Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական օֆշորային ընկերությունները ստիպված կլինեն բացահայտել սեփականատերերին

Հունիս 23,2016 15:30

Իսկ պետական պաշտոնյաների հետ առնչություն ունեցող ընկերությունները կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից

2011 թվականից Հայաստանի պետական կառավարման մարմիններն ինքնուրույն են իրականացնում իրենց գնումները։ Այն ժամանակ ասվեց, թե գնումների ապակենտրոնացումը նպատակ ունի բարելավել պետության եւ համայնքների կարիքների համար գնումների կատարման գործընթացի կազմակերպումը, ավելացնել հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ նպաստել տնտեսապես շահավետ պայմաններով գնումների կատարմանը։ Անգամ հաստատվեցին պետական կառավարման մարմինների եւ պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների առավելագույն գները:
Անցել է 5 տարի: Այս ամենը մնացել է թղթի վրա՝ ձեւական է:

Ընդամենը վերջերս՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, պարզվեց, որ պաշտոնանկ արված կամ կալանավորված բարձրաստիճան սպաները բանակի համար ուռճացված գներով են ապրանք գնել: Ցավոք, սա եզակի դեպք չէ: Շատ նման դեպքեր կան: Ի հավելումն՝ քիչ չեն պետական պաշտոնյայի հարազատից ապրանք կամ ծառայություն գնելու դեպքերը: Օրինակներ՝ որքան ուզեք: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի «Ucom» հեռահաղորդակցության ընկերությունը մի շարք պետական կառույցների հեռախոսակապի եւ ինտերնետի մատակարարն է, Արագածոտնի մարզում տեւական ժամանակ շինարարական պետական ծրագրերում հաղթում էր մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի ընկերությունը, ՀՀ ոստիկանության համար գնվեցին նոր «Տոյոտա» մեքենաներ, իսկ «Տոյոտայի» Հայաստանի ներկայացուցիչը այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն է, ՀՅԴ-ական նախարար Աղվան Վարդանյանը իր ենթակային հանձնարարել էր մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնել որոշակի ընկերությունից՝ առանց մրցույթի, Արտաշես Գեղամյանի իշխանանվեր գործունեության արդյունքում կուսակցությունում նրա տեղակալ Գագիկ Կոստանդյանը դարձավ փրկարար ծառայության պետի տեղակալ, եւ նրա որդիների ընկերությունը փրկարարական համազգեստ կարեց եւ այլն, եւ այլն: Մեկ-երկու անգամ՝ որակն այն չէր: Եվ այսպես շարունակ ու միշտ՝ կամ ուռճացված գներ, կամ անորակ ապրանք, կամ ծառայություն:

Նույնը համայնքային մակարդակում է: ՀՅԴ իշխանանվեր գործունեության գնահատականը Երեւանում տեղադրվող նստարանները ՀՅԴ-ականի ընկերությունում պատվիրելն է: Մամուլում լուրեր եղան, որ որակով չզիջող, գնով՝ էժան առաջարկին Երեւանի քաղաքապետարանում չեն համաձայնել եւ այլն:
Այս ամենին բազմիցս անդրադարձել են ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ տարբեր ՀԿ-ներ ու միջազգային կազմակերպություններ: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2013 թվականի զեկույցի համաձայն՝ պետական գնումների 60%-ն իրականացվում է առանց նախապես հայտարարություն հրապարակելու, բանակցային ընթացակարգի միջոցով, բողոքարկման համակարգը անարդյունավետ է, շրջանակային համաձայնագրերի 30%-ն ունի կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման հավանականություն, պետական գնումների համակարգը միջինից բարձր ռիսկային է: Նույն կազմակերպության 2014-2015թթ. զեկույցի համաձայն՝ մեկ անձից գնումների տվյալների վերլուծության ընթացքում նկատվել են մտահոգիչ երեւույթներ. գնումների իրականացում փոխկապակցված անձանցից, տեխնիկական բնութագրերի հարմարեցում առանձին արտադրողներին, գնումների իրականացում շուկայականից բարձր գներով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես ընդունել է, որ գնումների մեջ մեծ թիվ են կազմում առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգերը եւ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգերը:

Ավելի քան մեկ ամիս առաջ` մայիսի 12-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետական ծախսերի կրճատման եւ արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքար է սկսում: Պետական գնումների համակարգը առաջին ոլորտն է, որտեղ այս առումով լիքը անելիք կա: Այս հայտարարությունից մեկ ամիս անց` հունիսի 15-ին, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում վարչապետին է ներկայացվել արդարադատության նախարարության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մշակած առաջարկը: Ուսումնասիրվել է այլոց փորձը: Այսօր օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները անարգել կարող են մասնակցել Հայաստանի պետական գնումներին:

Գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու եւ կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար առաջարկվում է, որ կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան հանրայնացնել անվճար հիմունքներով: Վարչապետը ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկը եւ հանձնարարել արդարադատության նախարարին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ: Հայաստանի պարագայում վաղուց պետք է նման արգելք սահմանվեր: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պետական պաշտոնյան իր կամ իր ազգականի անունով օֆշորներում ընկերություն է գրանցել` հատուկ պետական գնումներին մասնակցելու համար, եւ «հաղթել է» մրցույթում:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը «շատ լավ բան» է համարում նման քայլը, բայց ասում է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարում սա ընդամենը փոքրիկ մի քայլ է: Իր կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի մեծ եւ ավելի արագ քայլեր է պահանջում: Նրան չի բավարարում փոքրիկ քայլերով առաջ գնալը. «Արմատական փոփոխություններ են պետք, խոշոր քայլեր, բայց նման բաներն ընդհանուր դրական դաշտ են ստեղծում, շատ լավ է»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930