Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող էր հայ մարզիկներին խանգարել օլիմպիական խաղերում լավ հանդես գալ

Օգոստոս 08,2012 12:27 Share

Առաջին հերթին կասեն՝ նախապատրաստության փուլի ոչ լիարժեք կազմակերպումը, մարզումային գործընթացի սխալներն ու վրիպումները, համապատասխան պայմանների բացակայությունը եւ այլն: Հնարավոր է: Ու դրանցից յուրաքանչյուրը մանրամասն վերլուծության կարիք ունի:
Խոսվում է նաեւ մարզիկների հոգեբանորեն անպատրաստ լինելու մասին: Եթե հոգեբանորեն պատրաստ չես հաղթանակի, ֆիզիկականը չի օգնի, պայքար չի ստացվի: Հայաստանի մարզիկները միշտ էլ հոգեբանության հետ կապված խնդիրներն ունեցել են: Բայց հիմա, կարծում ենք, դրան ավելացել են նորերը՝ նաեւ հաղթանակների եւ մեդալների համար խոստացվող պարգեւավճարների չափերը, ինչը հաջողության հասնելու դեպքում կտրուկ կփոխի նրանց սոցիալական վիճակն ու ամբողջ կյանքը: Օրինակ, բոլոր մարզիկներն էլ գիտեն, որ օլիմպիական չեմպիոն, արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում պետությունից ստանալու են, համապատասխանաբար, 20, 15 եւ 10 միլիոն դրամ երաշխավորված պարգեւավճար, դրան ավելացրած՝ օլիմպիական կոմիտեի կրկնապատկված խրախուսական գումարները: Սրան ավելացնենք տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր հովանավորների ու անհատների նախատեսած հնարավոր բոնուսները, նվերները՝ բնակարանների, ավտոմեքենաների եւ այլ տեսքով, փառքը եւ համընդհանուր ճանաչումը:
Այսքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել հավաքականի անդամ մարզիկի գլխում ու հոգում: Եվ որքան մոտենում է իր մեկնարկի օրը, այնքան ավելի շատ է մոտալուտ հարստանալու եւ նոր կյանք սկսելու իրական հավանականությունը ալեկոծում նրա ներաշխարհը, խանգարում կենտրոնանալ մարզման ու բուն մրցելույթի ժամանակ իր պարտականությունները կատարելու վրա: Այստեղից էլ՝ անհասկանալի ձախողումները. ծանրորդը չի կարողանում բարձրացնել մեկնարկային քաշերը՝ կիլոգրամներ, որոնք մեկ անգամ չէ, որ գլխավերեւում պահել է մարզադահլիճում, բռնցքամարտիկը, որ ամիսներ շարունակ հավաքներում պատրաստվել է օլիմպիական ռինգում մի քանի մենամարտ անցկացնելուն, առաջինից դուրս է մնում պայքարից, երկու անգամ հաջող մեկնարկածած հրաձիգի ձեռքն սկսում է դողալ ու նա եզրափակիչ փուլ չի անցնում:
Մեր մարզիկներին պետք է սովորեցնել նախ եւ առաջ մտածել միայն ու միայն պայքարելու եւ հաղթելու մասին, իսկ փողն ու հարստությունն իրենք-իրենց կլինեն: Հետո:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031