ կառավարության 22.07. 04թ. որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել: 2004-ի այդ որոշումը հակասահմանադրական է, հակասում է ՀՀ գործող քաղաքացիական օրենսգրքին: Ընդ որում, որոշումը կայացվել է 2004թ., իսկ հայցվորների նկատմամբ, չգիտես ինչու, կիրառվել է 2002թ.-ին»,- տարակուսում է փաստաբանը՝ հավելելով. «Եթե այդ վճիռը մնա ուժի մեջ, ապա նման դժբախտ դեպքերում որեւէ փոխհատուցում չի տրվի»: 2009թ. ապրիլի 22-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացնում հայցվորների՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ գտնելով, որ վարչական դատարանը իրավացիորեն է մերժել հայցը: Վճռաբեկ դատարանն իր վճիռը հիմնավորելու համար տարատեսակ օրենսդրական հակափաստարկներ է նշում: Մեջբերենք դրանցից մեկը. «Իրավահարաբերության ծագման պահին գործող «Անվճարունակության /սնանկության/ մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ քաղաքացու համաձայնությամբ պարտապանի նկատմամբ նրա կապիտալացված վճարումներով պահանջի իրավունքը կարող էր անցնել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Մինչդեռ կառավարության որոշմամբ համապատասխան պարտավորությունները Հայաստանին փոխանցելու կարգ չի սահմանվել, կապիտալացված գումարներ ՀՀ պետական բյուջե չեն փոխանցվել»:
Խնդրո առնչությամբ 2009թ. նոյեմբերին Հ. Բաղդասարյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին՝ ներկայացնելով բողոքի նախապատմությունը, համապատասխան վճիռները: Նա խնդրել է անհապաղ միջամտություն՝ օրենքի պահանջը կատարելու հարցում: 2010 թ. մայիս, հուլիս ամիսներին հանրային պաշտպանին ուղղված պատասխանում ՄԻՊ Ա. Հարությունյանը հայտնում է, որ հիմնախնդիրն իր ուշադրության կենտրոնում է դեռեւս 2006թ: Այդ հարցի լուծման համար բազմաթիվ նամակներ է ՄԻՊ-ը հասցեագրել ՀՀ վարչապետին ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին:
Ըստ օմբուդսմենի պատասխանի, 2008-2009 թվականներին խնդրի լուծման նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են հարցի իրավական կարգավորման մի շարք տարբերակներ, սակայն հարցն այդպես էլ մնացել է չլուծված: Ա. Հարությունյանի պատասխանից հայտնի է դառնում նաեւ, որ, ի պատասխան ՄԻՊ-ի հարցման, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հարցի լուծման ուղղությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն այս տարվա մայիսին հայտնել է, որ խնդիրը  քննարկման փուլում է դեռեւս 2007թ.-ից, եւ ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի որոշմամբ «ՀՀ արտադրական դժբախտ պատահարներից եւ մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի համակարգող է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ առաջին կատարող՝ ՀՀ կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկի նախագահն էլ 2009թ. նոյեմբերին դիմել է ՀՀ վարչապետին՝ արձանագրային որոշման նախագծի կատարումը տեղափոխելով 2010թ.: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Հ. Բաղդասարյանը հայտնեց, որ 2010թ. ավարտվում է, բայց խնդրի լուծման հարցում ոչ մի տեղաշարժ չկա. «Իմ հայցվորներին ասել են, թե հարցը կլուծեն, հակառակ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի կարողանան ազդել նախորդ ատյանների կայացրած որոշումների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել