Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական իրադարձություն

Ապրիլ 14,2016 18:00

2016թ. ապրիլի 21-ը հայաստանաբնակ, ինչու չէ՝ նաեւ համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական իրադարձություն է: Պատմական է, որովհետեւ աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երեւանում հանրապետության ղեկավարության, Երեւանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախաձեռնությամբ, բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով՝ կառուցվել է Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաեւ մյուս անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:

Ստեղծագործության հիմնական մոտիվը կայանում է մոր կողմից երեխայի փրկությունը: Երեխան մարմնավորում է մեր ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը՝ մանկան հետ, լուսնի թիկունքում թաքնվող արեգակի, եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշի ֆոնի վրա, որտեղ լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին:
Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է: Այն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան` Շանգալը: Արեւի ներքնամասում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների «Լալշա Նուրանի» սրբատեղին, որը մենք՝ եզդիներս, «Աստծո դրախտ» ենք համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու եւ արարելու անսասանության մասին: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, այն եւս մեկ անգամ բարձրաձայնում է Օսմանյան կայսրությունում իրականացված մեր ժողովուրդների ցեղասպանությունը եւ խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքան էլ ուրանա կատարված ոճրագործությունը, միեւնույն է՝ արդարությունը կհաղթի եւ ամբողջ աշխարհը, ինչպես նաեւ Թուրքիան, կճանաչեն Հայոց եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Իրաքի եզդաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ոճրագործության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…

5-1-2
2014թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասաց, որ պետք է կանխենք Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների եւ քրիստոնյաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ը ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց եւ նրանց ոճրագործությունը եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն, նաեւ կոչ արեց Հաագայում միջազգային քրեական դատարանին՝ զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաեւ, որ իսլամիստների վերաբերմունքը եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գետակցական ցանկության: Եզդիները սրբությամբ պահել ու պահպանել են եւ մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը: Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստան աշխարհը: Հայ ժողովուրդը ձեւավորեց «Օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը եւ կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին:

Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը կանգնեցնելու եւ եզդի փախստականներին օգնելու համար:
Ինչ վերաբերում է հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությանը, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվադեպ անաղարտ եւ անշահախնդիր հարաբերությունները պետք է պահենք «աչքի լույսի պես»:
ԻՊ-ի դաժանությունները միայն դաժանություն չեն, այլեւ՝ մարդկության ամբողջական կորուստ: Դաժան պատմությունը վկայում է, որ 2014թ. օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016թ. ապրիլի 2-ը կարծես թե այս ամենի շարունակությունն էր նույն ձեռագրով, նույն ոճով եւ նույն ոգով: Բարեբախտաբար, նրանց առջեւ կանգնեց Ջանգիր Աղայի եւ Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը: Այս հուշարձանը ոգեկոչում է նաեւ մեր Արցախի զոհված զինվորների հիշատակը: Այսքանից հետո պարզապես պետք է իրատես եւ ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը, ինչպես ասում է մեր նախագահ Ս. Սարգսյանը, բայց մենք կարող ենք եւ պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել:
Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը եւ երախտագիտությամբ խոնարհվում եմ նրանց հիշատակի առջեւ: Հավերժ Հիշատակ:
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930