Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե աչքի արձակուրդ է

Մարտ 15,2013 21:23

Խորագիրը Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուից է` հասցեագրված բոլոր նրանց, ովքեր փողի, իշխանության տիրույթում հայտնվելուց հետո կորցնում են իրականության զգացողությունը, ինչպես հարբեցողը, որն այլևս ունակ չէ ըմբռնել և ում համար մշտապես «ուղեղի հանգստյան օր է»: Այդպիսիք վտանգի զգացողություն չունեն, և ծովը միշտ ծնկներից է: Մինչդեռ ես` Հայաստանի քաղաքացիս, սարսռում եմ` տեսնելով անվրդով դեմքերը, լսելով անլիցք, անհույզ երկարաբանությունները. Ոչ մի անհանգստություն, տագնապ, խռովք, թե այս ուր ենք մղում երկիրը, որչա~փ կարելի է:

Վախեցնում են հնարավոր պատերազմով, սակայն` զրո պատասխանատվություն օրըստօրե սակավացող ծնունդների, սաստկացող արտագաղթի, պետական պարտքի 4 միլիարդի սահմանը հատելու, ծերանոց դարձած բնակավայրերի, շարունակական ինքնասպանությունների համար…

Ապահով Հայաստան… Բառերի անհարկի, անհամատեղելի կապակցություն` նման «կոմունիզմ» կոչվող հորինվածքին, ինչով քանի~ հնգամյակ «կերակրեցին» զանգվածներին: Ձեզ, որ միլիարդների հասնող տարադրամի ներհոսքի պայմաններում ընդամենը 2,5 հազար դրամ շպրտեցիք թոշակառուներին, ինչպե՞ս և ինչու՞ հավատա ընչազուրկ խավը, որ բնակչության քառասուն տոկոսն է կազմում, հանրության մտածող շերտը, որ վերլուծել, բաղդատել գիտի:

Սպասվում են արմատական, հիմնարար փոփոխություններ… Հերթական փափուկ բարձը, բերանի ծամոնը: Դուք լավագույն դեպքում տեղափոխություն եք կատարելու` մի աթոռից մյուսը` կարծելով, թե հուսալքվածը դյուրահավատ է նաև, հրաշքի հավատացող և, ինչ իմանաս, մեկ էլ տեսար, իրոք, գումարելիների տեղերը փոխելուց գումարը փոխվեց:

Համ էլ… արդեն իսկ փոփոխություններն սկսվել են. Վատիկանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել, ով, ասում են, տանու մարդ է… Ի~նչ վատ է` թող խառնակ ժամանակներում փորձանքից հեռու լինի, ճիշտ է, աշխատավայրը հազիվ հազարի հասնող բնակչությամբ, 0,44 քառ կմ տարածքով պետությունում է, բայց ամենևին չի խանգարի հետագա ցատկին… Հապա ասա` Հռոմ…

Երկրորդ փոփոխությունն էլ Շիրակի մարզպետի հրաժարականի հաստատումն էր ու նորի նշանակումը գերփակ ոլորտից: Խոսելու տեղ չկա` բարեկամ, կուսակից, մինչևիսկ թիմակից չէ, թեև ի՜նչ իմանաս…

Թիմ… Լինելով ֆուտբոլասեր, վերջերս խուսափել եմ սկսել այդ բառից, սակայն հարկադրված եմ գործածել` մտաբերելով «մրցակցությունից դուրս» թեկնածուի` ընտրությանն հաջորդած անդրանիկ հրապարակային ելույթը, երբ երախտագիտության խոսքը համեմեց հիշյալ արտահայտությամբ` հավելելով, թե «նրանք ապացուցեցին, որ իրենց համար անհնար ոչինչ չկա»: Ի՞նչը նկատի ուներ. Որ հիասթափության, անտարբերության, հուսահատության, կեղծիքի ու ատելության մթնոլորտում ի վիճակի եղան ցանկալին իրականությու՞ն դարձնել, տոկո՞ս նկարել` գոհ, անդրդվելի…

Կուսակցապետին արդեն այլ առիթով երկրորդում է կրթության ոլորտի պատասխանատուն. «Կառավարության ղեկավարն ու նախարարները մեկ թիմ են, որ շատ լավ աշխատել են վերջին տարիների ընթացքում»: Իսկապե՞ս այդքան հիացած եք արածով, թե՞ բակլան ձերն է, ուզեք` խաշած կցանեք:

