Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը

Ապրիլ 13,2015 17:32

Ապրիլի 11-ին Ֆինլանդիայի Տամպերե սրահում` սկանդինավյան երկրներում ամենամեծ համերգային դահլիճի նախասրահում, կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկների և կանանց կյանք փրկած միսիոներներին և սկանդինավյան երկրների առաջադեմ հանրության հայանպաստ գործունեությանը։

«Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերտառությամբ ցուցահանդեսը կազմակերպվել է «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ամեն մի երկրի հետ աշխատելիս անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության թեման տեղավորել տեղական հիշողության համատեքստ, որը մատչելի կդարձնի խնդիրը տեղի հասարակության համար, ինչն ավելի մեծ արդյունք կապահովի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

«Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ցուցադրությունում տեղ են գտել հայ-սկանդինավյան պատմական առնչություններին, Օսմանյան կայսրությունում սկանդինավյան միսիոներական կազմակերպություններին վերաբերող նյութեր։ Ներկայացված են նյութեր համիդյան, Ադանայի կոտորածների ու սկանդինավյան արձագանքի մասին։ Զետեղված են նաև ցուցադրություններ՝ հետևյալ խորագրերով՝ «Հայասրիական շարժումը սկանդինավյան երկրներում», «Սկանդինավյան ականատեսներ. դիվանագիտական վկայություններ», «Փրկություն. ապաստան. վերածնունդ», «Դանիացի հրեշտակ. Մարիա Յակոբսեն», «Դանիացի հրեշտակ. Կարեն Եփփե», «Դանիայի հումանիտար առաքելությունը», «Ֆրիտյոֆ Նանսենն ու Հայաստանը» և այլն։

Սկանդինավցիների ներգրվածությունը Հայոց ցեղասպանության ժամանակ մազապուրծ հայերի աջակցության առումով այնքան մեծ է եղել, որ նրանց ավանդն արժանի է հատուկ հիշատակման ու ներկայացման: Այն կարող է ոչ միայն դաստիարակչական լիցք ունենալ հայ և օտար երիտասարդների համար, այլ նաև հզոր քարոզչական զենք լինել՝ ներկայացնելու համար Հայոց ցեղասպանությունը որպես համաեվրոպական հիշողության մաս: Ցուցադրությունը նպատակ ունի սերունդներին հիշեցնել այնպիսի իրական հերոսների անուններ, ինչպիսիք են Մարիա Յակոբսենը, Բոդիլ Բյորնը, Ալմա Յոհանսոնը, Քարեն Մարի Փետերսը, Հանսին Մարքերը, Թորա ֆոն Վեդել-Յարլսբերգը, Կարեն Եփփեն, մարդիկ, ովքեր հազարավոր հայերի կյանքեր են փրկել։

Ծրագրի շրջանակներում ձևավորված 23 ցուցատախտակ երկու լեզվով (հայերեն և անգլերեն) արտացոլում են Հայոց ցեղասպանության նկատմամբ Սկանդինավյան երկրների արձագանքը։ Առաջիկայում այս նյութերին հաղորդակից կլինեն սկանդինավյան այլ երկրներ։ Ցուցադրությունը ներկայացվել է նաև Դանիայում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930