Լրահոս
Օրվա լրահոսը

Բացի մեզնից՝ ոչ մեկի վրա հույս չդնենք

Ապրիլ 05,2016 10:06

Եթե ժամանակին Արցախը զինված ինքնապաշտպանություն չկազմակերպեր, նրա բնակչության հետ կլիներ այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Ակնկալել ներկայիս Ադրբեջանից այլ վերաբերմունք՝ նույնն է, թե սպասել «Իսլամական պետության» գրոհայիններից, որ նրանք գթասիրտ կգտնվեն քրիստոնյաների, քրդերի, եզդիների, շիաների նկատմամբ: Կամ՝ երիտթուրքերի կառավարությունից սպասել, որ նրանք կխնայեին հայերին:

1988 թվականին մենք որոշեցինք, որ այլեւս նման միամտություն մեզ թույլ չենք տա: Ահա թե ինչու է պետք, որ արցախցու կողքին խրամատում կանգնի գյումրեցին, սիսիանցին, տավուշցին: Ոչ մի միջազգային կառույց իրավունք չունի ասելու, թե ինչ են նրանք այնտեղ անում: Ճիշտ այնպես՝ եթե Արցախի պաշտպանական բանակը վաղը գրավի բնակավայր, բարձունք կամ բնագիծ՝ որտեղ էլ այն գտնվի, դա իր իրավունքն է, ուրեմն այդ բանակն այս կերպ է որոշել պաշտպանել իր քաղաքացիներին:

Միջազգային կառույցները, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ մնացածը մորթողներին եւ նրանցից պաշտպանվողներին լավագույն դեպքում դնում են մեկ հարթության վրա եւ խաղաղության կեղծավոր կոչեր են անում: Վատագույն դեպքում, ինչպես որ դա անում են, մասնավորապես, մեր ԵԱՏՄ-ական եւ ՀԱՊԿ-ական «ախպերներ» Բելառուսը եւ Ղազախստանը, ասում են՝ ապրե՛ք, մորթողներ, իսկ դուք, պաշտպանվողներ, զենքերը վայր դրեք ու գնացեք: Դա է առաջարկում նաեւ ԵԽԽՎ-ի ոչ անհայտ Պեդրոն:

Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»: Ինձ թվում է՝ այո: Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Ադրբեջանին, որ նա դադարեցնի իր նկրտումները: Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, ինչ մեզ է պետք: Իհարկե, նման բան կարող եմ ես ասել՝ պետական պաշտոնյաները, դիվանագետները՝ չեն կարող: Կարելի է չասել, բայց անել:

Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի ռազմավարական կամ նույնիսկ մարտավարական դաշնակից չունեն: Փոխարենն այդ երկու պետություններն ունեն շատ հզոր ներքին դաշնակիցներ: Նրանք այն երիտասարդներն են, որոնք իրենց հստակ պատասխանն են տալիս հակառակորդի ոտնձգություններին: Նրանք այն արցախցիներն են, որոնք այդ ոտնձգություններին նայում են շատ հանգիստ, նույնիսկ, իմ տպավորությամբ, թեթեւ արհամարհանքով, եւ ամեն մեկը զբաղված է իր գործով: Նրանք այն հազարավոր հայերն են, ովքեր հերթ են կանգնում՝ ռազմաճակատ գնալու համար: Հայաստանի եւ Արցախի այս դաշնակիցները շատ ավելի հզոր են, քան ամենահզոր գերտերությունները, եւ ավելի վտանգավոր են հակառակորդի համար, քան ամենաժամանակակից զենքը: Այս օրերին եւս մեկ անգամ դրանում համոզվեցինք:

 

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Anush says:

    Շատ ճիշտ է, միայն հնարավորինս քիչ զոհերի գնով․․․․ Այդ ահասարսուռ զենքը․․․․ մսաղաց է․․․․ Հույսներս մենք ենք, մեր զինվորի անկոտրում ոգին ու մեր Աստվածը․․․․․․․․․․․․

  2. փիրուզակ says:

    Այս օրերին միջազգային հանրության, գեր, մանր, միջին, խոշոր և այլ կարգի տերությունների, դաշնակից ու վայ դաշնակից պետությունների արձագանքը կարծես նման լինի ինքնապատասխանիչի: Բոլորը ձայնագրած, նույն բովանդակության տեքստն են կրկնում: Առավել բացահայտ ապացույց, որ բոլորը սպասում եմ, թե որ կողմը շահած դուրս կգա, որ միայն այդ դեպքում իրոք միջամտեն՝իրենց շահերին համապատասխան, կարծում եմ, որ լինել չի կարող: Պատմությունից գիտենք ռուս-բոլշևիկյան պայմանագրեր, ուրեմն ինչու՞ պետք է բացառենք ռուս-ադրբեջանական համաձայնության տարբերակը: Տեսանք քաղաքակիրթ Եվրոպայի ու գերտերություն ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի խաղաղ բնակչությունը ոչնչացնող հրոսակների պարագայում: Հետևաբար “ԲԱՑԻ ՄԵԶՆԻՑ ՈՉ ՄԵԿԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՆ” !!!

