Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի

Օգոստոս 07,2014 10:00

Թուրքիայի վարչապետ եւ, հավանաբար, ապագա նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վիրավորվել է իր ընդդիմախոսներից, որոնք իրեն «հայ» էին անվանել: Հայհոյել են՝ իր կարծիքով:

Հայաստանում արձագանքը սուր է՝ ռասիստ, քսենոֆոբ, քանի՞ կոպեկ արժեր նրա ցավակցությունը Ցեղասպանության զոհերի հետնորդներին:

Նույնքան բացասական է նաեւ թուրքական մամուլի մի մասի արձագանքը: Այո, ցավալի է, որ պետության ղեկավարը հերիք չէ՝ այդպիսի հայացքներ ունի, դեռ չի էլ փորձում դրանք թաքցնել: Ընդհանրապես, բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ Թուրքիայի վարչապետը էմոցիոնալ, հախուռն բնավորություն ունի, բայց, որքան հասկանում եմ, դա իր քաղաքացիների մեծամասնությանը դուր է գալիս: «Դուխով տղու» տպավորություն է թողնում:

Բայց եկեք անկեղծ լինենք եւ պատասխանենք՝ արդյոք հայաստանցի որեւէ քաղաքական գործիչ չի՞ վիրավորվի, եթե նրան «թուրք» անվանեն, արդյոք նա չի՞ թարգմանի դա որպես «դաժան», «արյունարբու», «նենգ», «դավաճան»: Արդյոք «թուրք» բառը հենց այդ իմաստո՞վ չի ներթափանցել մեր կենցաղից հասարակական-քաղաքական դաշտ:

Հիշեք թեկուզ երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցի գնացքի մասին մուլտֆիլմը (2000 թիվ), որտեղ վագոնավարին՝ առաջին նախագահին թուրքական ֆես էին հագցնում: Կարո՞ղ է որեւէ մեկը վիճել, որ այդ մուլտֆիլմը, մեղմ ասած, արտահայտում էր այն ժամանակվա իշխանության տեսակետը:

1988 թվականից սկսած՝ քանի՞ անգամ են ընդդիմադիր ցուցարարները «թուրք» բառն արտասանել կոմունիստների, նույն առաջին նախագահի, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին: Չեմ կարծում, որ դա ասվում էր փաղաքշական իմաստով: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ այս 26 տարում ընդդիմության որեւէ առաջնորդ ասեր՝ «այդպես չի կարելի, դա ռասիզմ է»: Ճիշտ հակառակը՝ Արշակ Սադոյանն, օրինակ, 90-ականների իշխանությանն անվանում էր «թուրքից էլ վատը»:

Ադրբեջանցիներին մենք նույնպես «թուրք» ենք անվանում՝ բնականաբար, նույն բացասական երանգավորմամբ: Վերջին օրերին, կարծես թե, առավել շատ հիմքեր ունենք այդպես անվանելու: Բայց ես դարձյալ այս բառապաշարով չէի խոսի հարեւան ժողովրդի մասին: Պարզապես պետք է արձանագրել, որ այն դասը, որը մենք տվեցինք հարեւան երկրի քաղաքական եւ պետական գործիչներին 1992-94 թվականներին, այդ գործիչներն առայժմ լավ չեն սերտել:

Թուրքն ինձ համար էթնոսի անվանում է, ինչպես հայը, ադրբեջանցին, ռուսը կամ ֆրանսիացին: Ազգի անվանումը, ինչպես եւ ցանկացած այլ անվանում (մրգի, բանջարեղենի, կենդանու կամ, ասենք, մոլորակի), չեզոք է, իր մեջ գնահատական, առավել եւս՝ հայհոյանք չի պարունակում: Բերտրան Ռասելը պնդում էր, որ պետք է խիստ տարանջատել այն դատողությունները, որոնք վերաբերում են իրերին (օրինակ՝ «սա խնձոր է») այն դատողություններից, որոնք առնչվում են հարաբերությունների հետ («խնձորը կարմիր է»): Բայց դե Էրդողանը դժվար թե կարդացած լինի անգլիացի այդ փիլիսոփայի աշխատությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Թուրք նշանակում է մահմեդական. Իսկ մահհմեդականը ՊԱՐՏԱՎՈՐ է լինել արյունարբու մի զոմբի, անկախ նրանից, թե դուք և Բերտրան Ռասելը ինչ կասեք. Կարդացեք Ղուրանը. Ոչ մահմեդական թուրքը հայից ոչնչով չի տարբերվի. Ցավոք, այդպիսիք շատ քիչ են.

