Լրահոս
Օրվա լրահոսը

927 կգ հերոինը դարձավ 850 կգ. «Հայկական ժամանակ»

Հունիս 18,2014 11:19

Սույն թվականի հունվարի 17-ին հայտնաբերված 927 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով կալանավորված, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն երեկ հարցաքննվել է։ Նա մեկ անգամ եւս նշել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Օսման Ուգուրլուի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արտակ Գարոյանը ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը երեկ տեխնիկապես փոփոխվել է, որովհետեւ փորձաքննություն էր նշանակվել, եւ թմրանյութի ծավալը փոփոխվել է։ Փաստաբան Գարոյանը զրույցում նշեց, որ փորձաքննությունից հետո թմրանյութի ծավալը ճշգրտվել է՝ 927 կգ-ի փոխարեն դարձել է 850 կգ։ «Արարքը, իհարկե, չվերաորակվեց, որովհետեւ 927 եւ 850 կիլոգրամները գտնվում են ամենաբարձր սանդղակի տակ՝ առանձնապես խոշոր չափերով, բայց, այնուամենայնիվ, եղան տեխնիկական փոփոխություններ։ Խոսքը գնում էր ծավալի փոփոխությունների մասին, մեղադրանքի հիմքում դրված է 850 կգ-ն։ 927 կգ հերոինի հետ խառնուրդներ են եղել, հերոինի ծավալը հիմա կազմում է 850 կգ, իսկ մնացած 77-ը եղել է խառնուրդ»,- մանրամասնեց պաշտպանը։

Փոփոխությունից հետո երեկ Թուրքիայի քաղաքացին հարցաքննվել է եւ որոշակի մանրամասներ հայտնել. «Իմ պաշտպանյալը հարցաքննվեց եւ նոր տվյալներ հաղորդեց։ Մասնավորապես հայտնեց, որ ինքը չգիտեր, որ հերոին տեսակի թմրանյութ է տեղափոխում ու ասաց, որ իրեն պատվիրատուները ասել են, որ ավազ տեղափոխի, տեսնենք՝ մեքենան կստուգեն, թե չէ, որից հետո մենք քեզ հաշիշ կտանք, կտանես։ Ինքը մտածել է, որ ավազ է բեռնատարի մեջ, ոչ թե թմրանյութ, պատվիրատուները խաբել են, թող գնան պատվիրատուներին գտնեն եւ պատժեն»,- ասաց փաստաբան Արտակ Գարոյանը։

Թուրքիայի քաղաքացու պաշտպանը նշեց նաեւ, որ իր պաշտպանյալին ոչ թե մաքսակետում են ձերբակալել, այլ երկու օր անց Երեւանի հյուրանոցներից մեկում. «Իմ պաշտպանյալը հանցավոր նկրտումներ չի ունեցել, ինքը խաբված է եղել պատվիրատուների կողմից»,- ասաց պաշտպանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30