Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները «ցեխախեղդ են» լինում. փաստում են փրկարարները

Մարտ 03,2014 18:15

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում արտակարգ իրավիճակ է ստեղծվել` կապված ձնհալքի հետ, փողոցները թաղվել են ցեխի մեջ, որի պատճառով գյումրեցիները տնից դուրս չեն կարողանում գալ, պարալիզացվել է թե հասարակական տրանսպորտի, թե շտապօգնության աշխատանքը: Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս թեմայով խորհրդակցություն էր հրավիրել, որին ներկա էին թե ջրմուղի բարձրաստիճան պաշտոնյաները, թե գերմանական KFW բանկի ներկայացուցիչները, Շիրակի մարզի փրկարարական ծառայության պատասխանատուները և, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:

IMG_1208

Վերջիններիս բարև տալուն պես Սամվել Բալասանյանը հայտարարեց. «Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գյումրիում`ջրմուղի աշխատանքի շնորհիվ, բայց էնպես չէ, որ մենք ջրմուղին ենք մեղադրում, ջրմուղը` մեզ: Անանցանելի են դարձել այն փողոցները, որտեղ ասֆալտապատում չկա, որտեղ ջրագծեր, խողովակներ են անցկացվում: Հիմա ի՞նչ պիտի անենք ինձ շատ հետաքրքիր է էս խայտառակ իրավիճակից դուրս գալու համար»,- հարցրեց քաղաքապետը ու փորձեց բավական խիստ տոնով խոսել ջրմուղի պաշտոնյաների հետ:

«Շիրակ ջրմուղկոյուղու» տնօրեն Վարդան Մարտիրոսյանը անմիջապես սաստեց քաղաքապետին` նշելով. «Չգիտեմ ինչու ջրմուղի անունն է շահարկվում, ջրմուղը քանդեց, ջրմուղը ավերեց… Ջրմուղը ոչ քանդեց, ոչ էլ ավերեց, ջրմուղը պատվիրատուն է, վերահսկողական ֆունկցիան 3 ընկերության է վստահված»: «Շիրակ ջրմուղկոյուղու» պետը ճիշտ հասցեատերերին մատնանշեց, որոնցից և մեկին` Գյումրիում 24 ժամյա ջրամատակարարման համար աշխատանքներ իրականացնող «Գիտեն» խորհրդատվական կազմակերպության ինժեների գլխավոր մշտական ներկայացուցիչ Դեննի Հազերբրուքին դիմելով` Գյումրու քաղաքապետը բավական խիստ տոնով ասաց. «Եթե Եվրոպայում որևէ քաղաքում էսպիսի վիճակ լիներ արդյո՞ք կհանդուրժեի՞ք որպես վերահսկող, մենք չենք հանդուրժելու»:
Գյումրու քաղաքապետը ջրամատակարարման բարելավմանը ուղղված շինարարությունը վերահսկող ընկերությունների պատասխանատուներին ապացուցում էր , որ իրենք փոսեր փորելուց ու ջրագծեր անցկացնելուց հետո խճապատում չեն կատարում, որի պատճառով էլ Գյումրու բնակիչը անելանելի իրավիճակում է հայտնվում:

Սամվել Բալասանյանից առավել վերջիններիս հետ պահանջատիրական տոնով խոսեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, ով մի շարք հարցադրումներ կատարելուց հետո, հիշեցրեց. «Դուք պարտավոր եք ինչ վիճակում, որ ընդունել եք փողոցները, այն վիճակում էլ վերադարձնեք քաղաքին»: Կնյազ Մանասյանը, իհարկե, շեշտեց, որ Գյումրիում կան փողոցներ, որոնց համար պատասխանատու է միայն քաղաքապետարանը: Կնյազ Մանասյանը թվարկեց, որ մարդիկ «ռեզինե սապոգներ» են պահում դռների դիմաց, որ կարողանան տներից դուրս գալ, «տնից դուրս եկողը չի կարող տուն վերադառնալ, դպրոց գնացողը չի կարող դպրոց գնալ, մանկապարտեզ հաճախողը չի կարող մանկապարտեզ գնալ, մեքենա չի գնում թաղամաս, շտապօգնություն չի գնում, տաքսի չի գնում»: Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ հասարակական տրանսպորտը ևս չի կարող աշխատել:

Սամվել Բալասանյանին փոքր-ինչ ընդդիմացավ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատու Կարապետյան Գագիկը, ով առաջարկեց խոսել ոչ թե լրագրողների համար, այլ տեսնել ոնց կարելի է իրավիճակը լուծել: Նա ասաց, որ անհիմն մեղադրանքներ հնչեցին իրենց հասցեին քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի կողմից, սակայն այստեղ կա ոչ միայն իրենց մեղքը, այլ քաղաքում չկա ջրահեռացման համակարգ, սելավատար համակարգ, որի պատճառով էլ Գյումրիում ահավոր վիճակ է:

Այս խոսակցությանը ուշացումով մասնակցեց Շիրակի մարզի փրկարարական ծառայության պետ Մարատ Սարիբեկյանը, ով իր հերթին նեղսրտեց քաղաքի այս վիճակի համար: Մարզի գլխավոր փրկարարը նշեց, որ Գյումրիում մեքենաներից բացի մարդիկ են անգամ ցեխախեղդ լինում: Ըստ նրա, Փրկարարական ծառայությունը բազմաթիվ կանչեր է ստանում` պարտավորվելով հանել թե ցեխի մեջ ընկած մարդկանց, թե մեքենաներին:

Որոշվեց 10 օր հետո ևս հավաքվել այս թեման նորից քննարկելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31