Վերջերս մի լուր էի գրել այն մասին, թե ինչպես է Կապանի ոստիկանապետը պատրաստվում հանրապետության ոստիկանապետի սպասվող այցին: Կապանի ոստիկանապետը հրահանգել է իր ենթականերին վերանորոգել իրենց աշխատասենյակները՝ իրենց գրպանի հաշվին: Երկու օր շարունակ փորձեցի այդ տեղեկության առիթով ստանալ Կապանի ոստիկանապետի պարզաբանումը. վերջինս ոչ միայն լսափողը չվերցրեց, այլ անգամ հարկ չհամարեց զանգել իր խնդրանքով թողնված հեռախոսահամարով: Ի դեպ, բջջայինիս համարն էի թողել: Ինչեւէ, տեղեկությունս հրապարակեցի՝ նույն հրապարակման մեջ պատրաստակամություն հայտնելով՝ լսել նաեւ Կապանի ոստիկանապետի կարծիքը:
Մոտ մեկ շաբաթ ոչ մի արձագանք չեղավ: Երկու օր առաջ, երեկոյան, խմբագրություն է զանգահարում մեկը, ով ներկայանում է որպես հոգեւորական, թողնում է իր հեռախոսահամարը եւ խնդրում, որ ես կապվեմ իր հետ: Կապվեցի: Բավականին քաղաքակիրթ զրույցի ընթացքում հոգուորական ներկայացած մարդը փորձում էր ինձ բացատրել թե ես Աստծո առաջ ի՜նչ մեծ մեղք եմ գործել, որովհետեւ Կապանի ոստիկանապետն «այդ մարդը չէ», որ ես նրան չեմ ճանաչում, որ նա իրենց եկեղեցու քավորն է եւ որ «Աստծո ճանապարհով գնացող մարդը» նման հրահանգ չի կարող տալ: Այդ ողջ ընթացքում, փորձում էի բացատրել, որ ես գործել եմ լրագրողական էթիկայի սահմաններում եւ որ հիմա էլ պատրաստ եմ լսել ոստիկանապետի տեսակետը: Հոգեւորական ներկայացած անձի հետ պայմանաորվեցինք, որ ինքը «կխոսի, կճշտի ու ինձ կզանգի»: Թե ում հետ ի՞նչ խոսեց, ի՞նչ ճշտեց այդ մարդը՝ չգիտեմ, բայց քիչ անց զանգեց ու ոչ ավել, ոչ պակաս, «տղավարի» հարց տվեց. «Հլը մի հատ, ինձ ասա ինչ կլինի, էդ ինֆորմացիան քեզ ո՞վ ա տվել»: Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են:
Պարզվում է, սա դեռ վերջը չէր, ավելի ուշ իմանում եմ, որ սույն հոգեւորականը զանգահարել է Կապանի մեր թղթակցին եւ հայտարարել, որ ես ասել եմ, թե Կապանի մեր թղթակիցն է ինձ տրամադրել այդ տեղեկատվությունը: Այն ողջ հարգանքն ու պատկառանքը, որը տածում եմ հոգեւորականների հանդեպ, միանգամից հօդս ցնդեցին: Զանգահարեցի այդ մարդուն ու հասկանալի է, որ քաղաքակիրթ զրույց այլեւս չէր կարող լինել: Վիրավորանքների փոխադարձ տարափներից հետո ասացի, որ այլեւս չհամարձակվի ինձ զանգահարել ու անջատեցի հեռախոսը:
Երբ մի քիչ հանդարտվեցի, ընտանիքիս անդամներն ասացին, որ շատ կոպիտ էի խոսում: Ազդվեցի, անհարմար զգացի, բայց հետո հասկացա, որ ներքուստ շատ հանգիստ եմ, որ խղճի խայթ չեմ զգում բացարձակապես ու հենց այդ գիշերն էլ այնքան հանգիստ քնեցի… Երկու օր անց որոշեցի «տառապանքներիս» վերջ դնել, որովհետեւ համոզվեցի, որ խնդիրը ոչ թե իմ, այլ հոգեւորականի հագուստ կրող, իրեն հոգեւորական համարող այդ անձի մեջ է, ով ինքնակամ, թե թելադրանքով, որոշել էր միջնորդ լինել իմ ու ոստիկանապետի միջեւ, ումից ինքս չէի էլ թաքնվում կամ փախչում:
Դե հիմա ոնց չհիշեմ հանրահայտ, բազմաչարչար, ծեծված արտահայտությունը. «Դե, եկ, վարդապետ, ու մի խենթանա»:
Նելլի Գրիգորյան


















































