Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Իտալիայում կմասնակցի «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին

Օգոստոս 15,2014 17:19

Ս. թ. օգոստոսի 25-30-ը Իտալիայում կկայանա «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնը, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա):

Ի թիվս հրավիրյալ խմբերի և մենակատարների հանդես կգան նաև համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ:

Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: Այդ փառատոների ընթացքում նվագախմբի հետ ելույթներ են ունեցել միջազգային հեղինակություն վայելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են` Ջյուն Անդերսենը (սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո), Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) և այլք:

1989 թվականից մինչ օրս նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում՝ ձեռք բերելով լայն ճանաչում ու համբավ:

Մասնակցությունը «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին հնարավորություն կընձեռվի լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակույթը և հայ կատարողական արվեստը միջազգային երաժշտասեր հանրությանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միայն Խաչատրյանը բավարար չէ: Այդ համերգների ծրագրում անհրաժեշտ է ընդգրկել նաև Միրզոյանի սիմֆոնիան, որպես ինքնատիպ սիմֆոնիա և Հարությունյանի շեփորի կոնցերտը, որպես աշխարհում ամենից շատ կատարվող կոնցերտ…Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031