Լրահոս
Օրվա լրահոսը

Անցնող օրվա հիշատակը

Հոկտեմբեր 15,2016 16:30
merujan Ter-Gulanyan

Տրիումֆ իմ սիրելի սրճարանում նստած աշնան կապույտ իրիկվա միջով նայում էի տերեւաթափվող ծառերին ու սպասում Ժամանակ տվողին…
Փողոցում մեկը ծխախոտ վառեց, եւ վառիչի կրակը պայծառ գծագրվեց աշնան զրնգուն հեռապատկերում: Ու ես անսպասելիորեն կռահեցի եւ հասկացա, որ ես տերեւների հիշողությունն եմ, որոնք ծառերից հեռանալով՝ իրենց հետ տանում էին նաեւ ինձ:
Այս պատկերը ինձ հուզեց, եւ ես, իմ մենության մեջ բարձրացնելով բաժակս, խմեցի անցնող օրվա հիշատակի համար, օր, որն առանց հրաժեշտի լռությամբ նույնպես հեռանում էր ինձանից:

Այո: Աստված ինչպես տալիս, այդպես էլ վերցնում է, եւ մենք չենք էլ նկատում, թե ինչպես է վերցնում, ինչպես որ չենք հասկացել, թե ինչպես է տվել…
Այդպես նստած մտածում էի՝ սպասելով Ժամանակ տվողին, եւ ինձ այցելում էին տարաշխարհիկ մտքեր. նյութն ու նյութեղենը դարձել են անհոգի եւ մի տեսակ իմաստազուրկ, իսկ իմաստնությունը աննյութ է: Աննյութ է նաեւ մեզ ապրեցնող հոգին:
Սարսափով մտածում էի նաեւ, թե ինչ է զգում աշնան մեջ ապրող ծառը, երբ նրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում (այդ պահին տեսնում էի, որ բանվորները նմանակերպ գործով էին զբաղված): Նայում էի ու մտածում՝ ինչպես կահաբեկվի ծառի հոգին, եւ ինչպես կվիրավորվի հոսանքը՝ ինքը, որն իր կամքից անկախ սպանում է հավերժական ծառին, ինչպես որ մենք ենք մեր մեջ սպանում Հավերժական մարդուն՝ չափելով անչափելի ժամանակը:

Այդ երբ էր, որ մեկն ասաց.
– Քո ստեղծածը կհանեմ քո դեմ եւ քո ստեղծածը քո դեմ հանելով՝ կհաղթեմ քեզ:
Ինչ-որ բան ճաք էր տվել. չէի հասկանում՝ իմ ներսո՞ւմ, թե՞ ինձ անհասու տիեզերքում:
Ես ուզում էի լացել Հավերժական մարդու բախտի համար, ով Տիեզերքի սուրբ հոգու ծնունդն էր, եւ ում մենք ամեն օր ոչնչացնում ենք մեր մեջ եւ միջեւ՝ շարունակ փորձելով ջնջել ճակատագրի անթանաք գիրը:

Ո՞վ էր, որ մահկանացու մարդուն առաջինը հանեց Հավերժական մարդու դեմ…
Եվ ես հիմա սրճարանում մենակ նստած սպասում էի Ժամանակ տվողին: Գուցե նա է, որ ինձ համար պիտի հաստատի իմ ներկայությունն աշնան կապույտ իրիկվա հրաժեշտի պատրաստ ծառերի մեջ:

Սրճարանում բազմաթիվ մարդիկ էին ծխում, բայց ինչո՞ւ միայն մեկի կրակը մնաց… Ես էլ էի ծխում, բայց իմ կրակը հետագիծ չուներ…

Չգիտեմ՝ ինչ թաքնասացություն կամ թաքնագիտություն էր պետք, որ ես ճանաչեի Ժամանակ տվողին: Գուցե դա այն մարդն էր, որ վառեց իր ծխախոտը ՝ կապույտ իրիկվա մեջ, ինքը գնաց՝ թողնելով վառիչի լույսը, կամ գուցե այն տիկինը գեղեցկուհի, ով ինձ ջերմորեն բարեւեց, ում ես չէի ճանաչում եւ աթոռ չառաջարկեցի նստելու ինձ հետ:
Այդ օրը ես երկար սպասեցի եւ չտեսա Ժամանակ տվողին: Մեղավորը նա չէ: Ես էի, որ չճանաչեցի:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

14.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31