
Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթի քվեարկությունը քայլ է, որով դուք ձեր վերաբերմունքը կարող եք արտահայտել՝ իսկապե՞ս դեմ եք մենաշնորհներին, թե՞ կողմ եք, նա պատասխանեց. «Ցանկացած առաջարկության ժամանակ որեւէ կաշկանդող բան չունեմ, որ լավ առաջարկություններին կողմ արտահայտվեմ: Բայց այն ժամանակ, դուք գիտեք, ես հին պատգամավոր եմ, 90-ականներին էլ էին այս հարցերը բարձրացվում եւ իրենք հրաժարվում էին դրանք մեզ հետ քննարկել: Այն ժամանակ ես անկախ պատգամավոր եմ եղել: ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթն ուսումնասիրման կարիք է զգում: Ես չեմ կարող որեւէ դեմ բան արտահայտել, որովհետեւ փաստաթուղթը նոր բերեցին: Եթե ոչ հիմա, համենայնդեպս, ապագայում քննարկման առարկա է: Կային առողջ առաջարկներ, ես թռուցիկ նայեցի, հարկավոր է դա ուսումնասիրել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք Լեւոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականների հետ, որ Սերժ Սարգսյանի «մերձավորները» այնքան ապաշնորհ են, որ նոււյնիսկ մենաշնորհ ունենալով՝ միջազգային հսկայական պարտքեր են կուտակում ու մեզ ամենուրեք խայտառակ անում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, որ կան այդ ոլորտում խնդիրներ եւ պրոբլեմներ, որ ականատես են լինում բոլոր քաղաքացիները, ես դա չեմ կարող ժխտել: Ես ձեռնպահ եմ մնում որակումներ տալուց, բայց ինչը որ փաստ է եւ տեսնում եմ եւ ամբողջ հանրությունն է տեսնում, որ ոլորտում խնդիրներ կան, ես դա բնական եմ համարում: Այդքան խիստ գնահատականներ պարզապես ես չեմ ուզում տալ»: Հարցին՝ «Արմավիայի» չվերթներից օգտվե՞լ եք, որակը, սպասարկումն ինչպե՞ս եք գնահատում, Հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Բավականին դեպքեր են եղել, ուշացումներ եւ այլն, որը, բնականաբար, վրդովեցնում է մարդկանց, եւ դա ցանկալի չէ, որ մեր երկրի հատկապես ազգային ավիափոխադրողից խուսափեինք ու կցանկանայի, որ ընդհակառակը, շահագրգռված լինեինք, որ մեր ավիաուղիներով չվերթները կատարեինք, որ բյուջե գնար դա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