  2. david says:

    Ոչինչ, որ ատում են իրար:Վատ է, երբ ատում են բոլորին և բոլորն են ատում տվյալ ատողին:Այդտեղ է ազգի ողբերգությունը:Քանդիր ջերմոցի պատերը և նա կցրտահարվի:

  3. Մարիամ says:

    Կենցաղում ժողովուրդը կարող է բազմաթիվ արտահայտություններ կիրառել, բայց դա չի նշանակում, որ երկրի ղեկավարը պետք է իրեն նույնը թույլ տա: Ամեն դեպքում, մեր նախկին և ներկա նախագահներից նման արտահայտություններ չեմ լսել: Այ եթե Էրդողանը հայի փոխարեն այս կոնտեքստում օգտագործեր ՛նեգր՛ կամ ՛գեյ՛ բառերը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բազմախրատական ելույթներով հանդես կգային, իրենց դեսպաններին միգուցե Անկարայից հետ կանչեին: Բայց թե այս դեպքում ինչ-որ հայերի է վիրավորել: Չեմ կասկածում, Եվրապառլամենտի և ԱՄՆ-ի որոշ պատգամավորներ զարմացած կհարցնեն իսկ վրացիները և հայերը ովքեր են, նոր ազգային փոքրամասնություննե՞ր են: Վերջիվերջո դեմոկրատական երկրի ղեկավար է, ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի անդամ: Ինչպես Դուք կասեիք, մեկ այլ ՛լիգայից՛ է: Թույլատրվում է նման արտահայտություններ անելը:

    • Արսեն says:

      էդ «լիգան» վերջին 50 տարվա մեջ անընդհատ փորձում է մտնել, բայց, ինչպես տեսնում ես, անընդհատ մերժում է ստանում..))).. Ընդհամենը մերձավոր արևելքի ամենադեմոկրատական երկիրն է (նկատի ունեմ իրական մակարդակը, բացի դրանից՝ կա նաև ցուցադրական մակարդակ՝ շատ ավելի բարվոք (ինչպես կասեր մեր «սիրելի» «նախագահը»՝ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է ..))).. ))։ Ժամանակին՝ որպես չարյաց փոքրագույն, նպաստավոր ռեժիմ ուներ ՍՍՀՄ-ի դեմ պաշտպանական գծում … այժմ, Եվրոպայի համար ծառայում է խցան, ֆիլտր և բուֆեր մերձավոր արևելքի հետ հարաբերություններում, որի համար օգտվում է տնտեսական բարենպաստ ռեժիմից … ընդհամենը…
      Որպեսզի Թուրքիա համար «լիգայի անդամ» պետք է, գոնե Աֆղանստանի բնակիչ լինես..))).. այնտեղից է (հաշվի առնելով՝ իրենց երկրի վիճակը) Թուրքիան երևում որպես դեմոկրատական երկիր… Դու Աֆղանստանում ես? ..))).. Թուրքիան Հայաստանի հետ համեմատած է ավելի բարվոք, բայց ինքն էլ մի բան չի…

  4. Մարդ says:

    Զարմանում եմ որ զարմանում եք ոչ զարմանալու երեվույթների վրա.
    Եթե իմանալով որ մի մարդը պատկանում է «իքս» ազգին , նրան անվանում են «իգրեկ» ազգի ներկայացուցիչ , դա արդեն վիրավորանք է.
    Դե մի քիչ էլ ծաղիկներ են ավելացրել կողքից եվ Շոուի ռեյտինգը բարցրացրել , քաղաքական գովազդ….. Ձրի ռեկլամ , կուլ մի գնացեք…

