Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը` Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Մայիս 18,2015 18:25
qaxaqapetaran

Զանգվածային որոշ լրատվամիջոցներ Սինջար եզդիների ազգային միավորման կողմից հայտարարություն են տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետը անտեսել է եզդիների խնդրանքը՝ Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ: Նշված հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը տեղեկացնում է.

«Ազգությամբ եզդի Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկ քաղաքապետարանը, իսկապես, ստացել  է դեռևս 2012 թվականին, Սինջար եզդիների ազգային միավորման կողմից, Բորիս Թամոյանի ստորագրությամբ։  Փողոցի անվանակոչման առաջարկությունը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն,  իհարկե պետք է քննարկվի Երևանի ավագանու նիստում, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկություններով փաթեթ, ինչն էլ խնդրել ենք առաջարկության հեղինակից և ստացել ենք։ Դրանից հետո հարցը քննարկվել է Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովում, որից հետո ամբողջական փաթեթը պետք է ներկայացվեր Երևանի ավագանու քննարկմանը, ինչի մասին էլ Երևանի քաղաքապետը հեղինակին ասել էր։ Սակայն քննարկման փուլում առաջ եկած փաստաթղթային որոշ անհամապատասխանությունների և նյութերի թերի լինելու պատճառով հարցը անցել է քննարկման մեկ այլ փուլ։ Հարկ է նկատել, որ մեկ կամ երկու կազմակերպության առաջարկը բավարար չէ ամբողջ համայնքի անունից ներկայացնելու համար, մինչդեռ առաջարկությունը արված էր եզդի համայնքի անունից։

Այդ պատճառով դիմեցինք Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին և տեղեկացանք, որ առաջարկությունը, որը արվել է համայնքի անունից, ընդունելի չէ։ Ազիզ Թամոյանը ընդգծել է, որ եթե առաջարկություն է արվում համայնքի անունից, ապա պետք է քննարկված լինի  միության ղեկավարության հետ և միայն միության գրությունը կարող է համարվել եզդի համայնքի կողմից առաջարկություն։ Եզդիների ազգային միության նախագահը համաձայնություն չի տվել, որ այդ առաջարկը քննարկվի համայնքի անունից, և խնդրել է ընթացք չտալ, մինչև միության կողմից համապատասխան միջնորդություն չլինի։ Նույն տեսակետն է հայտնել նաև ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը։ Կարծում ենք՝ որևէ ազգային համայնքի անունից առաջարկությունները պետք է միասնական լինեն, առանց ներքին տարաձայնությունների», – պարզաբանել է Գագիկ Բաղդասարյանը և հոդվածում հնչած ազգային խտրականության ակնարկին ի պատասխան էլ հիշեցրել, որ Ջահանգիր աղան Երևանում մեծարվել է հուշարձանով, որը տեղադրված է Նոր Նորք վարչական շրջանում, ուր ամեն տարի մայիսին եզդի և հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի հերոսամարտի հաղթանակում մեծ ներդրում ունեցած եզդի հերոսին, ինչպես նաև նշել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Ջահանգիր աղայի անունով լսարան է անվանակոչված։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031