Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում իշխանությունների նպատակը՝ հետևողականորեն գնալ ինքնաոչնչացման»․ Արման Աբովյան

Մայիս 19,2026 18:14 Share

«Մարդիկ փոփոխություններ են պահանջում, և այդ պահանջը շատ միանշանակ է։ Մարդիկ հասկանում են, որ շինծու խաղաղությունը և այն նարատիվները, որոնք առաջ է տանում իշխանությունը, սուտ են։ Մարդիկ չափազանց անհանգստացած են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին փուլը։

Հաջորդ դիտարկումը, որին հանգել է մեր զրուցակիցը, հետևյալն է․ «Մարդիկ հասկանում են, որ իշխանությունը չունի բովանդակային առաջարկներ հասարակությանը։ Ոչ մի»։

Քաղաքացիների հետ շփումներից Արման Աբովյանը նաև հասկացել է, որ մարդիկ, ովքեր մինչ այս պահը կամուկացի մեջ էին՝ գնա՞լ ընտրության, թե՞ ոչ, այժմ կողմնորոշվել են․ «Մարդիկ ուզում են գնալ ընտրության։ Որովհետև, հաշվի առնելով իշխանության պահվածքը, մարդիկ հոգնել են այդ անվերջ, հիստերիկ մղձավանջից, որի մեջ ապրում են։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր, պայմանական ասած, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Մարդիկ վիրավորված են իշխանությունից ու շատ լուրջ են վիրավորված։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը արցախցուն՝ «բա ինչի՞ չմեռաք», մարդիկ վերագրում են իրենց։ Մեկնաբանում են հետևյալ կերպ՝ ՀՀ վարչապետը մեղադրում է հայերին, որ հայերը չեն մեռել։ Միգուցե այլ կոնտեքստ է եղել ասվածի հիմքում, բայց մարդիկ այսպես են ընկալել։ Մարդիկ իրականում զզված են, հոգնած են, ընկճված են ու միաժամանակ զայրացած»։

Այս իրավիճակը, մեր զրուցակցի բնութագրմամբ, իհարկե լավ չի․ «Իշխանությունը ընտրությունները տանում է դեպի հիստերիկ, անբովանդակ շոուներ, մեղադրանքներ, վիրավորանքներ, որտեղ կորում է բովանդակությունը։ Միգուցե սա ընդդիմության «օգտին» է աշխատում, քանի որ իշխանությունն անում է ամեն ինչ, որ ինքն իրեն վարկաբեկի, բայց, ավելի լայն առումով, սա պետության համար շատ վատ ու ծայրահեղ իրավիճակ է»։

Ավելին, Արման Աբովյանը օրինակ է բերում Ադրբեջանի՝ ամեն օր աճող միջամտությունը հայաստանյան ընտրություններին․ «Միլի մեջլիսի պատգամավորներից մեկն, օրինակ, հայտարարություն էր արել, որ Հայաստանի իշխանությունը պետք է ավելի կոշտ լինի։ Իսկ մարդիկ դա տեսնում են և հարցնում են՝ իսկ կարո՞ղ է իշխանության հռետորաբանությունը կապ ունի ադրբեջանցիների պահանջների հետ։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում իշխանությունների նպատակը՝ հետևողականորեն գնալ ինքնաոչնչացման»։

Հարցին՝ մարդիկ իշխանությունից հոգնած և հիասթափված են, իսկ ընդդիմությանը վստահո՞ւմ են, Արման Աբովյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո, դեպի հավաքական ընդդիմություն կտրուկ աճել է թե մարդկանց վստահությունը, թե սպասելիքներն են ավելացել, ինչը պարտավորեցնող է։ Մեր թիմի օրինակով կարող եմ ասել՝ չեք պատկերացնում, թե ինչ սպասելիքներով, խանդավառությամբ և հարգանքով են մեզ ամեն տեղ ընդունում, փորձում են խոսել ու, որ շատ կարևոր է, մարդիկ մեզ հետ խոսում են ծրագրային դրույթներից, ուղիղ ու պարզ հարցեր են տալիս։ Մարդիկ այնպիսի մտքեր են արտահայտում, որ անգամ մի պահ զարմանում ես, որ հեռավոր գյուղում մարդը պահի տակ այդպիսի վերլուծական տեքստ է ասում»։

Սրանից հետևություն արվո՞ւմ է հարցի պատասխանը սա է․ «Միանշանակ»։

Արդյունքում կա՞ առաջատար ընդդիմադիր ուժերի համագործակցության հարթակ, մեր զրուցակիցը չգիտի․ «Յուրաքանչյուր ուժն իր ծրագրին համապատասխան է առաջ շարժվում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031