Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի վրա կախված վտանգը՝ որպես միավորող ուժ

Փետրվար 04,2015 12:30

Ադրբեջանական մամուլի հրապարակումներից եւ պաշտոնական անձանց ելույթներից հետեւում է, որ նրանք ուշի ուշով հետեւում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Հատկապես Իլհամ Ալիեւին ոգեւորում է ՀՀ-ում արտագաղթի տեմպերի ավելացումը, որը նա կապում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման, սահմանային շփման գծում լարվածության, դիվերսիոն գործողությունների հետ: Բաքվի իշխանությունները 1992-94թթ. պատերազմի ժամանակ Արցախի ինքնապաշտպանության բանակի դեմ բերեցին աֆղանական պատերազմում թրծված վարձկան մոջահեդների, որոնք եկան, տեսան ու ասացին, որ նման մարտեր չէին պատկերացնում: Չեչեն վարձկանները եւս մի քանի մարտից հետո հեռացան: Ադրբեջանական բանակն արդեն կիրառում է ականանետներ: Տեղի են ունենում թեժ, կարճատեւ մարտեր: Ըստ չճշտված տվյալների, դիվերսիոն գործողություններին արդեն մասնակցում են թուրքական հատուկ դիվերսիոն ջոկատներ:

Երկրում լարվածության մթնոլորտն ավելի շիկացավ` կապված Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետ: Մամուլը, հատկապես սոցցանցերն ավելի էին շիկացնում մթնոլորտը: Հատկապես ռուսական մամուլում, որն առաջին օրերին լուռ էր ու անմասնակից, հրապարակումներում ռուս զինվորի կողմից իրականացված ոճիրը կապում են օտար հետախուզությունների գործունեության հետ, որը նպատակ ուներ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

Ստեղծված իրավիճակը պետք է լուրջ ազդանշան հանդիսանա աշխարհի ողջ հայության համար: Այն պետք է մի կողմ թողնի ներքին ու անիմաստ երկպառակությունները, քաղաքական խմբերն ավելի հանդուրժողական դառնան միմյանց նկատմամբ, կոնսոլիդացվեն, միավորվեն հայապահպան գաղափարախոսության շուրջը: Եթե տեղի չունենա ուժերի նպատակային միավորումը, վաղը կարող է արդեն ուշ լինել: Ամեն հայ պետք է գիտակցի, որ գերնպատակը հայոց պետականության պահպանումն է, նրա հզորացումը, թուրքական վտանգի կանխարգելումը:

Նախ` Սփյուռքում լուրջ տարանջատում կա «Հին Սփյուռքի» եւ Հայաստանից վերջին երկու տասնամյակների ընթացքում գաղթած «Նոր Սփյուռքի» միջեւ: Այս հանգամանքը ջլատում է հայկական Սփյուռքի ուժերը, նրա հնարավորությունները: Այո, ՀՀ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը` ամենաթող կոռուպցիան, պետական այրերի անպատասխանատվությունն ու ամենաթողությունը, երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը իրենց հերթին խորացնում են ճգնաժամը: Սակայն դա, ինչ խոսք, ամենեւին չի արդարացնում երկրից առհավետ հեռացողներին: Բայց իրականության հետ պետք է հաշտվել: Չէ՞ որ հսկայական ներուժ է կուտակվել Սփյուռքում: Այն հայախոս է ու կրում է հայկական մշակույթն ու հոգեկերտվածքը, մտածելակերպը: Ուրեմն, եկեք առաջին հայացքից չարիք հանդիսացող երեւույթը բարիք դարձնենք:

Ահա օրինակ, «Նոր Սփյուռքի» մտավորականները, մտահոգ լինելով Արեւմտյան Հայաստանի ճակատագրով, որպես գաղափարախոսություն ընդունելով ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսնի 1920թ. անժամանցելի իրավարար վճիռը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գծած սահմանը, հիմնել են Արեւմտյան Հայաստանի Պետության Վտարանդի Կառավարություն (ԱՀՊՎԿ)` իր բոլոր կառույցներով: Կառավարության անդամները ջանքեր են թափում այս շարժման մեջ ընդգրկել բուն սփյուռքահայությանը, որոնք հենց Արեւմտյան Հայաստանի, 1915թ. եղեռնի զոհերի կամ փրկվածների անմիջական ժառանգներն են: Սակայն տեղի «հին հայերը» ոչ միայն մերժում են այս առաջարկությունները, այլեւ արհամարհում են նրանց: Հարց է առաջանում. ինչու հենց այս թարմ ուժի միջոցով չամրապնդենք օր օրի քանդվող, տարալուծվող Սփյուռքը: Չէ՞ որ միասին ավելի ուժեղ կլինի հայության այս հատվածը: ԱՀՊՎԿ-ն ծրագրել է ստեղծել Ազգային ժողով, որի մեջ հիմնականում պետք է ընդգրկվեն եղեռնի զոհերի ժառանգները, այն ուժը, որը պետք է տեր կանգնի նախնիների հայրենիքին: Ասել, թե դա անհավանական է, սխալ է: Ոչինչ չձեռնարկելով, իհարկե, անհավանական ծրագիր է դառնում: Սակայն պատմությունն անիվի տեսք ունի, որը պտտվում է, ու պարբերաբար գալիս է այն հարմար պահը, երբ պետք է ազգովի ու միասնաբար պատրաստ լինես վերցնել այն, տեր կանգնել քո հայրենիքին: Ի վերջո, Սփյուռքի միացյալ հայությունը կարող է ստեղծել մի հզոր հիմնադրամ, որի միջոցով էլ քայլ առ քայլ իրականացնել իր ծրագրերը:

