«Սերժ Սարգսյանը ստիպված էր կասեցնել Մաքսային միություն մուտք գործելու գործընթացը կառավարության հրաժարականի միջոցով»,-այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Aravot.am-ի հստակեցմանը՝ արդյոք ՀՀ-ն մուտք չի՞ գործի Մաքսային միություն, նա պատասխանեց. «Միջազգային հանրությունն իրեն հասանելի գործիքներ կիրառում է նրա համար, որ ՀՀ-ն մուտք չգործի Մաքսային միություն: Սերժ Սարգսյանը փորձեց այդ ճանապարհով գնալ՝ իր իշխանությունը պահպանելու համար, և հայտնվեց երկընտրանքի առաջ, որ եթե շարունակի այդ քաղաքականությունը, ապա հայերի մի հատված կարող է լուրջ վտանգի տակ գտնվել: Հենց Ղրիմի անեքսիան ՀՀ-ն օրինական ճանաչեց, լսեցինք Ղրիմից զգուշացում և եղավ Քեսաբի վրա հարձակում»:
Մեր հարցին՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը վտանգի տակ է դնում հանուն հայության մի հատվածի անվտանգությա՞ն, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը այս պահին սնանկ գործիչ է, և իր գործողության տիրույթը շատ սահմանափակ է»:
Մեր մյուս հարցին՝ որո՞նք պիտի լինեն չորս ոչ իշխանական ուժերի քայլերը, քանի որ նրանք կառավարության հրաժարականն էին պահանջում, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Եթե ԲՀԿ-ն չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա ունենալու է լուրջ կորուստներ: Այս իրադրության մեջ ԲՀԿ-ի համար ճիշտ քայլը կլիներ հենց հիմա պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը և մարդկանց դուրս բերել փողոց ոչ թե ապրիլի 28-ին, այլ հիմա: Եթե Գագիկ Ծառուկյանը դրսևորի համարձակություն և պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա ճիշտ քայլ կլինի: ՀՀ-ն այսօր կարիք ունի անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Սերժ Սարգսյանը չի կարող արդյունավետ կառավարություն ձևավորել, ուստի Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի իշխանական բուրգի ապամոնտաժման տեսանկյունից եմ դիտարկում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































