Արդյո՞ք «եվրոպամետության» ու «ժողովրդավարության» պայմաններում կարող են լինել մատնագրեր եւ «գաղափարական թշնամիներ»
Համացանցում տեսնում եմ, որ ընկերներս քննադատում են մատնագրեր գրողներին: Իսկապես, Փաշինյանի իշխանության օրոք մատնագիր (донос) գրելու խորհրդային «հին ու բարի» սովորությունը բուռն ծաղկում է ապրել՝ այդ թվում հիմնարկներում եւ ուսումնական հաստատություններում: Մատնագրերի թեմաները հայտնի են՝ այս մեկը գործակալ է, այս մեկը «նախկին» է, այն մեկը «լայք» է դրել հականիկոլական ինչ-որ գրառման տակ:
Մատնագրերն ունենում են «իրավական» (քրեական գործ), ինչպես նաեւ վարչական հետեւանքներ (աշխատանքից հեռացում): Եվ խնդիրը հենց դա՛ է, ոչ թե մատնագրեր գրողների անձը: Եթե դա վերեւից չխրախուսվեր, շատ քչերը ցանկություն կունենային հենց այնպես թուղթ մրոտելու՝ միայն բնածին «գործ տվողները»: Հետեւաբար, այդ մարդկանց պետք է հանգիստ թողնել:
Սկզբունքորեն, բովանդակային առումով, մատնագրեր գրողները պետք էլ չեն: Ենթադրենք, Փաշինյանը հանձնարարում է մեկին բռնել՝ որպես «ռսի շպիոն»: ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն ու մնացածն այդ հրահանգը կկատարեն առանց որեւէ մատնագրի: Արդ՝ ինչի՞ն է, այնուամենայնիվ, ծառայում այդ պրակտիկան: Պարզ է՝ ցույց տալու համար, որ «այդ մենք չէ, այդ ժողովուրդն է այդպես ուզում»: Ցանկացած բռնապետությանը պետք է այդ քարոզչական «վարագույրը», որի վրա գրված է «ժողովուրդ»:
Կարդացեք նաև
Առաջ՝ Սովետի ժամանակ, մատնագրերի տեքստը սովորաբար «հաստատվում էր», ասենք, բանվորական կոլեկտիվի կուսակցական ժողովներում: «Աշխատավորները» կարդում էին պարտկոմի տված տեքստերը, որոնցում նրանք, «ինչպես եւ ամբողջ սովետական ժողովուրդը, խստորեն դատապարտում էին» եւ պահանջում էին պատժել «ժողովրդի թշնամիներին» եւ «իմպերիալիզմի գործակալներին»: КГБ-ն արդեն գործը կարել էր, որոշումն ընդունված էր, բայց ձեւի համար պետք էր նաեւ «աշխատավորների պահանջը»:
Հիմա «աշխատավորների» դերը խաղում է, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակությունը», որը պահանջում է պատժել «ռուսական լրտեսներին»: Հռետորաբանությունը նույնն է, մեթոդները նույնն են, չեկիստական ոճը նույնն է, միայն «լրտեսների» ու «գործակալների» «հասցեն» է փոխվել: Առաջին հայացքից դա, իհարկե, բավականին հեգնական է թվում. Պուտինի դեմ պայքարողներն ապրում են Պուտինի «մայր հիմնարկի» արժեքներով:
Բայց դա միայն առաջին հայացքից է պարադոքս թվում: Իրականում աշխարհաքաղաքական «եվրոպամետությունն» ու արժեքային ստալինիզմն այսօր այնքան էլ անհամատեղելի չեն: Որովհետեւ հատկապես վերջին երկու տասնամյակներում վերացել է ժողովրդավարության, մարդու իրավունքների, «եվրոպական մտածողության» մարդկային, հումանիստական բաղադրիչը, իսկ առանց այդ բաղադրիչի՝ չգիտեմ, էլ ի՞նչ բովանդակություն են ներդնում այդ ամենի մեջ եվրոպական լիդերները, չինովնիկները եւ նրանց հայաստանյան ներկայացուցիչները:
…Վերջերս պաշտոնական տեքստ կարդացի, որի իմաստն այն էր, թե Անդրանիկ Թեւանյանն իրականում ոչ այնքան լրտես է, հանցագործ, այլ, ավելի շուտ, գաղափարական թշնամի: Դե, այդ դեպքում գաղափարական թշնամիների համար ՔՕ-ում համապատասխան հոդվածներ ներմուծեք՝ «հակա-ՔՊ-ական ագիտացիա եւ պրոպագանդա» եւ «փաշինյանական պետական և հասարակական կարգը վարկաբեկող ակնհայտ սուտ հերյուրանքների տարածում»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.06.2026
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով


















































