Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Տիգրան Սարգսյանի ու նախարարների հրաժարականի հարցը չի դրված, այլ…». «Հայոց աշխարհ»

Մարտ 11,2014 11:54

Հատված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցազրույցից:

   -«Բարգավաճ Հայաստանը» փորձում է «կոնտրոլի» տակ պահել քաղաքական ընդդիմությանը. այսպիսի մտահոգություն են հնչեցնում վերլուծաբանները։ Իսկ դուք՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, ունե՞ք նման անհանգստություն:

– Ես համաձայն չեմ այս մտահոգությանը, փոխարենը տեսնում եմ, որ մտահոգված է իշխանությունը: Եվ ինձ անհանգստացնում է, որ իշխանության միակ խնդիրը, միակ խանգարիչը կարծես դարձել է ոչ իշխանական չորս ուժերի համագործակցությունը: Իշխանությունը ձեւավորել է մի մեծ ճակատ, որով փորձում է խոչընդոտել քառյակի համախմբումը` այն ներկայացնելով իբրեւ պետությանը վնասող քայլ:

   –Ի դեպ, նման կարծիք հնչում է ոչ թե իշխանական թեւից, այլ քաղաքագիտական շրջանակներից, մարդկանց կողմից, ովքեր աչքի չեն ընկնում իրենց իշխանամետությամբ: Այնուհանդերձ բավական երկար ձգձվող խորհրդակցություններից հետո դեռ անհասկանալի են մնում քառյակի քայլերը, որովհետեւ չկա հստակ օրակարգ: Թերեւս սա է պատճառը, երբ ասվում է` քառյակը ավելի շատ երազում է, քան գործում: 

-Ի՞նչ է ստացվում. իշխանությունն ունի պետություն կառուցելու հստակ օրակարգ, իսկ քառյակը չունի, ժողովրդին ու էդ «փիս» մտահոգվածներին անվերջ տխրեցնում է` քաղաքական օրակարգ ունեցող իշխանությանը հակադրելով իր չունեցա՞ծը: Անկեղծ ասած, նման գնահատականներին ես թեթեւ եմ վերաբերվում, որովհետեւ ինձ հայտնի է քաղաքագիտական տգիտություն համարվող այն հարցադրումը, թե ինչպե՞ս կարող են այդ չորս ուժերը համագործակցել:

Ցավոք, մենք չունենք ո՛չ այդ քաղաքական մշակույթը, ո՛չ էլ դրա գիտակցումը, որպեսզի հասկանանք, որ ամենատարբեր գաղափարական ուղղվածության, կենսագրության տեր ուժեր, որոնք անգամ ունենալով սուբյեկտիվ հակասություններ, կարող են որոշակի հարցերի շուրջ համագործակցել: Սա քաղաքագիտության այբուբենն է, հետեւաբար զարմացողները կա՛մ իսկապես չգիտեն ինչ բան է քաղաքական համագործակցությունը, կա՛մ պատվեր են կատարում՝ շրջանցելով այս տարրական ճշմարտությունը:

Իսկ ես ողջունում եմ քառյակի համախմբումը, որը մեր քաղաքական մշակույթում մի նոր էջ է բացում: Մի նոր որակ է նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների ու քաղաքական ուժերի համագործակցությունը: Կարծում եմ, մեր ապագան հիմնված է հենց այդ համագործակցության վրա ու կնպաստի մեր քաղաքական մշակույթի զարգացմանը:
Իշխանությունը, որը մշտապես դժգոհում է, թե ինչու չի կայանում ընդդիմությունը, պետք է ոչ թե ամեն կերպ խոչընդոտի կայացմանը, այլ անկեղծորեն ողջունի այն:

   –Բայց այս պահին ոչ թե իշխանությունից են հնչում դժգոհություններ, այլ հենց ընդդիմությունից. որոշ ընդդիմադիրներ մեղադրում են քառյակին կառավարությանն անվստահություն հայտնելու գործում հապաղելու համար: 

-Նախ, «հապաղում» բառին համամիտ չեմ: Մենք միշտ ասել ենք` անհեթեթություն է ներկայացնել կառավարության հրաժարականն առանց այլընտրանքի: Եթե համակարգը պետք է մնա նույնը, պետք է գործեն նույն ծրագրերը, ուրեմն Պողոսի փոխարեն Պետրոսի գալը որեւէ բան չի փոխելու: Մենք անձերի խնդիր չենք դրել, Տիգրան Սարգսյանի ու նախարարների հրաժարականի հարցը չի դրված, այլ ընթանում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով:

Այսօր ունենք մի այնպիսի ձեւավորված համակարգ, որում ցանկացած աշխատող գուցե ավելի վատ վիճակում հայտնվեր, քան գործող կառավարությունն ու վարչապետը: Նրանք, ովքեր ասում են` հապաղում եք, թող իմանան, որ մեկ բաժակ ջուր չենք խմում, որ մրցենք, թե ով շուտ կպարպի բաժակի պարունակությունը: Մենք լուրջ ենք վերաբերվում այս գործընթացին, քառյակն աշխատում է այլընտրանքային ծրագրի վրա, այսինքն՝ եթե մերժում ենք գործող համակարգը, ապա ի՞նչ համակարգ, նոր կառավարության ձեւավորման ի՞նչ ձեւաչափ ենք առաջարկելու: Իսկ ներկայացվելիքը պետք է բոլորի համար լինի ընդունելի:

Ինչ վերաբերում է իշխանափոխության հարցում տարբեր մոտեցումներ ունենալուն, գիտեք, նույնիսկ ընտանիքում, եթե կա հարց, ուրեմն պետք է հստակ պայմանավորվել, համաձայնության գալ, ինչու ոչ` նաեւ գնալ զիջումների: Չորս կուսակցությունները, որոնք մինչեւ հիմա չեն փայլել իրենց համագործակցությամբ, ուզում են քաղաքական օրակարգ ձեւավորել, բնականաբար ամեն մեկը ունի իր ուրույն մոտեցումները, սակայն քառյակի իմաստությունն էլ այն է, որ տարաձայնություններով հանդերձ գիտակցում է` պետք է ձեւավորել բոլորին բավարարող քաղաքական ընդհանուր օրակարգ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31