  5. Hakob says:

    ժողովրդի բերանով խոսում է դարավոր ճշմարտությունը:
    երբ որ թուրքը կդադարի “թուրք” լինելուց, էն ժամանակ էլ կամաց-կամաց կփոխվի մեր/մնացածի մտածելակերպը:
    Թուրքական ժողովդուրդն էլ ունի իր պատկերացումը մեր մասին: Ռուսի մասին, վրացու մասին, և այլն: ժողովրդի մոտ կարծրացած մտքերը ոչ թերթերով րեն դուրս գալիս: կանցի դարերդ, ու եթե թուրքը ապաշխարի /դա իմ կարծիքով անհնարին բան է/, ապա մենք էլ կմաշացնենք մեր պատմական հիշողության կարծր մասերը:
    Իզուր չի որ ասում են լեզվամտածողություն:
    Հիշում եմ 88 թվին մի հաղորդում էր պլստացել հեռուստատեսություն –
    երբ Ասկերանցի մի 10 տարեկան երեխայի հաղորդավարը հարցրեց, թե “դու գիտե՞ս թե ովքեր են մեր թշնամիները ”
    երեխան առանց հապաղելու պատասխանեց-
    “Աղդամի թՈ՛րքերը”:
    Դա գենետիկայով է փոխանցվել մեզ: իսկ գեները հենց էնպես չես կարող փոխանջատել: Գենը դա լաՄՊուՉկա չի
    եթե ինչ որ մեկին թվում ա, թե եվրոպայի ազգերևն են մեկը մեկի արածները մոռացել ու իրար հանդեպ ընդամնեը բիզնես հետարքրությու նունեն, ապա սխալվում է: նրանք իհարկե թարմ ազգեր են, բայց իրանք ավելի վոխերիմ են: հերիք է մի հատ էլ պատերազմ սկսի, ավելի ուժեղ մորթոցի ա գնալու եվրոպայում, քան երբևէ եղել է:
    Ասածիս մասնավոր ապացույցը – եվրոպացիների կոտորածները Ուկրաինայում:, երբ ըստ ազգային պատկանելության սպանում են անգամ հիվանդանուցում ու ծերանոցում անշարժ գամված հաշվանդամներին, 1 տարին չլրացած երեխաներին և նրանց մայրերին:
    Արևմտյան եվորպայի ժողովուրդները ընդանրապես վայրենի ու այրունարբու են:

    • Արսեն says:

      Hakob դու հակաթուրքական գեն ունես? ..))).. Դու просто հրաշք ես, այ տղա..))).. Հեսա միլիտար-կեսաբանական հետազոտություններով զբաղվող գիտնականները հետևիցդ կգան, որ այդ գենը ԴՆԹ-իցդ առանձնացնեն, և դրա հիմքի վրա՝ միայն թուրք սպանող բակտերիոլոգիական զենք արտադրեն…)))..
      Ւսկ ընդհանրապես ինչիդ (ավելի ճիշտ՝ Ռուսների ինչին) է պետք ատելության քարոզը?
      Վերջին մասում նույնիսկ Կւսիլյովին գերազանցեիր… Պետք չի պապից ավելի կաթոլիկ լինել ..))).. Կիսիլյովին դրեցիր անհամար դրության մեջ, իրա մտքով չէր անցել, որ կարելի է ասել, որ Եվրոպայից եկած էքսպեդիցիոն ջոկատները շրջում են Ուկրաինայի հիվանդանոցներում, ծերանոցներում և ծննդատներում և ըստ ազգային պատկանելիության՝ գնդակահարում են հիվանդներին, ծերերին և նորածիններին ..)))…
      Ուզում ես Կիսիլյովին գործից հանեն, տեղը քեզ նշանակեն? ..)))..

  6. Ruben says:

    Թուրքին ու ադրբեջանցուն անվանում եք ազգ եւ խառնում հայի ու ռուսի հետ:

  7. Վալոդ says:

    Իլհամ Ալիևի այսօրվա թվիթերյան գրառումներից․ «Մենք խաղաղության մեջ չենք, մենք պատերազմի մեջ ենք. Յուրաքանչյուր ոք պետք է իմանա այս։»

    Իսկ ահա մի քանի գոհար Ղուրանից․ «Պատերազմը նախատեսված է ձեզ համար, եթե նույնիսկ ձեզ դուր չի գալիս այն» Ղուրան (2:216)։ «Ես կգցեմ ահաբեկչություն նրանց մեջ, ովքեր չեն հավատում։ Հետեւաբար կտրեք նրանց գլուխները և մատների ծայրերը» Ղուրան (8:12)։

    Գիրքը լի է բազմաթիվ նման տխմար կոչերով։ Ահա այսպիսի հարևանների հետ գործ ունենք։ Արևմուտքում կա moderate islam հասկացություն։ Վստահեցնում եմ՝ չկա նման բան։ Կան իրենց արմատներից հեռացած մահմեդականներ, որոնք, ըստ Ղուրանի, նույնպես ենթակա են գլխատման։

  8. Վալոդին says:

    Հապա «իրենց արմատներից հեռացած » հայերի հե՞տ ինչ անենք։ Հետիս աշխատակցուհին ամուսնացած է մահմեդականի հետ։ Ամուսնուն կնքե՞նք, թե երկուսին էլ պետք է Հայ-Քրիստոնյային հատուկ մարդասիրությամբ մեկուսացնել հայ համայնքից։

  9. Լավատես says:

