Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գործազուրկների «բանակը» կանայք են գլխավորում

Դեկտեմբեր 12,2014 13:00 Share

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի
տնօրեն Ամալյա Ադամյանի դիտարկումները

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ 17 տոկոս է կազմում գործազրկությունը, ընդ որում, գործազուրկների շուրջ 75 տոկոսն էլ կանայք են, հիմնականում միջին տարիքն է գերակշռում: Կենտրոնի տնօրենը փաստեց, որ վերջին մի քանի տարիներին Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոն դիմող երիտասարդների թիվն էլ է աճել: «Երիտասարդների համար ավելի շատ ծրագրեր են իրականացվում՝ որպես անմրցունակ խումբ, օրենսդրությամբ էլ նրանք անմրցունակ խմբերի թվում են, եւ միանշանակ նրանց պետք է ընդգրկել աշխատաշուկա»,- նշեց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ոլորտներում են թափուր աշխատատեղեր պատահում: Նրա ձեւակերպմամբ, պատկերը Գյումրիում նույնն է, ինչ ողջ երկրում. թափուր աշխատատեղերը հիմնականում սպասարկման ոլորտներում են:

Կենտրոնի տնօրենից պարզեցինք, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի մեկը արդեն 650 մարդ է տեղավորվել աշխատանքի: «Դա կատարվում է տարբեր ծրագրերի միջոցով, օրինակ, աշխատանքային տոնավաճառը լավագույն գործիքն է, որ մեր ծրագրերում օգտագործվում է: Արդեն 8-րդ տարին է, որ աշխատանքի տոնավաճառ ենք կազմակերպում, ինչն իր նշանակությամբ չափազանց կարեւոր է, որովհետեւ դաշտում հանդիպում են եւ աշխատանք փնտրողները, եւ աշխատանք առաջարկող բազմաթիվ գործատուներ, եւ ավելի արդյունավետ է ծախսվում ժամանակը, միաժամանակ մարդիկ կարողանում են աշխատանք գտնել»,- հավելեց Ամալյա Ադամյանը: Նա տեղեկացրեց, որ աշխատանքի տոնավաճառներին հրավիրում են նաեւ բարձր դասարանցիներին, որպեսզի վերջիններս կարողանան ճիշտ կողմնորոշվել մասնագիտությունների ընտրության հարցում:
Հետաքրքրվեցինք՝ այս տարի աշխատանքի տեղավորված 650-ի մեջ հաշմանդամություն ունեցող անձինք կա՞ն: Ամալյա Ադամյանի խոսքով, նրանցից 42-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, որոնք, ըստ մեր զրուցակցի, դիտարկվում են որպես անմրցունակ խումբ:

Հարցրինք՝ Գյումրու գործազուրկ կանանց թիվն արդյոք այն պատաճռո՞վ է մեծ, որ տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում: Մեր զրուցակցի ասելով. «Մեր ազգային մենտալիտետից ելնելով՝ շատ տղամարդիկ չեն այցելում ծառայություններ, չնայած թվերն իրոք մի քիչ հարաբերական են: Բայց որ հիմնականում կանայք են դիմում, մենք էլ փորձում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցել այդ խնդիրը լուծելիս»:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Ադամյանը կարեւորեց նաեւ մեծահասակների կրթությունը եւ նրանց նոր որակներով ու հմտություններով օժտելը: «Այսօրվա աշխատաշուկան պահանջում է, որ մարդը շարունակ կատարելագործվի, պետք է բոլորս անընդհատ կրթության մեջ լինենք: Գործատուների պահանջներն արագ փոխվում են, նոր տեխնոլոգիաներ են ներմուծվում: Մեր կենտրոնում կա գործատուների խորհուրդ, որի մեջ մի քանի ոլորտներից գործատուներ ենք ընտրել, այդ թվում՝ կրթության ոլորտից»,- նշեց նա: Մեր հաջորդ հարցին՝ ունեն մի քանի մասնագիտացված քոլեջ, կրթության ոլորտից գործատուների խորհրդում ներգրաված մարդիկ, դա օգնո՞ւմ է, որ շրջանավարտները կարողանան աշխատանք գտնել, Ամալյա Ադամյանը պատասխանեց. «Մի քիչ հարաբերական է՝ ասել, թե հեշտ են գտնում աշխատանք»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031