Ակամա Նիկոլ Աղբալյանի խոսքը մտքիս եկավ, որ ասել է Արամ Մանուկյանին հուղարկավորելու օրը. «Երբ գիշերը գա, մտեք Ձեր հոգիի սենյակը, խոսեցեք Ձեր խղճի հետ և ըսեք. արդյոք աշխատե՞ր եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվեր եք Ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Նախընտրական օրերին ալիքները փոխելիս աչքովս ընկավ Գեղամյանը: Ճնշիչ, ինքնագոհ տոնայնությամբ, մեկնաբանին բառախեղդ անելով համոզում էր, թե արտագաղթը կասեցնելու, աշխատատեղեր բացելու հիմնարար ծրագրեր են մշակվում և բերեց մի օրինակ, իբր, ողջ հզորությամբ կաշխատեցնեն «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը: Բլեֆ, հայերենով` փչոց… Իր իսկ սիրած բառը գործածեմ` «այ բալամ», 450 միլիոն դոլար պարտքի տակ կքած, անվճարունակ, 70 և ավելի տարվա հնության խարխուլ ոտքերով արդյունաբերական անճոռնի, թունալի հսկային կենդանություն տալը ոչ միայն անիմաստ է, անհեռանկար, այլև վեր հանրապետության ուժերից:

Խոսում են ողջախոհությունից ու հանդուրժողականությունից, բայց երբ իրենց ես լսում… Պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեկ` «բիրտ ուժի առայժմ չդիմելու» իշխանության մեծահոգությունն է տարփողում, ուրիշ անգամ` հեգնում ընտրության պաշտոնական թվերը վիճարկողին. «Րաֆֆի Հովհաննիսյանը պարապ է մնացել»: Դուք ի՞նչ եք անում, ձեր արածը ո՞րն է` անթերի լցոնում կազմակերպե՞լը, պետական լծակների զանգվածային օգտագործումն ի շահ կուսակցախմբի՞, այո՞:

Շարմազանովն էլ կոտորակում է. «Իրական մի ճանապարհ կա` դատարան, մնացածը քամի է»: «Չարի վերջը գալու է, չարություն մի արեք,-հերթական դառը կատակն է անում Գալուստ Սահակյանը, իսկ մեկ այլ առիթով և մթագնած պահի` «Նախագահ լինելու մոլուցքը մարդկանց հունից հանում է և դարձնում սանձարձակ»: Թերևս, ասվածը «կուժ քեզ եմ ասում, կուլա, դու հասկացիր» թաքնագի՞րն է իր մեջ կրում ու կարելի է ձևել բոլոր աթոռապաշտների վրա՞: Դա` ուրիշ խնդիր:

Դեհ, եթե նման ոճով են արտահայտվում կուսակցության առաջին էշելոնի դեմքերը, չպիտի հանկարծակիի գալ մականունավորներների մտքի «փայլատակումներից»: Հապա նույն հովանոցի տակ հավաքագրվածնե~րը… Բաբուխանյանը, ով մամուլից հայտնի է իր կուսակցության հիմնադրի դեմ սադրանքներով, իրեն իրավունք է արտոնում Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել Քաջ Նազարի հետ, նրան ձայն տվածներին անվանել աղանդավոր, համասեռամոլ, Շուշան Պետրոսյանը ընդդիմադիրների նկատմամբ շրջանառում է «խրոնիկ» մակդիրը, Արթուր Բաղդասարյանն Ազատության հրապարակում հավաքվածներին «ամբոխ» որակումն է տալիս, Հեղինե Բիշարյանն էլ, պարզ է, վրավազուկ կանի, թե մարտի մեկի հարցը փակված է, մեղավորները` պատժված, այնուհետ կչքմեղանա` ասածս ուղղակի չհասկանալ…

