Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազություն. ՔԿՀ-ներում բավարար աշխատանքներ չեն կատարվում թմրամիջոցների շրջանառության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ

Ապրիլ 13,2015 17:11

Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2014 թվականի հաշվետվությունն է տարածել: Հաշվետվությունում դատախազությունը անդրադառնում է նաեւ պատիժների եւ հարկադրանքների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտին:

Ըստ դատախազության՝ 2014 թվականի ընթացքում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 90 հանցագործություն, գրանցվել է թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 55 դեպք: Կատարվել է նաեւ ինքնասպանության 1 դեպք, ինքնասպանության փորձի՝ 13 դեպք, ծեծի՝ 9, խարդախության՝ 1, ՔԿՀ-ից փախուստի՝ 1, ՔԿՀ-ից փախուստ կատարելու փորձի 1 դեպք: Դատախազությունը արձանագրել է նաեւ կաշառք ստանալու եւ խուլիգանության 1-ական դեպքեր: Ազատազրկման վայրերում անչափահասների կատարած հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել:

«2014թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում ձեւավորված հանցավորության արդյունքների վերլուծությունն ու նախորդ տարվա արդյունքների հետ դրանց համադրումը վկայում են, որ որոշ ՔԿՀ-ներում չեն կատարվում բավարար աշխատանքներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, դեռեւս ցածր է ու անբավարար արձանագրված դեպքերի բացահայտման վիճակն ու այդ բնագավառում նախաքննական եւ օպերատիվ-հետախուզական մարմինների համագործակցության արդյունավետությունը, ինչի հետեւանքով արձանագրված այդ բնույթի որոշ դեպքեր մնում են չբացահայտված: Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հաշվետու ժամանակաշրջանում, արձանագրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առավելապես՝ դրանց իրացման բազմաթիվ դեպքեր մնում են չբացահայտված եւ դրանցով ակտիվ քննություն չի կատարվում ու օպերատիվ-հետախուզական միջոցներ չեն ձեռնարկվում՝ հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- գրված է հաշվետվությունում:

Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես քրեակատարողական հիմնարկներում կատարվող հետաքննությունը առնչվում է մի շարք հիմնախնդիրների, այն առանձին դեպքերում նաեւ իրականացվում է թերություններով ու բացթողումներով: Այդ հետաքննությունները սովորաբար սահմանափակվում են քրեակատարողական հիմնարկի տարածքում եւ դեպքին առնչվող դատապարտյալների ու ՔԿՀ-ի աշխատակիցների մասնակցությամբ գործողություններ կատարելով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է որպես դատախազական հսկողության օբյեկտ դիտարկել պատժի կրման եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման ամբողջ գործընթացը: Ըստ դատախազության՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա դատախազությանը արդյունավետ իրականացնելու պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930