Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` երկարացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանի և Սեդրակ Նազարյանի կալանքի ժամկետը:
Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակ Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ որևէ ակնկալիք չունեն, որ դատարաններն այս գործերով օրինական դատական ակտ կկայացնեն, ու հենց այդ տրամաբանությունից ելնելով` ինքն ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել դատավորին: Սեդրակ Նազարյանը հրաժարվում է մասնակցել դատական նիստերին, քանի որ վստահ է, որ այս գործի քննությունը ձևական բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Կարդացեք նաև
«Սասնա ծռեր» խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց երկու ամսով:
Դատարանի դահլիճում Արեգ Կյուրեղյանը հարցադրում արեց քննիչին` «Դուք պարզե՞լ եք մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին ու իրականացնողներին»: Սակայն պատասխան չհնչեց. դատարանը հայտարարեց, որ դա գործին չի առնչվում:
Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե անվիճարկելի փաստ է այն, որ դատարաններն այս ու նմանատիպ այլ գործերով, ինչպես անցյալում է եղել, որպես արդարադատություն իրականացնող մարմին հանդես չեն գալիս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին նոյեմբերի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաև ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության համար:



















































ուրեմն այսպէս, «մարտի 1»-ը օրինակա՛ն ի զօրու պաշտպանություն մըն է, որեվէ հանցագործության պարագային
նկատի ունենալով որ տեղի է ունեցել «Մարտ 1»-ը, այնուհետեվ, Հայաստանում, կարելի է ամէն բան անել, մինբեւ իսկ մարդ սպաննել, առանց որեվէ օրինական հետեւանքի…
շատ տրամաբանական է, պրավո