Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրեց Արման Թաթոյանին

Փետրվար 24,2016 11:17

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրեց մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին՝ Արման Թաթոյանին:

Լրագրողների հարցին ի պատասխան, ո՞րն է լինելու իր առաջին գործը, պաշտպանն ասաց՝ շատ գործեր կան, այս պահին հնարավոր չէ ասել: Նա վստահեցրեց, որ բարձր տրամադրությամբ է այսօր եկել նոր աշխատանքին:

«Նրա կրթական, աշխատանքային կենսագրական տվյալները բազմաթիվ անգամ քննարկվել ու բարձր գնահատականի են արժանացել: Իսկապես, ի դեմս Արման Թաթոյանի, ունենք մարդու իրավունքների պաշտպան, որն ունի մասնագիտական, կրթական բարձր մակարդակ, պրոֆեսիոնալիզմ մարդու իրավունքների պաշտպանության միջավայրում»,- օմբուդսմենի մասին ասաց Հերմինե Նաղդալյանը:

Ըստ նրա, պատահական չէ, որ ՄԻՊ-ը պաշտոն է ստանձնում այն օրերին, երբ Հայաստանը թեւակոխում է նոր՝ առավել պատասխանատու փուլ. «Այս փոլում պետք է եւ գիտակցենք եւ հետեւենք այն մտքերին, որոնք օրեր առաջ հնչեցին ՀՀ նախագահի ելույթում, որովհետեւ ունենք սոցիալական խնդիրներ, անարդարության, կոռուպցիայի խնդիրներ, տարբեր կամայականությունների հետ կապված խնդիրներ, որոնց բախվում ենք ամեն օր տարբեր բնագավառներում: Պետք է այնպես աշխատել, որ մարդու իրավունքներն ու ազատությունները լինեն ավելի պաշտպանված, անարդարացի որոշումներ, լուծումներն ավելի քիչ ու անարդյունավետ պաշտոնյաները լինեն ավելի քիչ»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ շնորհավորեց Արման Թաթոյանին ու ասաց, որ ԱԺ պատգամավորների 96 կողմ ձայները բավականին լուրջ վստահություն է Արման Թաթոյանի նկատմամբ. «Շփվել եմ նրա հետ, գիտելիքների համապատասխան պաշար ունի ու կարող է ձեզ հետ միասին այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրում, շատ արագ կարգավորել»:

Մարդու իրավունքների պաշտպանն էլ ասաց, որ այն բարձր վստահությունը, որը ստացել է կարեւոր նախապայման է, որ բոլոր խնդիրները պատվով կատարի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29