Այժմ գանք ՀՀ ներքին իրավիճակին: Անվիճելի է ՀՀ եւ Սփյուռքի միջեւ խորացող վիհն ու անվստահության մթնոլորտի գոյությունը: Այն ձեռնտու է մեր երկրի ու ազգի թշնամիներին: Այստեղ միայն մի կողմին մեղադրելը սխալ է: Երկրի քաղաքական վերնախավը կոռումպացված լինելով, անկարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից: Կարեւոր պոստերում հայտնվում են մարդիկ, որոնք ոչ միայն անկարող են խնդիրներ լուծել, այլեւ իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են իրենց կլանային շահերի, սեփական բիզնեսին ազատ գործունեության ճանապարհ հարթելու համար: Գործարարները սողոսկում են իշխանական օղակները, դառնում են պատգամավոր, երկիրը, պետությունը ծառայեցնում իրենց շահերին: Երկրում կտրուկ բարեփոխումների ձգձգումը ավելի կխորացնի ճգնաժամը:
Մեր իշխանություններն այնքան սկզբունքային չգտնվեցին ու արգելափակեցին ազատագրված հայոց տարածքների բնակեցումն ու զարգացումը: Ազատագրված Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններում պետք է ապրեր ոչ թե 10, այլեւ ոչ պակաս, քան 200 հազար մարդ: Սահմանային բնակավայրերը տարիներ ի վեր աչքաթող էին արված: Մի քանի տարի է՝ այդ մասին բոլոր միջոցներով ինքս եմ թմբկահարում: Երբ այդ բնակավայրերի մեծ մասը դատարկվել են, նոր միայն որոշում է կայացվում որոշակի արտոնություններ տալ այդ բնակավայրերին: Արժե նաեւ նշել, որ Գյումրի քաղաքում բնակչության ընդվզումը կապված էր ոչ միայն տեղի ունեցած ոճրագործության, այլեւ ընդհանուր կեցության, անուշադրության մատնված լինելու հանգամանքի հետ:
Տնտեսական անկման պայմաններում այսուայնտեղ խոշոր չափերի եկեղեցիներ են կառուցվում: Իսկ այդ գումարներով կարելի էր ժամանակակից տեխնոլոգիաներ բերել, աշխատատեղեր ստեղծել, որակյալ ու մրցունակ արտադրանքը եվրոպական երկրներ արտահանել: Եթե այդ մարդիկ կարիք ունենան իրենց խոսքն ու աղոթքը հասցնելու Բարձրյալին, ապա իրենց եկամուտներից միջոցներ կհավաքեն, փոքրիկ մատուռներ կկառուցեն, որտեղ առանց միջնորդի կդիմեն Բարձրյալին: Տասնյակ միջնադարյան եկեղեցիներ վերականգնման կարիք ունեն: Օգտվելով առիթից՝ նաեւ իմ անհամաձայնությունը հաղորդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի Աթոռը` Հայ առաքելական եկեղեցու մայրաքաղաք Սուրբ Էջմիածնից Երեւան տեղափոխելու առիթով: Ես ու շատ մտավորականներ համաձայն չենք նաեւ Արցախի թեմի առաջնորդարանը լեգենդ դարձած Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու առիթով:

Երկրի նախագահները սովորաբար իրենց շուրջն են հավաքում ոչ թե կարող ուժերի, այլեւ իրենց անձին հավատարմորեն նվիրված մարդկանց, որն էլ իր մեջ կոռուպցիայի տարր է պարունակում: Ի վերջո, մի քանի տարի հետո պարզ է դառնում, որ այդ «հավատարիմ» անձը իր անկարողությամբ ոչ միայն համապետական գործն է տապալել, այլեւ զգալի վնասել է իր շեֆի վարկին: Իսկ երկրի նախագահները, որոնց կադրային սխալների պատճառով երկիրն ավելի ու ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի ճահճի մեջ, պետք է կադրեր ընտրելիս ոչ թե իրենց անձի, կլանի վայրկենական շահերից ելնեն, այլեւ երկրի կայունության, ուժ հավաքելու շահերից:

Ուրեմն, այս վտանգի պահին եկեք միավորենք բոլոր ուժերը, այլ ոչ թե մերժենք իրար, յուրաքանչյուրս մեզ կամ մեր խումբը համարելով միակ ճշմարիտը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
արձակագիր,
հրապարակախոս

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728