Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի կռիվների մասնակից Հարոյի հուշերը պատմում է ծոռը

Ապրիլ 27,2015 11:30

1915 թվականի ապրիլ, քաղաք Վան. կարելի էր այլեւս բան չգրել, յուրաքանչյուր հայ գիտի, թե այդ թվին այդ քաղաքում ինչ է կատարվել: Բայց պատմենք:

Վանի Աղթամար Սուրբ Խաչ եկեղեցու առաջնորդի փոխանորդ, վարդապետ Եզնիկ Ներկարարյանը խաչի հետ նաեւ զենք է վերցրել ձեռքը, բայց մեկ օրով: Վարդապետն իմանալով, որ թուրքերը հայերին համատարած ձերբակալում էին, տեղահանում, զենքը դնելով փարաջայի տակ, գնում է Վանի կուսակալ Զեւդեթի մոտ՝ բանակցելու, հորդորելու վերջ տալ կոտորածներին: Զեւդեթի հետ հանդիպումն ապարդյուն է անցնում. կուսակալը վարդապետին կշտամբելով ու կոպտելով ասում է՝ «Հայեր, դուք այլընտրանք չունեք, պիտի հանձնվեք»: Եզնիկ վարդապետն աջակցել է հայ զինվորներին, որպեսզի նրանք իրենց զենքերը պահեն Վանի առաջնորդարանում, այստեղ հայ զինվորները նաեւ ժողովներ էին անում:

Այս մասին «Առավոտին» պատմում է Հարություն Ներկարարյանը, որի պապի հորեղբայրն էր վարդապետ Եզնիկը: Հարություն Ներկարարյանի պապն էլ է Վանում պայքարել, հետո նրա հայրն ամբողջ պատմությունը փոխանցել է Հարությունին: Հարությունն իր անունը կրում է ի պատիվ իր պապի՝ անվանակից Հարություն Ներկարարյանի. նրան Վանում Հարո էին ասում: Հարոն Վանի կռիվների ժամանակ 60-70 զինվոր է ունեցել, մահ ու կռիվ մարտեր են տվել: Թուրք մեծաքանակ զինվորները, չկարողնալով կռվել փոքրաթիվ հայ զինվորների հետ, որպեսզի մեր զինվորներին ստիպեն հանձնվել, ստոր քայլի են դիմում. քաղաքի անպաշտպան հայ բնակչությանը՝ կանանց, երեխաներին ու ծերերին տարել են Վանի պարիսպների մոտ, կանգնեցրել թուրք եւ հայ զորքերի մեջտեղում ու սկսել կրակել նրանց վրա: Հայ զինվորները, փակելով թուրքերի ճանապարհը, մի մասին կարողանում են փրկել, ցավոք, մեծ մասն էլ զոհ է գնում կրակոցներին:

«Հայրս պատմում էր, թե ինչպես էր իր պապը՝ Հարոն, զինակիցների հետ ոչնչացրել թշնամու հենակետերի ուժեղ դիրքերը: Հարոյի զորքը, երբ գրավել է թուրքական պետական շենքերից մեկը, հայրս ասում էր՝ այդ թուրքական կառավարության Թեքալիֆի հարբիեի շենքն էր, թուրքերը հրկիզել են այդ շենքի առաջին հարկը, որպեսզի հայ զինվորները շենքից դուրս գալու հնարավորություն չունենային:

Աղավնի անունով մի կին կար, նա մի քանի այլ հայ կանանց հետ դույլերով ջուր է կրել ու գաղտնի մուտքից ներս մտել, կրած ջրերով կրակը հանգցրել: Այս հերոս կանայք փրկեցին հայ զինվորներին, ազատեցին նրանց կրակից: Հարոյի փոքր զորքը այրել է Վանի նահանգային դատարանի շենքը, պայթեցրել՝ զինարան պահեստներն ու ոստիկանատունը: Թուրքական զինանոցին հասնելու ու այն հրկիզելու համար, մերոնք անցել են գետնափոր ճանապարհներով, որոնց մի մասը մեր հայ զինվորներն են փորել: Մեր զինվորներն այլեւս չկարողացան շարունակել պայքարը, երբ ռուսական բանակը հանկարծակի նահանջեց, հայերին էլ հորդորեց լքել Վանը, որպեսզի չկոտորվեն: Վանից գաղթեցին՝ ով կենդանի էր մնացել, ու ով հասցրել էր փախչել: Հորս պապը՝ Հարոն ու իր ընտանիքը, ու Հարոյի հորեղբայրը՝ Եզնիկ վարդապետը եւս բռնին գաղթի ճամփան»,-պատմում է Հարություն Ներկարարյանը: Հետո առանձին-առանձին ցույց է տալիս իր հերոս պապերի հին լուսանկարները:

Հարոյի երակներում պայքարողի արյուն էր, զինվորի, չհանձնվողի. ինչպես պատմում է ծոռը, 1918 թվականին էլ Հարոն մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Հետո Հարոն թեեւ առերես խաղաղ կյանքով է ապրել, բայց հոգին էլ հո խաղաղ չէր, Վանը թուրքերին մնաց: 1943 թվականին մահացավ Հարո Ներկարարյանը: Նրա հորեղբայրն էլ՝ Եզնիկ վարդապետը, գալով Արեւելյան Հայաստան, չկարողացավ ապրել խորհրդային կարգերում: Հարություն Ներկարարյանը պատմում է, որ կոմունիստների համար կրոն, եկեղեցի, հավատք գոյություն չուներ, այսինքն՝ նաեւ այն, ինչի համար պայքարել էին վանեցիները: Խորհրդային Հայաստանի պաշտոնյաները Եզնիկ վարդապետին ստիպել են հրաժարվել իր կրոնական գաղափարներից, սափրել մորուքը եւ վարժապետ դառնալ: Եզնիկ վարդապետը երբ քայլում էր արդեն կոմունիստական շնչով փողոցներով, մարդիկ նրան ծաղր ու ծանակի էին ենթարկում, պատահել է, որ անգամ թքել են նրա վրա, քաշքշել: Չդիմացավ այդ ամենին Եզնիկ վարդապետը, մի անգամ էլ ստիպված եղավ հիասթափված հեռանալ Հայաստան երկրից. գնաց Երուսաղեմ ու այնտեղ ծառայեց Աստծուն, ու էլ երբեք չեկավ Սովետական Հայաստան: Եզնիկ վարդապետը մահացավ 1923 թվականին, աճյունը թաղված է Երուսաղեմի հայկական եկեղեցու բակում:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Առաջին շարքի ձախից երկրորդը Հարոն է:

«Առավոտ» օրաթերթ
25.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մինչև ե՞րբ այս «բարոյական հաղթանակների» պատմությունները: ԵԹԵ Վանը մնաց Թուրքիային ու այդքա՛ն հայեր կոտորվեցին, նշանակում է այդ պապերը ՍԽԱԼ կյանք են վարել ու ՍԽԱԼ հավատ ու արժեքներ են ունեցել: Վերջակե՛տ:

    ՊԵՏՈՒԹՅՈՒՆ պիտի ունենալ. ու միա՛յն հանուն ՊԵՏՈՒԹՅԱՆ պիտի պայքարել-կռվել: Չես հասկանում,թե ի՞նչու հոգևորականը ազգի անունից հանդես պիտի գա ու ազգի գլխին կանգնի. սրա՛ մասին մտածեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930