Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բարիտոնը վերադարձել է աստղային վիլաների քաղաքից

Օգոստոս 08,2015 15:54

ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը՝ մեր եւ արտասահմանի թատրոնների աշխատաոճի մասին

 

Ամառային արձակուրդների շրջանում, երբ մեր մշակութային օջախները հանգստանում են, արտերկրում պահանջարկ վայելող հայաստանցի որոշ արվեստագետներ, փաստորեն, աշխատում են։ Օրինակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամառային հանգիստը գործնական նկատառումներով են օգտագործում հանրահայտ օպերային թատրոնների տնօրենները։

«Օրերս եմ վերադարձել Իտալիայի Պորտոֆինո քաղաքից, որն ավելի շատ հայտնի է իր աստղային վիլաներով, այնտեղ իրենց հանգիստն են անցկացնում Դոլչե Գաբանան, Արմանին, Բեռլուսկոնին եւ այլ աշխարհահռչակ դեմքեր։ Մի քանի օր հանգստանալու նպատակով այդ քաղաքում էին նաեւ եվրոպական վեց հայտնի օպերային թատրոնների, այդ թվում՝ Վիեննայի, Վենետիկի տնօրենները, որոնք հանգիստը զուգահեռում էին աշխատանքի հետ։ Նրանք  կազմակերպել էին երգիչների լսումներ, որոնց արդյունքում ընտրում էին լավագույններին՝ գալիք թատերաշրջանում իրենց թատրոններում գլխավոր դերերգերով հանդես գալու նպատակով»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինքը ո՞ւմ կողմից էր ստացել հրավեր, Գեւորգ Հակոբյանը նախ նշեց, թե այդ լսումներին մասնակցում էին արդեն ճանաչված շուրջ 130 երգիչներ՝  տարբեր երկրներից, ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա։ «Տնօրենները նախապես կապվել էին երգիչների գործակալների, իմ դեպքում՝ Անջելո Գաբրիելիի հետ։ Դեռ ոչինչ ասել չեմ կարող, սպասում եմ գործակալիս հեռախոսազանգին»,- մանրամասնեց երգիչը։

Զրույցի ընթացքում տարբեր հեղինակավոր թատրոնների բեմեր նվաճած բարիտոնը մեզ ասաց, որ մինչ Իտալիա մեկնելը իր դեբյուտն է կայացել Սանկտ  Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ «Պուչինիի «Տոսկա» օպերային բեմադրության մեջ հանդես եկա Սկարպիայի դերերգով՝ խաղընկեր ունենալով մեր հայրենակից, աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինային եւ տենոր Մաքսիմ Աքսյոնովին։ Ներկայացումը ղեկավարում էր մաեստրո Ստանիսլավ Կոչանովսկին»,- ասաց արվեստագետը։ Հավելեց, որ ներկայացումից հետո առաջարկ է ունեցել գալիք խաղաշրջանում հանդես գալու Յագոյի (Վերդի «Օթելլո»), Տոնիոյի (Լեոնկավալո «Պայացներ») եւ հաճախակի Սկարպիայի դերերգերով։

Գեղամ Գրիգորյանը, Դմիտրի Խվորոստովսկին եւ Գեւորգ Հակոբյանը

Գեղամ Գրիգորյանը, Դմիտրի Խվորոստովսկին եւ Գեւորգ Հակոբյանը

Գեւորգ Հակոբյանը, խոսելով իր հյուրախաղերի մասին, ասաց, որ մեկ շաբաթից մեկնում է Գերմանիա, որտեղ Քիլի բացօթյա ամֆիթատրոնում հանդես կգա Նաբուկոյի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում։

Իսկ ի՞նչ ծրագրեր ունի մեր թատրոնում հարցին՝ երգիչն ասաց, որ սեպտեմբերին թատերաշրջանի բացմանը 11-րդ անգամ հանդես կգա Մոսիի դերերգով Տիգրանյանի «Անուշ»-ում, պատրաստվում է Էսկամիլիո խաղալ՝ սեպտեմբերի վերջերին կայանալիք Բիզեի «Կարմեն» օպերայում։

Զրույցի ընթացքում առաջատար մեներգչից հետաքրքրվեցինք նաեւ վերջին երկու ամսում կրկին գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տարիների ընդմիջումից հետո թատրոն վերադարձած Գեղամ Գրիգորյանի ծրագրերի մասին։ «Աշխարհահռչակ օպերային տենորի՝ նախկին յոթամյա գործունեությունը իբրեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի, ապացուցել էր, որ նա ոչ միայն անվանի երգիչ է, այլեւ հեռատես ղեկավար։ Այդ ժամանակահատվածում թատրոնի խաղացանկում էր 21 օպերային եւ բալետային ներկայացում։ Սա, անկասկած, խոսուն վկայություն է»,- փաստեց մեր զրուցակիցը։ Ռեպլիկին՝ ասում են, որ այսօր  ունենք հիանալի  երիտասարդ ձայներ, իսկ որտե՞ղ են նրանք…  երգիչը պատասխանեց. «Կներեք, բայց նրանցից մեկն էլ ես եմ, եւ ինչպես տեսնում եք՝ հայրենիքում եմ։ Իսկ պարոն Գրիգորյանը, բնականաբար, հիանալի գիտի լավագույն ձայներին, ընդ որում՝ մեծ հետաքրքրություն է տածում դեպի երիտասարդները, ու ես համոզված եմ, որ  նրանց գեղարվեստական ղեկավարը կհանձնարարի համապատասխան դերերգեր։ Այս ամենը յոթ սարերի ետեւում չէ, եւ շատ շուտով հանդիսատեսը կհանդիպի նրանց»,- հավաստիացրեց արվեստագետը։

Ասաց նաեւ, որ առաջիկայում բեմադրվելիք ներկայացումներից մի քանիսը կիրականացվեն հետեւյալ հաշվարկով (թեկուզ դեկորների համապատասխանության առումով), որ հնարավոր լինի դրանք ներկայացնել նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, որտեղ իբրեւ մեներգիչներ հանդես կգան ոչ միայն թատրոնի արտիստները, այլեւ կոնսերվատորիայի ուսանողները։ «Սա, իհարկե, մեծ փորձ կհանդիսանա օպերային թատրոնի մեներգիչների ցանկը համալրող յուրաքանչյուր արտիստի համար, այսպիսով՝ ուսանողները դեռեւս ուսանելու տարիներից կպատրաստվեն մեծ բեմի»,- եզրափակեց Գեւորգ Հակոբյանը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31