Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանցված սպասումներ չունենանք

Օգոստոս 08,2014 10:03

Ես միշտ մտածել եմ, որ մեր՝ հայերիս թերություններից մեկն է՝ ինչ-որ բանից չափազանցված սպասումներ ունենալը: Այդ շարքից են, անշուշտ, «թեժ աշունների» եւ «թեժ գարունների» սպասումները, որոնք այս 20 տարիների ընթացքում խոստանում են մեր ընդդիմադիրները: Բանականությունը հուշում է, որ եթե նույնիսկ երբեւէ զանգվածային ցույցեր կազմակերպվեն, դժվար թե դրանք «վերեւներում» ինչ-որ փոխատեղումների բերեն, բայց եթե անգամ այդ փոխատեղումները տեղի ունենան, դրանք ամենեւին «ռեժիմի կործանում» չեն նշանակի:

Նույնը՝ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ չափազանցված սպասումները: Չգիտես ինչու, ոմանց Հայաստանում թվում է, որ այսօրվա հանդիպման ընթացքում լուծվելու է խաղաղության կամ պատերազմի հարցը: Իրականում Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը սրելու ուղղությամբ իր փորձերը: Եվ դա տեղի է ունենալու այն պատճառով, որ միջազգային ոչ մի խաղացող շահագրգռված չէ իրավիճակի լիցքաթափմամբ (ճիշտ է, շահագրգռված չէ նաեւ լայնածավալ պատերազմի մեջ): Ռուսաստանի մասին բազմիցս խոսվել է. այդ երկիրը Հայաստանին ճնշելու բազմաթիվ լծակներ ունի, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղը, իսկ Ադրբեջանի վրա ճնշման լծակը բացառապես Ղարաբաղն է: Եթե խնդիրը խաղաղ կամ ռազմական ճանապարհով լուծվի, ապա Ռուսաստանն իր լծակները կկորցնի:

Իսկ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները շահագրգռվա՞ծ են, որ սահմաններում կրակոցներ չլինեն: Ինձ թվում է՝ ոչ: Չխորանանք պատճառների մեջ՝ դրանք տարբեր են: Բայց թվարկած երկրների եւ կառույցների «չշահագրգռվածության» ցուցիչը պարզ է. այդ ատյաններից ոչ մեկը չի ցանկանում արձանագրել, որ հրադադար խախտողը եւ սահմանային միջադեպեր հրահրողը Ադրբեջանն է: Հօգուտ դրա խոսում է հետեւյալ պարզ տրամաբանությունը. մենք ցանկանում ենք ներկա վիճակը սառեցնել, որովհետեւ այն մեզ ձեռնտու է, իսկ Ադրբեջանը՝ «տաքացնել», որովհետեւ նրանց համար «ստատուս քվոն» ձեռնտու չէ: Մեր ինչի՞ն է պետք այս լարվածությունը:

Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ճշգրտորեն որոշել, թե ով է հարձակվում, իսկ ով՝ պաշտպանվում, այստեղ ոչ մեկի համար ոչ մի մութ տեղ չկա: Եթե այդքանն իմանալով՝ վերոհիշյալ երկրներն ու կառույցները շարունակում են կոչ անել «բոլոր կողմերին» զսպվածություն ցուցաբերել, ապա դա նշանակում է, որ նրանք «քարթ-բլանշ» են տալիս այն կողմին, որն իսկապես «անզուսպ է»՝ շարունակելու իր ոտնձգությունները: Ադրբեջանն էլ օգտվում է այդ հնարավորությունից:

