Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսուն լրահոս. «Ազգ»

Մարտ 06,2015 12:41

Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու կարեւոր առավելություն ունի: Նախՙ նա այդքան հարուստ չէ, որքան Հայաստանի ամենաբարգավաճ մարդը, ինչը միշտ առավելություն է, համենայն դեպս` գլխացավանքի բացակայություն, ապա եւ Տեր-Պետրոսյանը կարող է խոսել, անգամ երբ ըստ էության ասելիք չունի: Գաղտնիքն այն է, որ միշտ լինում են մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի կա՛մ կողքին չեն, կա՛մ էլ այլեւս կողքին չեն, իսկ մարդկանց այս` համապատասխանաբար` «սրիկա» եւ «գերսրիկա» խմբերը մշտապես թեմա են եղել առաջին նախագահի համար` արտահայտվելու: Բացի սրանից, հումորը կա ու կա, իսկ Տեր-Պետրոսյանն, ինչպես գիտենք, հումորի մեծ զգացողություն ունի. կարծիք կա, որ նա յոթ տարի երկիրը ղեկավարել է հենց հումորով: Ի դեպ, բոլորովին վերջերս, մի սովորական օր, երբ ընդդիմությունը ՀԱԿ-ի գրասենյակում փորձում էր դուրս բերել երկիրը ռեժիմի անկուշտ երախից, ձեռքի հետ էլ` վերացնել ընդդիմության թոփալությունը, Լեւոն Զուրաբյանի օգնականն իր շեֆին հայտնում է` «Նախագահը Ձեզ կանչում է»: Դե, քանի որ Լեւոն Զուրաբյանի համար նախագահը միայն մեկ մարդ է, նա անմիջապես փակում է սեղանին դրված` «Ինչպե՞ս դառնալ հաջողակ. 20 խորհուրդ» գիրքը եւ արագորեն գնում Տեր-Պետրոսյանի առանձնասենյակ: Վերջինս, վառելով հերթական սիգարետը եւ ավելի հարմարավետ թիկնելով բազկաթոռին, ասում է. «Լեւոն, իմ եւ բրիտանացի գիտնականների համատեղ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ` առաջինՙ բրիտանացի գիտնականներ իրականում չկան, եւ ես միակն եմ, երկրորդՙ ես ու դու Հայաստանում մնացած միակ ընդդիմություն ենք»: Լսելով հիմնադիրից այս խոսքերը` Զուրաբյանը ժպտում է եւ փորձում օրիգինալ մի պատասխան տալ: Տեր-Պետրոսյանը, սակայն, շարունակում է.«Հետեւաբար, այս թյուրիմացությունը վերացնելու համար, ես որոշել եմ, որ դու այսուհետ պետք է ինձ դեմ հանդես գաս, ինչի արդյունքում ես քեզ հրապարակայնորեն կանվանեմ ռեժիմի կամակատար եւ կեղծ ընդդիմություն, այդպիսով կդառնամ Հայաստանում միակ ընդդիմությունը»:

Մեզ հայտնի չէ, թե ինչպես է այս որոշմանն արձագանքում Զուրաբյանը, քանի որ հենց այստեղ իրականության հետ ոչ մի կապ չունեցող անեկդոտն ավարտվում է:

Իսկ իրականությունն այն է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ասելիք չունի, հետեւաբար նա իր վերջին ելույթի վերջին ամբողջ պարբերությամբ (իսկ դրանք առաջին նախագահի մոտ բավականին ընդարձակ են լինում), անդրադարձել է «կեղծ ընդդիմությանը», այդ թվում նրանց, ովքեր ժամանակին իր կողքին էին: Եթե մի կողմ դնենք անձնական հարաբերությունները, այդ մարդիկ, սակայն, ամենեւին էլ հանցանք չեն կատարել, կամ քաղաքական դավաճանություն: Այն ըստ էության գոյություն էլ չունի, այն պարզ պատճառով, որ քաղաքականությունը ոչ մի ժամանակահատվածում եւ ոչ մի երկրում երբեք հիմնված չի եղել մաքուր ընկերության վրա, այլ` շահերի: Որպեսզի քաղաքականության մեջ մենակ չլինես, դու պետք է շահեկան լինես մյուսների համար, այսինքն քո կողքին կանգնելը պետք է շահեկան լինի մյուսներին: Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելով, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կորցրեց «Բջնին», իսկ Գագիկ Ծառուկյանը` ավելի շատ բան: Այս համատեքստում արդյո՞ք մեղավո՞ր են այն քաղաքական գործիչները, ովքեր կամ ի սկզբանե, կամ էլ այլեւս չեն ուզում կանգնել հիմնադիր նախագահի կողքին, համենայն դեպս` զուտ քաղաքականության առումով նրա՞նք են մեղավոր, թե՞ Տեր-Պետրոսյանը: Եվ ամենակարեւորը, առաջին նախագահի շրջապատից դուրս գալն արդյոք նշանակո՞ւմ է դուրս եկածի համար, որ նա այլեւս իշխանությանն է ծառայում: Սա, ինչպես ասում են` որպես խորհելու նյութ:

 Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031