Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պատահեց, երբ Շարլոտի հայերն իմացան մի հայ աղջկա մասին, որն ապրում էր հեռվում ու մենակ

Ապրիլ 20,2015 14:00

Հիմա ձեզ մի այնպիսի հուզիչ բան եմ պատմելու, որ իմանաք, թե դուք ինչ ազգի զավակներ եք, ու իմանաք, թե ինչ հրաշալի որակներ կան մեր ազգում: Մենք շատ ենք հրեաներին օրինակ բերում, թե ինչ համախմբված ազգ են ու ինչպես են իրար պահում: Բայց հեռու գնալ պետք չէ, մեր ազգի մեջ նույնպես կան հրաշալի որակներ, որոնցից մեկի մասին ձեզ ուզում եմ պատմել: Դեպքը պատահեց մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքի Սբ. Սարգիս Հայ առաքելական եկեղեցում:

Անցյալ կիրակի առավոտյան ժամերգության ժամանակ, երբ մտա եկեղեցի, տեսա մի երիտասարդ աղջկա՝ իր զավակի հետ: Մեր ժողովուրդն ընդհանրապես ուշանում է պատարագից, ու երբ տեսնում ես մի անձի, որ ճիշտ ժամանակին է եկել (հատկապես Սփյուռքում), ապա մտածում ես՝ կամ իսկապես սիրում է Աստծուն, կամ էլ հեռվից է եկել: Մեկ-մեկ լինում է, որ մարդիկ հեռվից են գալիս հայությունից իրենց կարոտն առնելու համար ու հույս ունեն շփվել հայերի հետ մեր ազգային ջերմությամբ: Ու երբ որ համայնքի անդամները նոր մարդկանց ուշադրություն չեն դարձնում ու չեն ողջունում, ապա այս մարդիկ կարոտը սրտներում, ամոթխած ետ են վերադառնում: Կնոջս ասացի՝ երեւի հեռվից է եկել աղջիկը, մոտեցիր, ծանոթացիր ու ընկերուհիներիդ հետ էլ ծանոթացրու պատարագից հետո, երբ մենք համայնքով հավաքվում ենք սրահում ու մի բաժակ սուրճ խմում: Ձեռի հետ էլ շփվում ենք՝ ոնց եք, ոնց չեք: Սփյուռքում ապրողները լավ գիտեն այս բաները: Սրահում, երբ մերոնք ջերմ ողջունում են այս մեր հայ աղջկան, պարզվում է, որ նա հեռու մի փոքր քաղաքում է ապրում մեն-մենակ, իր զավակի հետ՝ հայությունից կտրված, կարոտը սրտի մեջ: Բառիս բուն իմաստով տոչորվում էր մարդը ու պատարագից հետո էլ մի 5 ժամ պիտի գնար ու ետ դառնար իր բնակավայրը: Հիմա պատմությունն ավելի հետաքրքիր կդառնա: Մի տեսնեիք՝ այս մեր համայնքի հայ աղջիկները ոնց խառնվեցին իրար: Սեղանի շուրջը ոնց էին մխիթարում «էս էրեխուն», թե՝ «չմտածես, մենք քեզ այնտեղ մենակ չենք թողնի: Մենք քեզ համար անմիջապես մի գործ կգտնենք մեր քաղաքում ու դու շտապ կտեղափոխվես մեզ մոտ»: Այս խեղճ աղջիկն էլ մի հուզվել է հուզվել, ուրախությունից լաց է լինում, փաթաթվել է մեր համայնքի հայ աղջիկներին՝ «վայ, էրեխեք ջան, դուք իմ քույրերն եք…»:

Պատարագից հետո, մինչ մեր այս աղջիկն իր զավակի հետ 5 ժամ ետ է գնում մինչեւ իրենց քաղաքը, մեր համայնքի աղջիկները մի 4-5 անգամ զանգում են, թե զգույշ գնա, մեքենան վարելիս հանկարծ ճամփին չքնես, հոգնած կլինես, մեզ հետ խոսելով գնա: Ու այդ կիրակի մի 3-4 գործ են ճարում: Երկուշաբթի օրը մի լավ գործ ստացվում է: Մեր գյումրեցի համայնքայիններից մեկը, որը գործ էր գտել այս աղջկա համար, ասաց՝ շաբաթ օրը իրերդ արդեն հավաքի ու արի, որ գործը սկսես: Գործն էլ մի շատ պատվավոր տեղում է: Այս աղջիկն էլ թե՝ «վայ, շատ շնորհակալություն, կներեք, կարող եք ինձ մի շաբաթ էլ ժամանակ տաք, մինչեւ Շարլոտում մի տուն վարձեմ, նոր տեղափոխվեմ»: Իսկ այս ընտանիքի աղջիկը, ովքեր գործ էին գտել մեր հերոսուհու համար, ոչ կիրակի օրը եկեղեցի էր եկել, ոչ էլ տեսել ու ճանաչել էր այս աղջկան: Բայց հենց լսեց, որ տան պատճառով չի կարողանում գալ այս շաբաթ, անմիջապես զանգահարեց նրան ու ասաց՝ կգաք մեր տանը կմնաք, մեզ հետ կապրեք, մինչեւ որ մի տուն կգտնենք, մենակ մի մնացեք այդտեղ: Աստված կամենա, այս շաբաթ օրը այս աղջիկը կտեղափոխվի մեր համայնք, իր անծանոթ հարազատների մոտ, իր ազգակիցների շրջապատ, իր Մայր եկեղեցու գիրկը:
Ահա այսպիսի բաներ: Ինչի՞ այս ամենը գրեցի…

Սիրելի ընթերցող, դու վսեմ ազգի զավակ ես, դու լավ արմատ ունես: Դու այն չես, ինչ քեզ ներկայացնում են մամուլով ու հեռուստատեսությամբ: Դու Աստծո զավակ ես, Իր ստեղծագործությունը, որի մասին Նա ասաց, բարի է: Այն, ինչի մասին գրեցի, ընդամենը մի փոքրիկ օրինակ է անկեղծ մարդկային սիրո, անկեղծ սիրո՝ մերձավորի նկատմամբ: Վստահ եմ, որ այսպիսի հազարավոր բաներ են կատարվում ամեն օր մեր կյանքում, թե մեր հայրենիքում, թե Սփյուռքում: Պարզապես մենք այդ մասին շատ հաճախ չենք իմանում ու դրա համար էլ չունենք օրինակներ, որոնցով ոգեւորվենք ու քաջալերվենք: Մինչդեռ այսպիսի օրինակները վարակիչ կարող են դառնալ՝ ավելի շատ սիրո ու իրար նկատմամբ ավելի շատ հոգատարության:

Եթե ձեր շուրջը չկա այսպիսի օրինակ, ապա դուք եղեք այդ օրինակը: Դուք վերցրեք ձեր ձեռքը նախաձեռնությունը: Դուք եղեք այն կայծը, որից մի ամբողջ սիրո կրակ կարող է բռնկվել: Հիշո՞ւմ եք Մովսես Խորենացու խոսքը, որ թեպետ եւ փոքր ազգ ենք ու թվով շատ սահմանափակ, բայց մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել: Դուք եղեք այսօր սիրո ու հոգատարության այդ սխրանքը կատարողը, ձեր ընկերոջ, ձեր ընտանիքի, ձեր շուրջը գտնվող անծանոթի, մենակի ու հուսահատի, մերձավորի նկատմամբ: Իրար սիրելուց գեղեցիկ բան չկա:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք
Ֆեյսբուքի իմ էջին՝
facebook.com/armen.hareyan?fref=ts

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930