Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղին» չի հանգստանում. այս անգամ դիմել է վճռաբեկ դատարան

Հունվար 23,2016 13:30

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին «Առավոտը» անդրադարձավ 2009 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի նախկին մամուլի քարտուղար Վահե Դավթյանի եւ ընկերության միջեւ առկա դատական վեճին:
Վահե Դավթյանը հաղթել էր նաեւ երկրորդ դատական ատյանի դատարանում:
Դատարանն, ըստ էության, անփոփոխ էր թողել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. օգոստոսի 3-ի վճիռը: Հիշեցնենք, որ այդ վճռով դատարանը բավարարել էր «Երեխայի ծննդյան կապակցությամբ չվճարված օժանդակության գումարը» ընկերությունից բռնագանձելու պահանջը:

Վահե Դավթյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղում» մամուլի պատասխանատու աշխատելիս 09.12.2013 թվականին ծնվել է որդին: Իսկ համաձայն «Հայաստանի երկաթուղայինների եւ կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների» ճյուղային հանրապետական միության եւ գործատուի միջեւ կնքված 2012-2014թթ. կոլեկտիվ պայմանագրի 3.4.4. կետի՝ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է նյութական օգնություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Երեխայի ծննդյան պահի դրությամբ գործող «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է այդ ժամանակ 45.000 դրամ։ Վահե Դավթյանը պահանջել էր նաեւ, որպեսզի ընկերությունից բռնագանձվի օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձը: Նշենք, որ դատարանում պարզվեց՝ ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2335-Ն որոշման համաձայն՝ տարբեր ժամանակահատվածներում սահմանված օրապահիկի չափերն անհամեմատ եղել են ավելի բարձր, քան գործատուի կողմից վճարված գումարները։ Օրապահիկի հետ կապված տարբերությունը, այսինքն՝ չվճարված օրապահիկի պարտքը կազմել է 2.656.000 ՀՀ դրամ։ «Հարավկովկասյան երկաթուղին» երկու ատյանի դատարաններում պարտվելուց հետո անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Թե ինչ նոր հանգամանք է ի հայտ եկել, որը պատճառ կդառնա գործը քննության վերցնելու՝ կպարզվի առաջիկայում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031