  3. Ruben says:

    Ձեր հոդվածը ինչոր բանով նման է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ»- ին: Բավականին հասարակ, թեթեւ, լղոզված, բայց ականջի դուր եկող:
    «Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի ռազմավարական կամ նույնիսկ մարտավարական դաշնակից չունեն»: Պատճառը չե՞ք ասի:
    «արցախցու կողքին խրամատում կանգնի գյումրեցին, սիսիանցին, տավուշցին»: Երեւանցի էլ չկա՞: Իսկ ու՞ր մնացին ռուսաստանաբնակ արցախցիները, ամերիկահայերը, եվրոպահայերը…
    Այս օրերին Դուք համոզվեցի՞ք, որ արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն, Նախագահի ղեկավարած Անվտանգության խորհուրդը չափազանց ոչ պրոֆեսիոնալ ու անչափ թերի (անմակարդակ) են կատարում իրենց պարտականությունները:
    Զինվորի կյանքը կախված է հրամանատարից:
    Դուք փորձեք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «տեղում վազք»-ը եւ ու՞մ է դա պետք:

    • Հ.Շ. says:

      Կարծիք՝
      երբ որ տակաւին զէնքերը չեն լռած,
      այս տեսակի (ամէն դէպքում՝ աժան եւ անհիմն) արտայայտութիւններ չպէտք է հրատարակվին:

      Տարրական յարգանքի հարց է՝ տակաւին կռվի մէջ գտնվող մեր զինվորների նկատմամբ, ինչպէս նաեւ նվազագոյն պատշաճութիւն՝ զոհվածների ընտանիքների հանդէպ:

      Յառաջիկային, դեռ վստահաբար շատ ենք լսելու այսպիսի (անկապ ու կամայական, ինքնատեաց) արտայայտութիւններ, սակայն այս պահին, իսկապէս դառն աղ է՝ մեր տակաւին արիւնոտ վէրքերի վրայ:

      • Հ.Շ. says:

        (լաւ հասկացայ որ հրատարակվել է, որպէսզի գիտակցինք թէ մեր մէջ, այ՛ս պահին իսկ, այսպիսի հայեր կան. ով գիտէ դեռ նոյնանման որքան մեկնաբանութիւններ զամբիւղ են հասնում. սակայն կը կարծեմ թէ կռվողների եւ սգաւորների վերաբերող նկատողութիւնը պէտք է տիրապետէ)

        • Ruben says:

          Դուք համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ արտաին գործերի նախարարությունը, Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն, Նախագահի ղեկավարած Անվտանգության խորհուրդը չափազանց ոչ պրոֆեսիոնալ ու անչափ թերի (անմակարդակ) են կատարում իրենց պարտականությունները:

  4. Հ.Շ. says:

    Հիմնականօրէն ճիշդ է Խմբագիրը:

    Խմբագրականի վերնագիրը ինքնին պէտք է որ դառնայ մեր ազգային էական սկզբունքը, փիլիսոփայութիւնը:

    Յատկապէս այժմու դէպքերու առիթով, այսպէս կոչված «հանրային համայնքի» կեցվածքը խորապէս զզվելի եւ վիրաւորական է:

    Անկողմնակալ չեն օտար պետութիւնները, ոչ, այլ նուազագոյնը՝ իրենց անտարբերութեամբ, մեղսակից են այդ անսահման անբարոյութեան, անօրէնութեան, անմարդայնութեան եւ բարբարոսութեան, որու մնայուն թիրախն ենք մենք, առաջին հերթին՝ միայն մենք, դարերէ ի վեր եւ մինչեւ այս անմիջական պահին:

    Թոյլ տուէք որ մի բան միայն աւելացնեմ (ինչպէս Խմբագիրը ասում է, բաներ կան որ ոմանք կ’ասեն եւ ոմանք ոչ, թէկուզ ըստ էութեան ամէնքս ալ համաձայն ենք այդ ուղղութեամբ, եւ ըստ այնմ ենք արդէն ապրում ու գործում)՝ Աստված նաեւ մեր կողմէն է: Եւ պարզապէս «ըսելու ձեւ» չէ այս: Փաստերը մէջտեղ են, ամէն կողմ:

    • Հ.Շ. says:

      «միջազգային համայնքի» ըսել կ’ուզէի անշուշտ…

      որու դռները ի զուր բախում ենք, օրերէ ի վեր, արտասահմանի մէջ

      դեռ չխօսելու համար օտար լրատվական գործակալութիւններու մասին, որոնք Արցախի հիմնախնդրի մասին բացառապէս թուրքերի կեցվածքն ու սուտերն են «բացատրում» իրենց հանրութեան

  5. Atshak says:

    Հիանալի մտքեր են ու ձևակերպումներ, պ. Աբրահամյան:
    Հուսով եմ, որ էլ ոչ մի շեղում չի լինի ոչ մի “կոզմնորոշման” ուղղությամբ, բացի մեր Պետության ու Ազգային շահի հանդեպ կողմնորոշումից:

  6. Atshak says:

    1988-ից սկսած Մեր ղեկավարների ու բանակի պատասխանատուների տարիների տքնաջան աշխատանքը ցույց է տալիս իր արդյունքները: Մեր ԲԱՆԱԿԸ ամուր է ու անպարտելի, ինչպես չի եղել երբևէ:

    • Ruben says:

      Մի խեղաթիուրեք (աղավաղեք) պատմությունը:

      • Հ.Շ. says:

        իսկ դու անոնցմէ ես որ Բացարձակ Ճշմարտութեան բացառեալ տիրականնե՞րն են, Ռուբէն…

        օրհասական պահին՝ «Սրբազան Միութեան» յղացքի մասին լսե՞լ ես…

        մի մտահոգվիր, յետոյ լիքը առիթ կը լինի իրարու հետ կռվելու…

        • Ruben says:

          «Սրբազան Միությու՞ն»: Չեմ լսել ու չեմ տեսել:
          Որտե՞ղ են:

          • Հ.Շ. says:

            Կազմակերպութեան մասին չէ խօսքս: «Միութիւն», միասնականութեան իմաստով: Յղացքը նշանակում է ՝ երբ որ արտաքին յարձակում կայ, վտանգ կայ, ներազգային բոլոր վէճերն ու տարակարծութիւնները կ’առկախվին:

  7. Վահան says:

    Լավ է ուշ, քան՝ երբեք․․․

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930