Այսքանից հետո չափազանցված սպասելիքներ ունենալ Սոչիում կայանալիք Պուտին-Սարգսյան եւ Պուտին-Ալիեւ հանդիպումից՝ խելամիտ չէ: Պուտինը հանդիպումից հետո կասի, որ կոչ է արել երկու նախագահներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ հրադադարը հարգելու եւ իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը կասի, որ Պուտինին ներկայացրել է ադրբեջանական սադրանքներից հետո ստեղծված վիճակը եւ կոչ է արել Ռուսաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանը վերադառնա բանակցությունների սեղանին: Իսկ Իլհամ Ալիեւը կասի, որ կոչ է արել սաստել հայկական ագրեսիան, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը ստիպված կլինի զենքի ուժով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Թող փորձեն: Բայց հետո չբողոքեն, ասենք, «30 տոկոս գրավյալ տարածքների» եւ «1,5 միլիոն փախստականների» վերաբերյալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Եվ հիմա եկեք մտածենք, թե ով է մեզ ավելի վնաս՝ մեր ոխերիմ հարևանին քարտ-բլանշ տվող և նրա ակնհայտ ագրեսիան համառորեն չնկատող ՛՛ժողովրդավարները՛՛, թե թեկուզ և ցուցադրաբար՝ այս տարածաշրջանում իր գերակա դերը վերահաստատել ձգտող ՛՛բռնատիրությունը՛՛, հաշվի առնելով նաև այն, որ այդ դերը վերահաստատելու ամենահամոզիչ ձևը խաղաղության պարտադրումն է կողմերին:
    Պետք է ասել նաև, որ ոչ մի նոր և արտասովոր բան այստեղ չկա: Այն, որ այստեղ հիմնական խաղացողը եղել է և մնալու է Ռուսաստանը, դա ապացուցման կարիք էլ չունի: Իսկ ՛՛ազատ և արդար՛՛ արևմուտքի երկերեսանիությունն ու երկակի ստանդարտները ևս նոր չեն, դա մենք նախկինում էլ ենք զգացել, հիմա էլ ամեն օր տեսնում ենք Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի, և այլ օրինակների վրա…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հրանտ, մոռացել էիր ավելացնել… Մոսվայի Հռուստատեսության 1 ալիքը վկա…

      • Գալուստ Ենոքյան says:

        Շատ կներես, ես էլ քո պես մոռացկոտ եմ…, պարոն Հակոբն էլ քեզ ղուրբան…

        • Հրանտ Պապիկյան says:

          Կարծում եմ Ձեզ իմ հետ համեմատերու կամ նմանեցնելու ձգտումը, լինի դա թեկուզ մոռացկոտություն կամ այլ բան, ընդամենը սեփական անձի գերագնահատման բարդույթի արտահայտում է Ձեզ մոտ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ռուսաստանը ոչ միայն աչք է փակում Ադրբեջանի ագրեսիայի վրա եւ բոլոր մնացածների նման պահպանում պարիտետը, այլեւ զենք է վաճառում մեր հակառակորդին:

      • Հրանտ Պապիկյան says:

        Միամտություն է մտածելը, թե եթե Ռուսաստանը զենք չվաճառի, ազեները անզեն են մնալու: Եթե Ադրբեջանը որոշել է զենք գնել, նա միևնույն է գնելու է: Յակ ինքնաթիռ չառնի, միրաժ կամ սթելս կառնի, փողին մուննաթ: Մեկը հարցնի բա մեր նոր զինատեսակները որտեղից են հայտնվել… և մի մասը գնված է, մի մեծ մաս էլ անհատույց է տրված:
        Չգիտես ինչու շատերը կարծում են, որ հայաստանի շահերը պետք է Ռուսաստանի համար իրենց շահերից գերակա լինեն: Նույն ռուսը վաղուց մեզ ՆՎԻՐԵԼ է այնպիսի հակաօդային համակարգ, որը հանգիստ խփում է բոլոր այդ չարչրքված կիսառազմական-կիսաուսումնական ՅԱԿ-130-նն էլ, Սու և ՄԻԳ տեսակներն էլ, բալիստիկ հռթիռներն էլ: Ադրբեջանը ի վերջո ազատ կարող էր ցանկացած ռուսական զինատեսակ գնել երրորդ երկրից: Արգելել դա նրան կարող են միայն միջազգային սանկցիաները, որպիսիք ինչպես գիտեք չկան
        Ես շատ լավ հասկանում եմ, պարոն Աբրահամյան, որ այս ամենը Դուք ինձնից լավ գիտեք, իսկ Ձեր գրածը ավելի շատ նախատեսված է ԼԱՅՆ և պրիմիտիվ լսարանի համար: Բայց այդ դեպքում թող այդ լսարանը իմանա, որ եթե այն տղերքը, ով իրականում կռվելու են սահմանին հարկ եղած դեպքում, և նրանք, ովքեր հիմա էլ են այնտեղ, ԱՅԴՔԱՆ ԷԼ չեն նեղվում նրանից, թե թուրքը որտեղից է զենք առնում, ուրեմը պետք չէ դրանից մատի փաթաթան սարքել:

  2. david says:

    Չէ, պարտադիր չէ, որ խաղաղ լինեն առավոտները,
    Բայց անհրաժեշտ է, որ արդար բացվեն առավոտները,
    Թե անկարող են ունենալ երկիր ու երկրի գլուխ,
    Առավոտն ինչպես չբերի արնոտ վամպիրի մռութ:

    Օ, գեղեցիկ է և ռումբ և ական,
    Ֆաշիզմի երախ նետված ամեն բան,
    Թող արյուն հոսի, թող մահը խոսի,
    Միայն ֆաշիզմը հավերժ անխոսի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031