Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության սիմֆոնիա՝ Երեւանի քաղաքապետի ընտրության առիթով

Մայիս 03,2013 12:35

Վաղը և մյուս օրը Երևանում լռության օրեր են, որովհետև վաղը չէ մյուս օրը համայն հայոց մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունն է: Լռության օրերը հիմնականում վերաբերում են զանգվածային լրատվամիջոցներին, որոնք նախընտրական ժամանակաշրջանում ամենից ավելի էին աղմկում` քարոզչական և հակաքարոզչական իմաստներով: Հիմնականում լրատվամիջոցների աղմուկն ենք նշում ու շեշտում, ոչ թե` քաղաքական գործիչների ճիչերն ու աղաղակները, որովհետև վերջիններս, ի վերջո, լրատվամիջոցների միջոցով և լրատվամիջոցների շնորհիվ են աղմկում:

Այսուհանդերձ, ժամանակակից գործիչներն ու քաղաքացիները լրատվամիջոցներից անկախ` միանգամայն ինքնուրույն էլ կարող են աղմկել` ներառյալ նաև օրենքով սահմանված լռության օրերին. Նրանք լռության օրերին էլ իրենց ֆեյսբուքյան պատերին ազատորեն կարող են շաղ տալ իրենց մտքին եկածը` շաղախված բուռն քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ:

Այսինքն, լռության օրերի մեր լռությունն արդեն միանգամայն ձևական բնույթ է կրում, և չնայած մի անգամ արդեն առաջարկել եմ էդ միանգամայն ձևական լռությունը վերացնել, պարտքս եմ համարում ևս մեկ անգամ առաջարկել: Այդուհանդերձ, քանի դեռ լռության այդ անհեթեթ օրենքը չի վերացվել, ես, որպես օրինապաշտ ու օրինավոր քաղաքացի, հանձն եմ առնում այսօր իսկ զերծ մնալ քարոզչությունից ու հակաքարոզչությունից, հասկանալով, որ այսօրվա էս գրածս վաղը և մյուս օրն էլ կարդացող կգտնվի:

Այսուհանդերձ, մայիսի 5-ին ամենից ավելի հենց լրատվամիջոցներն են աղմկելու, բայց արդեն` ոչ թե քարոզչության ու հակաքարոզչության իմաստով, այլ` ընտրախախտումների, ընտրակաշառքների և այլ անկարգությունների վերաբերյալ: Իմ այս վատատեսությունը ոչ թե իմ սրտից է բխում, այլ` իմ մտքից, ավելի ճիշտ` մեր իսկ կյանքի փորձից: Եվ մեր կյանքի փորձն էլ հուշում է, որ ինչքան էլ խոսենք ազատ ու արդար ընտրության անհրաժեշտությունից, իրականում ավելի շատ մեր նախընտրած թեկնածուի հաղթանակի մասին ենք մտածում, քան` ազատ ու արդար ընտրության: Եվ սա էլ է ինչ-որ առումով բնական ու նույնիսկ մարդկային, որովհետև յուրաքանչյուրս արդարությունն իր իսկ ցանկությունների և իր իսկ շահերի սահմաններում է պատկերացնում, և յուրաքանչյուրիս համար ամենաարդարն ու ամենաբարին իր իսկ ցանկություններն ու շահերն են, և կուսակցականների համար` իրենց իսկ կուսակցության ցանկություններն ու շահերը: Եվ սա ոչ միայն հայկական, այլև համամարդկային «հիվանդություն» է, և հիվանդություն բառն էս դեպքում չակերտների մեջ եմ առնում, որովհետև ազատության ու արդարության ձգտող մարդկությունն առ այսօր ի վիճակի չի եղել ստեղծել առավել արդար քաղաքական համակարգ, քան բազմակուսակցական համակարգն է:
Եվ չնայած մեզանում ու այլուր անխտիր բոլոր կուսակցություններն են աղանդի վերածվում, այդուհանդերձ, բազմակուսակցական քաղաքական համակարգի միակ ու անցանկալի այլընտրանքը միակուսակցական քաղաքական համակարգն է, այսինքն` բռնապետությունը: Չնայած, այսուհանդերձ, շատ դեպքերում ու շատ երկրներում բազմակուսակցական համակարգի պայմաններում էլ է հնարավոր բռնապետության որոշ ու որոշակի մթնոլորտ ստեղծել. դրա ակնառու օրինակն այսօրվա Ադրբեջանն է: Եվ Ադրբեջանի օրինակով եմ սահմանափակվում, որովհետև խոստացա, որ այսօր իսկ լռության օրենքով եմ շարժվելու և քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ չեմ զբաղվելու, չնայած, այսուհանդերձ, կարող էի Ադրբեջանի օրինակով չսահմանափակվել, որովհետև բռնապետության տարրերը բնորոշ են բազմակուսակցական համակարգն ընդունած բոլոր այն երկրներին, որտեղ ոչ միայն իշխանությունն է թույլ, այլև` ընդդիմությունը:

Կարճ ասած, մեզանում և բազմակուսակցական համակարգն ընդունած շատ ու շատ երկրներում ժողովրդավարությունը հնարավորինս ձևական բնույթ է կրում, ճիշտ այնպես, ինչպես որ լռության օրերի մեր լռությունն է ձևական բնույթ կրում, որովհետև լրատվական կայքերի էկրաններից նախորդ օրերի քարոզչությունն ու հակաքարոզչությունը չեն ջնջվում. միանգամայն տեսանելի և պատկերավոր պահպանվում ու ցուցադրվում են, և կայքերի հաճախորդներն էլ ավելի շատ նախորդ օրերի քարոզչությունն ու հակաքարոզչությունն են ընթերցելու ու ըմբոշխնելու, քան` իմ էս վերացական ու անկապ լռությունը, ինչպես նաև այլոց` վաղվա և մյուս օրվա անիմաստ ու անհեթեթ լռությունը:

Ոսկան ԼՌԱԿՅԱՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031