Եվ այդքանից հետո կամենում եք, որպեսզի մարդիկ համակերպվե՞ն գաղջ մթնոլորտին: Հանուն ինչի՞, ասեք, խրված մնան ճահճում, սպասեն ողբերգական վերջաբանին: Կրկնվեմ` պատերազմի վերսկսման վտանգով եք ահաբեկում, իսկ ի՞նչ եք անում, որպեսզի բնակչության աճ գրանցվի, ներգաղթ նշմարվի: Փաստացի բնակվողների քանակը երկյուղում եք բարձրաձայնել, սակայն նույնքան սահմռկեցնող է վերջին պաշտոնական թիվը, որ վիճակագրական ծառայության ամփոփագրում գտա. մերը 3,2, Ադրբեջանինը` 9 միլիոն է: Ջիպերին ու ձեր, ձերոնց նյութական կարողությունները բազմապատկելուն եք զոռ տվել, իսկ վաղը ով ու ինչ սրտով պիտի կռվի, մտածել, մտածու՞մ եք, թե՞ նեղ պահին կորստաբեր զիջումների կգնաք` շարունակելով վայելել… Ջուղայի գերեզմանատունն ու այնտեղ ամփոփվածների աճյուններն ու՞ր են, ագուլեսցոց ու մյուս-մյուսների պալատնե՞րը… Չկան, թշնամին թրթուրի տակ տվել, տափանել է, որովհետև նախնորդներն էլ ժամանակին կուտակելուն էին տուրք տվել, իրենց ինչքից ու անձից դուրս բան չէին տեսնում, զլանում էին Անդրանիկի զինվորին ու գաղթականությանը ցորեն տալ…

Պատմության կրկնությունից եմ վախենում, միակուսակցական, միահեծան համակարգի վերադարձից, ձեր իշխանախմբի հնազանդ համախոհությունն է ինձ սարսռեցնում, մղձավանջային երազներում վերջին էջն է աչքիս գալիս: Հիշու՞մ եք կրպակների պատմությունն ու դրա հետ կապված «Տարոն, սիրուն չէ» խոսքը: Ուրեմն` բնապահպանների երկամսյա աղաղակը ոչինչ էր. հազար խուսանավում, փաստարկ լսեցինք, բայց բավական էր առաջին դեմքը կեսբերան արտահայտվի, ելք գտնվեց, որոշում կայացվեց: Հիմա էլ, ճարներս ինչ, սպասենք նոր խոսքի, որը, գուցե, հնչի Ծածկած շուկայի պահով… Ասեք, դա եղավ կառավարման համակա՞րգ, եղանա՞կ: Ինչպե՞ս արդյունավետություն ակնկալել, երբ անխոնջ ու տևաբար ամլացման եք տանում նախաձեռնող, ստեղծագործ միտքը, երբ մանր ու մեծ հարցերի լուծումը մեկ անձով եք պայմանավորում` մահկանացուի ուսերին բարդելով անկրելի ծանրություն…

Վաղը դուք, եթե այսպես գնա, նույնքան աներկբա կպնդեք, թե ճիշտը սահմանադրությունը փոխելն է ու «ազգընտիր» նախագահին 3-րդ անգամ ընտրվելու հնարավորություն ընձեռելը, քանզի անկատար ծրագրեր կան դեռ, երկրի անվտանգության, արմատական փոփոխություններն ավարտին հասցնելու խնդիրներ կան, տարածաշրջանում լարվածություն է… Եվ կփոխեք, քանի որ խորհրդարանում մեծամասնություն եք, «հանրաքվեի» փորձ ունեք, ձերն են բոլոր լծակները` դատական համակարգից սկսած, ավարտած բանակով ու ոստիկանությամբ, անվտանգության ծառայությամբ, սահմանադրական դատարան ու կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչվող կատարողական գրասենյակներով… Փողն էլ կա ու կա, վարձկանները` բոլորեքյան: Համ էլ` «աչքի արձակուրդ է» և «ուղեղի հանգստյան օր»,- կբանաձևեր բանաստեղծը:          Մեր, երկրի մասին` չէ, գոնե ձեր մասին հոգ տարեք, թողեք հայրենիքում մարդ, բեռնակիր մնա, թե չէ դուք, բացառյալ մի քանիսը, Հայաստան կոչվող աշխարհի շալակը ելածներ եք` պղտոր ցանկություններով…

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                                                                                         արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. գոհար says:

    կեցցեք

  2. Norayr says:

    Հոդվածն արժեր ավարտել հայտնի կինոնկարի պերսոնաժի կողմից իշխանություններին ուղղված կոչով. Հեռացեք էլի,հեռացեք,գոնե մի անգամ մարդ եղեք:Գրում եմ այս տողերը և ինձ բռնում այն մտքի վրա,որ դա լինելու բան չէ,քանի որ ներկայիս իշխանությունների պահվածքը դեռևս 2008թ. Ընտրություններից առաջ նախանշել էր Ռոբերտ Քոչարյանի տղա Սեդրակը,ասելով. Ինչ ուզում եք արեք ,միևնույն է Սերժն է լինելու նախագահ,իսկ տասը տարի հետո ես եմ լինելու:

  3. ZORI says:

    Հոյակապ հոդված

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031