Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի մահը

Հուլիս 10,2012 13:25

Անցած շաբաթ հասարակության ակտիվ մասը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում ճնշող փոքրամասնություն է կազմում, շարունակում էր զբաղվել «Հարսնաքարով»: Ուրախալի է, որ մարդիկ հետեւողական են այս հարցում՝ այդ շարժման ակտիվիստների ցասումն անկեղծ է ու միանգամայն արդարացված: Չնայած ակնհայտ է, որ կուսակցությունները կփորձեն դա օգտագործել իրենց նպատակների համար՝ համոզելով, որ իշխանափոխության հաջորդ իսկ օրը օլիգարխներն ու նրանց թիկնապահները իրենց պահելու են Իթոնի քոլեջի շրջանավարտների նման: Թեեւ դա ամենեւին չի նսեմացնում Վահե Ավետյանի սպանության դեմ բարձրացած հասարակական ալիքի նշանակությունը:

Անցած շաբաթ տեղի էր ունեցել եւս մի դեպք, որն, իմ կարծիքով, եւս զարհուրելի էր. նկատի ունեմ գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահը, որը նույնպես, ըստ էության, սպանություն էր: Ասածս, իհարկե, իրավական գնահատական չէ, բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս անվանել այն դատավարությունն ու դատավճիռը, ըստ որի՝ Աթոյանը կեղծել է իր փաստաթղթերը եւ, պարզվում է, որպես պատերազմի մասնակից իրավունք չի ունեցել զինվորական թոշակ ստանալու: Ինչպե՞ս է մեղադրական կողմը կարողացել ապացուցել, որ այդ մարդը պատերազմի ժամանակ կոնտուզիա չի ստացել եւ հորինել է այդ փաստը: Ավելին, մեր իրավապահ համակարգը վստահ էր, որ Աթոյանը ոչ միայն պատերազմում չի կորցրել առողջությունը, այլեւ հիմա, երբ երբեմն չէր կարողանում գալ դատավարությունների եւ պառկում էր հիվանդանոց, դա էլ էր «սիմուլյացիա»: Իսկ այդ ամենի գագաթնակետն այն էր, որ՝ քանի որ ազատամարտիկի թոշակն իբր «անօրինական» էր, ապա նա իրավունք չուներ նաեւ անվճար դեղորայք ստանալու, եւ մեր «մարդասեր» քննիչները կալանք էին դրել նրան հասանելիք դեղորայքի վրա, իսկ գնել դրանք փողով նա չէր կարող: Վստահ եմ, որ զարգացած երկրում դատախազությունը կհետաքրքրվեր՝ կա՞ արդյոք այս բոլոր հանգամանքների ու Ժորա Աթոյանի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապ, եւ մարդու առողջությանը մահացու վնաս հասցնելու համար մեղավորները կկանգնեին դատարանի առաջ:

Առաջ, 90-ականներին, անհաճո մարդու դեմ գործ սարքելու համար գրպանը թմրանյութ էին գցում: Հիմա մեթոդներն ավելի «քաղաքակիրթ» են դարձել. ազատամարտիկին, որը մարտի դաշտում արդեն կորցրել է առողջությունը, ասում են, որ նա ազատամարտիկ չէ, որ նա իր կենսագրությունը հորինել է, որ իր ծառայությունները հայրենիքի առաջ զրո են: Իրականում այս մեթոդն ավելի դաժան է. դա իսկապես, ինչպես տեսնում եք, կարող է մարդուն սպանել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել