Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ոչ ոքի մոտ չի թողնելու, որ իրեն դարձնեն նախագահ»

Սեպտեմբեր 18,2012 10:30

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի մասնակցությամբ կառավարության շաբաթօրյա խորհրդակցությունը, ասաց.

«Երկու մոտեցում կա. մի մասն ասում է, թե նախագահը հող է նախապատրաստում ապագա կադրային փոփոխությունների համար` մասնավորապես վարչապետի մասով, երկրորդ մասն էլ կարծում է, թե հասկանալով, որ կառավարության ներկայացրած պատկերը սխալ է, և նախագահը փորձեց հասկացնել տալ, թե «առաջվա հարիֆը չեմ և իսկապես դժգոհ եմ կառավարության աշխատանքից»:

Ինձ համար դժվար է գնահատել, թե ինչո՞ւ նա այդ բանն արեց, սակայն մի բան ակնհայտ է, որ նա բոլորին կամ, համենայն դեպս, կառավարությանն ազդանշան տվեց, որ «ես էլ` որպես ՀՀ նախագահ, միանում եմ մարդկանց այն բանակին, ովքեր կարծում են, որ ձեր ներկայացրած թվերն իրականությանը չեն համապատասխանում»: Սա մենք կարող ենք ֆիքսել հարյուր տոկոսով:Այն, ինչ մենք ասում ենք 5 տարի:

Դեռևս մարտի 10-ին ՀՀԿ համագումարում  Սերժ Սարգսյանը մեզ հրամցրեց կառավարության ներկայացրած երկրի պատկերը. ըստ էության, թող խոսքս մեծամիտ մարդու խոսք չթվա, այս դիտողությունն էլ նշանակում էր, որ նա համաձայնվում է այն մարդկանց հետ, ովքեր քննադատում ու բարձրացնում էին այդ հարցերը: Արդյոք սրանից բխո՞ւմ է, որ նա կարող է վարչապետին փոխել, Աստված գիտի:

Բայց այսօր մենք մի բան գիտենք, որ նա առաջին անգամ հայտարարեց, թե ինքը համաձայն չէ կառավարության ներկայացրած պատկերի հետ: Արդյոք այդ պատկերը չէր ստեղծվել նույն նախագահի ճարտարապետությամբ, սա արդեն խնդրի այլ կողմն է: Սրանից հետո մենք կտեսնենք հստակ դիստանցիա նախագահի և կառավարության միջև:

Եվ, ընդհանրապես, Ս.Սարգսյանը` ի տարբերություն նախորդ երկու նախագահների, ովքեր դիստանցիա էին պահում կառավարությունից, մինչ օրս դիստանցիա չէր պահում ո´չ կառավարությունից, ո´չ գործող իշխանությունից: Ավելին, Ս.Սարգսյանն իրեն անընդհատ նույնականացնում էր Հանրապետական կուսակցության հետ: Եկել է այն պահը, որ նա դա կանի նաև իր կուսակցության նկատմամբ, որ «Ձեր արածների համար ես պատասխան չեմ տալիս»»:

Հ. Բագրատյանի խոսքով` առաջիկայում հավանաբար կլինի խորհրդակցություն նաև Հանրապետական ակտիվի հետ, որտեղ դարձյալ նման վերաբերմունք կլինի Ս.Սարգսյանի կողմից:

«Սրա նախապայմանը կար. ինչպես գիտեք, չնայած մայիսի 6-ի ընտրություններին ընտրվում էր ՀՀԿ-ն, բայց Ս.Սարգսյանը միայնակ էր գնում ելույթ ունենալու: «Ոչ ոք իր կողքը չպետք է կանգնի» իմաստով: Այժմ այդպիսի հարված ստացավ նաև կառավարությունը, և արդեն կարելի է ասել, փետրվարյան ընտրությունները Սերժ Սարգսյանի կողմից կլինեն մեկ մարդու ընտրություններ: Նա ոչ ոքի մոտ չի թողնելու, որ իրեն դարձնեն նախագահ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930