Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնը թանգարան չէ. թանգարանում կարող է լինել այնպես, ինչպես եղել է անցյալ դարում

Ապրիլ 22,2015 12:54

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն օրեր առաջ վերադարձավ Պետերբուրգից, որտեղ մասնակցում էր ԱՊՀ և բալթյան երկրների՝ «Հանդիպումներ Ռուսաստանի հետ» ամենամյա փառատոնին: Փառատոնի, հանդիսականի ընդունելության, թատրոնի խնդիրների ու շատ ավելիի մասին մեզ հետ զրույցում պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական և Ռուսաստանի արվեստի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը:

-Բոլորովին վերջերս Պետերբուրգում կայացած «Հանդիպումներ Ռուսաստանի հետ» կամ ինչպես այն ավելի հաճախ անվանում են՝ «Բալթյան տուն» փառատոնին ռուսական թատրոնը հանդես եկավ «Ինչպես են մարդկանց մեջ դուրս գալիս» ներկայացմամբ: Ի՞նչ է տալիս փառատոնը թատրոնին: Հետաքրքիր է նաև իմանալ՝ ինչպիսի՞ արձագանքներ եղան օտարերկրյա հանդիսականի կողմից:

– Պիտի ասեմ,որ մի ժամանակ մենք հյուրախաղերով ամենաշատ հանդես եկած թատրոնն էինք, սակայն այսօր դրա համար բավարար միջոցներ չկան և մենք ստիպված ենք իջնել մինչև միջքաղաքային մակարդակ: Այդ պատճառով այժմ թատրոնի կոլեկտիվը միշտ անհամբերությամբ է սպասում նման հյուրախաղերին: Իսկ փառատոնին՝ հանդիսականի բուռն ու դրական արձագանքը մեր արժանիքն է:Մենք՝ որպես Կիրիլ Լավրովի անվան մրցանակի դափնեկիրներ, շատ գոհ ենք նրանից,թե ինչպես ընդունվեց մեր ներկայացումը:

– Կարո՞ղ ենք ասել, որ այս տարին թատրոնի համար առավել պատասխանատու էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանգամանքը:

– Միանշանակ դա շատ կարևոր է մեզ համար: Այդ կապակցությամբ թատրոնում հիմա բեմադրվում է Ցեղասպանությանը նվիրված «Լուսնային հրեշը» ներկայացումը, որն արդեն 10 տարի է՝ թատրոնի խաղացանկում է: Այս բոլոր տարիների ընթացքում ներկայացումը դիտել է շուրջ 15.000 միայն մոսկովյան հանդիսական, այն տասնյակ անգամներ բեմադրվել է թե’ Հայաստանում և թե’ նրա սահմաններից դուրս:Այսպիսով` կարելի է ասել,որ ես այդ ներկայացման յուրատեսակ տարածողն եմ: Ահա թե ինչպես ենք մենք պատրաստվել ցեղասպանության տարելիցին, այս տարի՝ առավել պատվով ու արժանապատվությամբ,հաշվի առնելով այն ամենը՝ ինչ արվել է մեր նախագահի, Հռոմի պապի և մեր դիվանագետների կողմից:

– Այս դեպքում ինչո՞ւ Պետերբուրգում չբեմադրվեց հենց «Լուսնային հրեշը» ներկայացումը:

– Բանն այն է,որ այն Պետերբուրգում արդեն բեմադրվել էր Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ,և երկրորդ անգամ այն ներկայացնելն այնքան էլ ճիշտ և կոռեկտ չէր լինի:

– Այսօր հայկական և հայալեզու թատրոնների բազմազանության մեջ ռուսական թատրոնը միակն է, որ անում է բացառապես ռուսերեն բեմադրություններ: Այս առումով դժվա՞ր չէ լինել ու ստեղծագործել հայկական իրականության մեջ: Ինչպե՞ս եք հաղթահարում դա:

– Միանշանակ շատ բարդ է, բայց մենք ունենք մեր փոքրիկ օրենքները,օրինակ՝ես արգելում եմ թատրոնի ներսում խոսել հայերեն լեզվով:

Դժվարություններ ավելի շատ եղել են անկախության սկզբնական շրջանում՝ 10-15 տարի առաջ, երբ ռուսերեն լեզուն՝ չասենք արգելվում, բայց խորհուրդ չէր տրվում: Հիմա ամեն ինչ ավելի հանգիստ է ընթանում, Մշակույթի նախարարությունն այդ առումով մեզ աջակցում է: Իսկ մարդիկ իրենք են գալիս և տոմս գնում,մենք նրանց ձեռքից չենք բռնում: Ով կցանկանա գալ՝ կգա, ով չի ցանկանա՝ թող չգա, մենք դրանից ավելի աղքատ չենք դառնա: Թեպետ՝վիրավորական է. ռուսերեն լեզուն Հայաստանին բացի լավից ուրիշ ոչինչ չի տվել: Դրա և մեր բեմադրությունների միջոցով մարդիկ ծանոթանում են ռուս դասական գրականությանը և եթե այդ ներկայացումներին հանդիսականը չգար՝ մենք դրանք չէինք բեմադրի, բայց մարդիկ գալիս են, ու դա շատ կարևոր է:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հանդիսատեսի մի որոշ հատվածի այն կարծիքին է, որ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում դասական բեմադրությունների ժամանակակից ներկայացումը մի փոքր ավելի ազատ, անկեղծ ու բաց է լինում:

– Գիտեք, դուր է գալիս, թե ոչ՝ ճաշակի խնդիր է: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ թատրոնը թանգարան չէ.թանգարանում կարող է լինել այնպես, ինչպես եղել է անցյալ դարում կամ 20 տարի առաջ: Թատրոնը կենդանի օրգանիզմ է և իրավունք չունի չարձագանքելու այն էսթետիկ ու նույնիսկ էթիկական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր շուրջ: Ես ունեմ իմ հստակ ձևավորված սկզբունքներն ու այն ռեժիսորներից չեմ, որոնք քննադատություն լսելուն պես փոփոխում են ամեն ինչ: Արվեստում ես աշխատում եմ լինել այնպիսին՝ ինչպիսին կամ: Եթե դա մարդկանց դուր է գալիս՝ ես երջանիկ եմ, եթե դուր չի գալիս՝ չեմ տխրում, բայց առաջարկում եմ ուշադրություն դարձնել նրան ինչ մենք անում ենք: Մարդկային աշխարհընկալումը դրանից ավելի վատը չի դառնա:

Իսկ վերջում Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ թատրոնն այժմ գտնվում է շատ բուռն ստեղծագործական վիճակում և պատրաստվում է Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին.մայիսի յոթին և ութին հանդիսատեսին սպասվում է բավականին հետաքրքիր տոնական ծրագիր: Իսկ մինչ այդ հանդիսականի դատին կհանձնվի երիտասարդ ռեժիսոր Նոռա Գրիգորյանի նոր ներկայացումը:Այլ մանրամասներ թատրոնի գեղարվեստական ղեկավարը նախընտրեց դեռևս գաղտնի պահել:

Հարցազրույցը վարեց Լառա Հակոբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930