    Արտաքին թշնամուն հաղթելու համար սկզբից պետք է հաղթել ներքին թշնամուն: Միգուցե, վիճակը հիմա ուրիշ է:

    https://www.irates.am/ru/zKhFyzrX1dL0hQ7AZs0ERnUyy2

  10. Ալեքսանդր says:

    Յուրաքանչյուր լեզվում իր հայհոյանքները կան; Եվ ազգային, և’ բանջարաբոստանային և կենդանական: Էշ, ոչխար, թութակ, կով և այլ կենդանիների անունները որոշակի իմաստով նաև հայհոյանք են; Բանջարը, խիյարը /վարունգը ոչ/, դդումը նույնպես; Անգլիացիք ֆրանսացիներին գորտի անունով են կոչում; Մեզ համար թուրքն է հայհոյանք, թուրքի համար հայը; Սևամոթի համար նեգրը և այլ; Դրանք դարեր ապրող հայհոյանքներ են և դժվար թե քարոզով վերանան, բայց պաշտոնական լեզվի բառապաշար չեն և պետք է չլինեն; Իսկ եթե որևէ պաշտոնյա դրանք օգտագործում է, օրինակ` հենց Էրդոգանը, ապա դա ընդամենը խոսում է նրա մակարդակի մասին; Այսքան աղմուկ բարձրացնելը մի ”թուրքի” /հասկացեք, ոնց ուզում եք/ ասածի առիթով անիմաստ է;

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դե, եթե Բրիտանիայի վարչապետը ֆրանսիացիների մասին հրապարակավ «գորտի անունով» խոսեր, դա, կարծում եմ, քննարկման առարկա կդառնար:

  11. Հրանտ Պապիկյան says:

    Մի շատ տիպիկ օրինակ բերեմ՝ տղաս 4 կամ 5 տարեկան էր, մի օր լսելով սեղանի շուրջ իմ և ընկերներիս խոսակցությունը մեր անցած պատերազմի մասին, իր տարիքի համար մի ցնցող հարց տվեց, ասեց – պապ, հիմա թուրքերի համար էլ մենք ենք թուրք?…
    Ինչքան էլ ուզենանք առաջադեմ երևալ, ՛՛թուրք՛՛ բնորոշումը հայի համար վիրավորանք է, և ՛՛հայ՛՛-ը բնականաբար նմանապես՝ թուրքի համար, ճիշտ այնպես, ինչպիսի վիրավորանք է և հայի, և թուրքի համար ասենք ՛՛էշ՛՛ բնորոշումը: Բայց ինչպես շատ տեղին նկատեց Մարիամը, մի բան է հասարակ ժողովրդի լեզվաբանական ֆոլկլյորը, մեկ այլ բան՝ պետության առաջին դեմքի շուրթերից հնչած արտահայտությունը: Պարզ ասած սա Էրդողանի կողմից կիքս է, սայթաքում, որը միգուցե և նա միտումնավոր է արել՝ կախված նրանից, ում ձայներին է նա ուզում տիրանալ գալիք ընտրություններում: Թուրքիայի առաջադեմ խավի համար նա միևնույն է վաղուց վարկաբեկված անձ է, իսկ ազգայնականների և ծայրահեղականների մոտ, կարծում եմ իր այդ իբր թե սայթաքումով նա համակրանք շահեց: Էրդողանը ՛՛թուրք՛՛ ա, բայց ՛՛էշ՛՛ չի հաստատ

  12. Բորիս says:

    Պրն Արամ “ադրբեջանցի” էթնոս չկա, հայ գրագետի տեքստում նման արտահայտությունը հակապատմագիտական է և, ինչքան էլ Քեզ դուր չգա` հայավնաս…

  13. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ուրախ եմ, որ մեր ընթարցողների մեջ կան հայրենասեր, ազգային ոգով տոգորված մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես է պետք համակարգչի մոտ նստած թունդ ուշունց տալ թուրքերի եւ գոյություն չունեցող ադրբեջանցիների հասցեին, ինչպես նաեւ վնասազերծել իմ հայավնաս գործունեությունը:

  14. Զավեն says:

    Համաձայն չեմ հեղինակի հետ, մենք ատում ենք թուրքերին` ամբողջ աշխարհը գիտի պատճառը և հասկանալով է մոտենում մեր ատելությանը:Իսկ երբ թուրքն է մեզ բացահայտ ատում,դա խոսում է ոչ միայն նրանց ռասիզմի մասին, այլ հայոց ցեղասպանության շարունակության և նրանց մտադրությունների մասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031