Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԱԿՈԽ

Նոյեմբեր 08,2013 10:06

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսանյոթերորդ

ԼԵԶՎԱԿՈԽ

Եվ Բարդուղը ժպտալով ասաց՝ «էս գրողները վաբշե չեն կարում իրար հանդուրժեն», եւ Անանիան մեծահոգաբար ժպտալով ասաց՝ «ես բոլոր գրողներին էլ հանդուրժում եմ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «լրջով դու քեզ գրող ե՞ս համարում, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «քեզ որ համարում եմ, ի՞նձ ինչի չպիտի համարեմ», եւ Հայկունին ժպտալով Անանիային  ասաց՝ «դե լավ ա, որ Ջավախյանին լուրջ գրող ես համարում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «դու որ իրան լուրջ գրող ես համարում, ես ի՞նչ իրավունք ունեմ չհամարեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու որ իրա էդ էսսեն տասնիննուկես  ես գնահատում, ես առնվազն տասնչորս պիտի գնահատեմ», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «այսինքն, Ջավախյանին տասնչորս ե՞ս գնահատում», եւ Անանիան նայեց Ջավախյանին, մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «որ իրան մի քիչ համեստ պահի, կարող ա տասնհինգ էլ գնահատեմ», եւ Ջավախյանն ապշահար նայեց Անանիային ու հարցրեց՝ «կարող ա՞ տեղը չես բերում, ադա», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «լափ էլ բերում եմ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «քեզ ի՞նչ ա պատահել, ադա», եւ Անանիան հարցրեց՝ «ի՞նչն ա ինչ պատահել», եւ  Ջավախյանն Անանիային հարցրեց՝ «էս ինչի՞ ես լեզվիդ տալի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քեզ որ համեստ պահես, մեկումեջ էլ մենք գրածներդ կգովանք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «քեզ որ մորթեն, ուրիշի գրածը չես գովա», եւ Արիկն Անանիային ասաց՝ «Ջավախյանի մասին սխալ կարծիքի ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը էս վերջին գրածդ լավ էլ գովում էր», եւ Անանիան կասկածանքով նայեց Արիկին, հետո նայեց Ջավախյանին, հետո մի քիչ մտածեց ու Արիկին ասաց՝ «նախ պիտի հավանի, որ հետո նոր գովա», եւ Արիկը խորամանկ ժպտալով Անանիային ասաց՝ «երեւի հավանել էր, որ գովում էր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու փռթկացնելով Արիկին ասաց՝ «նախ պիտի հասկանա, հետո նոր հավանի կամ չհավանի», եւ Հայկունին նայեց Ջավախյանին ու բացականչեց՝ «պահո՜» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս արդեն քյարփինջով կռիվ ա», եւ Ջավախյանն ապշահար նայեց Անանիային, մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ուրիշ գծով էլ կարաս Գինեսի գիրք մտնես, ադա», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ գծով», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «լեզվիդ տալու գծով», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էդ գծով դու էլ ընենց ոչինչ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «քոնը լրիվ  նորություն ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի լավ ա նորություն ըլնի, քան՝ հնություն», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն տափակություն էր», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «կպահես տաչիլոյի տակ՝ կսրվի», եւ Ջավախյանը զարմացած նայեց Անանիային, մի քիչ մտածեց ու արհամարհական ասաց՝ «որ տաչիլոյի տակ պահեմ, ավելի կտափակի, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «տարբեր տեսակի տաչիլոներ կան, պարոն Ջավախյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Անանիային  հարցրեց՝ «կարող ա՞ տոկառ էլ ես, ադա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էլ ենք փորձել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Սովետի վախտով վեց ամիս տոկառի աշակերտ եմ էղել», եւ մինչ Ջավախյանը կմտածեր՝ ինչ ասեր, Հայկունին հիացած նայեց Անանիային, հետո նայեց Ջավախյանին ու ասաց՝ «այ ըտենց լեզվակոխ կանի» եւ ժպտալով ավելացրեց՝ «տղա ես՝ դիմացի», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «էստեղ ա էրեւում՝ ով ա ումից ուժեղ գրող» եւ հիացմունքով Անանիային նայելով ավելացրեց՝ «էս Անանիան իսկական թաքնված տաղանդ ա», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «ինքը տարբեր ուղղություններով ա տաղանդ» եւ մի քիչ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «որ տեղը գա, էս Շեկոյանին էլ կարա լեզվակոխ անի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես խելքս հացի հետ չեմ կերել, որ Անանիայի հետ մեջլիս մտնեմ», եւ Հայկունին ժպտալով ինձ ասաց՝ «լավ ա գոնե խոստովանում ես», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «մնում ա՝ Ջավախյանը  խոստովանի», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «Անանիան հենց նոր ապացուցեց, որ Ջավախյանից մի քանի գլուխ ուժեղ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Հայկունուն հարցրեց՝ «որ ըտենց ուժեղ ա, ինչի՞ չեք ձեր մոտ հայցվոր ձեւակերպում», եւ Բարդուղը ծիծաղելով ասաց՝ «վախենում են՝ մի տարում իրանցից անցնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «որ էդքան ուժեղ ա, ինչի՞ չես իրան տասնիննուկես նշանակում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Անանիայի մասնագետն Աբոն ա», եւ Ջավախյանը քմծիծաղով Հայկունուն հարցրեց՝ «բայց գոնե չորսուկես կձգի՞», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «արդեն չափդ անցնում ես, պարոն արձակագիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «դո՛ւ սկսեցիր», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ սկսեցի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «դո՛ւ  սկսեցիր տաչիլոյից ու ուրիշ զադերից խոսալ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քամահրանքով Ջավախյանին ասաց՝ «որ պետք ա ըլնում, մենք էլ խոսքի տակ չենք մնում» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «որ ստաժդ հարգում ու մեկումեջ սուս ենք մնում, էդ չի նշանակում թե՝ խոսքի տակ մնացող ենք», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ստաժի մասին ա խոսքը», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «արձակի ստաժդ նկատի ունեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ էդ գործի մեջ հին գել ես», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Անանիային ասաց՝ «լավ ա գոնե՝ էդքանը ջոկում ես» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «մի վախտ ինձ վարպետ էիր համարում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ քեզ ծանր պահես, էլի կհամարեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած՝ ոչ միշտ ա ստաժը որակի վերածվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն Ջավախյանին ասաց՝ «բայց քո դեպքում որոշ չափով վերածվել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որոշ չափով», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «գնահատականիդ համար հոգաչափ շնորհակալ եմ»,  եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «եթե ուզում ես դիմացինդ քեզ գնահատի ու հարգի, դու էլ պիտի դիմացինիդ գնահատես ու հարգես» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով ավելացրեց՝ «գոնե որոշ չափով», եւ Ջավախյանն  արհամարհական նայեց Անանիային ու քմծիծաղով ասաց՝ «սրանից հետո հաշվի կառնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «նկատի կունենանք», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ դու որոշ բաներ նկատի ունենաս, մենք էլ մեր կողմից ստադժ, վարպետությունդ ու որոշ արժանիքներդ հաշվի կառնենք», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «ինչ որ ճիշտն ա՝ ճիշտ. Ջավախյանը որպես արձակագիր համ քեզնից ա ստաժավոր, համ էլ՝ Արմենից», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որպես արձակագիր չգիտեմ, բայց որպես գրող Արմենն իսկական վարպետ ա», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա վարպետ», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «որպես նախկին բանաստեղծ ու ներկա արձակագիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ որպես վիպասան», եւ Հայկունին ժպտալով  հարցրեց՝ «վիպասանը նույն արձակագիրը չի՞», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա արձակագիր ըլնես, բայց վիպասան չըլնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց վիպասանը մեխանիկորեն համ էլ արձակագիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «օրինակ, ես ու Ջավախյանն արձակագիր ենք, բայց վիպասան չենք, բայց Արմենը համ արձակագիր ա, համ էլ՝ վիպասան», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Արմենը  համ էլ բանաստեղծ ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանաստեղծությունն իրա համար անցած էտապ ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930