Լրահոս
Օրվա լրահոսը

Զոռբաների ժամանակը

Ապրիլ 20,2015 12:00

«Գողական տղա» բնորոշումը սովետական ժամանակներից եկած բնորոշում է: Իմ կարծիքով: Եթե ասում եմ՝ իմ կարծիքով, ուրեմն՝ հարյուր տոկոսով համոզված չեմ: Համոզված չեմ, որովհետեւ գողական կյանքին ու բարքերին քաջածանոթ չեմ: Բայց, քաջածանոթ չլինելով, ենթադրում եմ, որ «գողական» բնորոշումը ոչ միայն սովետական, այլեւ սովետական շրջանի ռուս իրականության ծնունդ է: Ասում էին ու հիմա էլ են ասում՝ воровской парень:

Սովետական ժամանակներն ավարտվեցին, բայց воровской парень-ները կան ու եղանակ են ստեղծում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում եւ անկախացած մյուս խորհրդային տարածքներում: Բացառությամբ, երեւի, Մերձբալթյան հանրապետությունների: Դարձյալ իմ կարծիքով:

Այս իմ կարծիքով-ները կարելի էր նաեւ չշեշտել, որովհետեւ առանց այդ էլ հասկանալի է, որ եթե մեկը մի բան է ասում կամ գրում, բնականաբար՝ իր կարծիքով է ասում կամ գրում: Ուղղակի այս տարրական հանգամանքը նշում եմ, որովհետեւ բանավեճերի շատ սիրահարներ շատ դեպքերում այս էական հանգամանքը հաշվի չեն առնում: Իմ համեստ կարծիքով՝ ցանկացած երեւույթի մասին մի կարծիքը լավ է, մի քանի կարծիքը՝ շատ ավելի լավ: Ընթերցողը կամ ունկնդիրը, փաստորեն, ընտրության հնարավորություն է ստանում:
Բայց վերադառնանք գողական թեմային:

Գողականներն ու օրենքով գողերն, իհարկե, իրարից էապես տարբեր են, չնայած երկուսն էլ սերտ առնչություն ունեն քրեական աշխարհի հետ: Գողականները մեզանում ու մեր ժամանակներում ավելի շուտ թաղային հեղինակություններն են, որոնք տեսականորեն կարող են նաեւ քրեական աշխարհի ու քրեական երեւույթների հետ առնչություն չունենալ: Բայց՝ միայն տեսականորեն: Իրականությունն ու իրական կյանքը ճիշտ հակառակն են ապացուցում: Իրականությունն ու իրական կյանքը ցույց են տալիս, որ մեր օրերում առանց օրինախախտումների ու առանց զանցանքների հնարավոր չէ թաղային հեղինակություն դառնալ:

Թաղային հեղինակությունները հատկապես Հայաստանում են հեղինակություն, որովհետեւ անկախության ու կապիտալիզմի շրջանում Հայաստանում հատկապես նրանք կապիտալիստներ ու մեծահարուստներ դարձան: Ինձնից ավելի հայրենասերներից ու անկախականներից ներողություն եմ խնդրում՝ անկախությունն ու կապիտալիզմը կողք կողքի գրելու համար: Նրանք, իհարկե, կասեն, որ մերը ոչ թե կապիտալիզմ է, այլ կապիտալիզմի տնազ:

Բայց մերն անկախություն էլ չի, չէ՞: Ոչ թե անկախություն է, այլ անկախության տնազ:
Իսկ միգուցե իրական անկախությունը հենց սա՞ է: Ինչպես նաեւ՝ իրական կապիտալիզմը:
Ամերիկայում ու այլ նորմալ կապիտալիստական երկրներում էլ առաջին կապիտալիստների մեջ քիչ չէին գանգստերներն ու զոռբաները: Բայց իրենց մասին շատ քիչ բան գիտենք: Մինչդեռ մեր մասին կարող ենք ասել, որ մեզանում հիմնականում թաղային հեղինակությունները կապիտալիստներ դարձան: Մինչ ՀՀՇ-ականներն ու ՀՀՇ-ական իշխանությունները կապիտալիզմի ու ազատ շուկայական հարաբերությունների տեսությունն էին մշակում ու պրոպագանդում, թաղային հեղինակություններն իրենց թաղերում կապիտալիստ էին դառնում՝ առանց Բագրատյանի ու այլոց տեսական գիտելիքներին իրազեկ լինելու: Մինչ ուրիշները Ղարաբաղում կռվում ու զոհվում էին, մարդիկ այստեղ կապիտալիստներ էին դառնում:

Բայց, թաղային հեղինակություններից բացի, այլ կապիտալիստներ էլ ունեցանք եւ ունենք: Բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց ազգականներն ու մերձավորները: Սրանք էլ իրենց տեսակի մեջ են զոռբա: Ոչ բոլորն՝ իհարկե: Նրանք, ովքեր իրենց պաշտոնի հարգը չհասկացան եւ իրենց պաշտոնները փողի չվերածեցին, մնացին «բորդյուրին»:
Նույնը վերաբերում է Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին: Մի տարբերությամբ, որ պատերազմից օգտվածներն ու պատերազմի շնորհիվ կապիտալիստ ու օլիգարխ դարձածներն ակնհայտ փոքրամասնություն են: Պատերազմի մասնակիցներից շատերը զոհվեցին, շատերը հաշմանդամ դարձան, ավելի շատերը ծայրահեղ աղքատության եզրին են:

Մի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ մեր կապիտալիստների մեջ գրեթե չկան էնպիսիք, որոնք ազնիվ ու օրինական ճանապարհով հարստացած ու կապիտալիստ դարձած լինեն:
Սովորաբար մենք խուսափում ենք կապիտալիզմ ու կապիտալիստ բառերից: Զարմանալի է, բայց՝ փաստ: Համարում ենք, որ մեր իրականությունը կապիտալիզմի հետ որեւէ կապ չունի եւ մեր մեծահարուստները՝ կապիտալիստների:

Ավելի շատ խոսում ենք անկախությունից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից՝ մոռանալով, որ մեր իրականությունն էդ երեւույթների հետ էլ որեւէ առնչություն չունի:
Մերը կապիտալիզմ է, թե կապիտալիզմ չի՝ փաստ է, որ արդեն սոցիալիզմ չի. սոցիալիզմը վերացել է, եւ տեղը մնացել է այն, ինչ կա:

Մոսկվայից մեր անկախությունը չի ավելացել, բայց դժգոհներն ու բողոքավորները Մոսկվա բողոքելու իրավունք ու հնարավորություն այլեւս չունեն:

Մի խոսքով՝ զոռբաների ժամանակն է: Եվ եթե հարցեր ունենք, պիտի մեր հարցերով հենց նրանց դիմենք: Ուզենք, թե չուզենք:

Չգիտեմ ով է ասել, բայց շատ լավ է ասել՝ եղունգ ունես, գլուխդ քորի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մենք մենակ չենք ու մենակ մեզ մոտ չի էդ պատկերը: Քանի դժգոհությունը քթի տակ է մենակ լսվում, զոռբայությունը դառնում է փողավոր և իշխանավոր: Ու լկտիանում է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930