Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեական համայնքում հիացած չեն ԿԸՀ-ի որոշումից

Հունվար 10,2017 19:00

«Քաղաքական կուսակցություններ են`դուրները կգա`կվերցնեն, ոչ`կվերցնեն նրան, ով իրենց դուրը կգա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի «Աթուր» ասորիների ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայելովն`անդրադառնալով ԿԸՀ-ի երեկ հրապարակած այն որոշմանը, որ վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է ընդգրկված լինեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներում:

Ըստ այդմ, առանձնացված են եզդիական, ռուսական, ասորական եւ քրդական համայնքները: Նման փոփոխություն, հիշեցնենք, ամրագրվեց նոր`խորհրդարանական կառավարման համակարգ սահմանող Սահմանադրությամբ:

Արսեն Միխայելովի համար առավել նախընտրելի է իրանական տարբերակը: Իրանում ազգային փոքրամասնությունների համար`կախված մեծությունից, պարտադիր մանդատների քանակ է սահմանվում: Ընտրությունը կատարվում է համայնքներում:

Հարցին`արդեն իսկ քաղաքական կոնսուլտացիաներ, առաջարկներ կան, մեր զրուցակիցն ասաց, որ իրենք համագործակցում են  տարբեր քաղաքական կուսակցությունների հետ, հիմնականում իշխանական, ինչպես ընդունված է բոլոր երկրներում`ազգային փոքրամասնությունների պարագայում: Ընդդիմադիր ուժերում էլ կան ասորիներ, բայց դա համայնքային համագործակցություն չէ, առավելապես անձնական: «Մի քանի օրից հանդիպումներ, քննարկումներ կլինեն եւ որոշումներ կկայացվեն`ո՞ր ուժի հետ համագործակցել, ո՞ւմ թեկնածությունն առաջադրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Որքանով ես եմ տեղյակ այդ պահանջը կուսակցությունների համար պարտադիր չէ և կուսակցությունները կարող են նաև չներառել այդ չորս համայնքի ներկայացուցիչներին: Նման հարց բարձրացրեցին ընդդիմադիրները, մասնավորապես, Նիկոլը Փաշինյանը: Նրանք փաստում էին, որ կուսակցությունները կարող են դուրս մնալ, պայքարից, եթե փոքրամասնության ներկայացուցիչներ չներգրավեն: Որքանով ես եմ տեղեկացված՝ ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ հաշվի առնվել է այս մտահոգությունը»:

Բորիս Մուրազին դրական է համարում առհասարակ այն, որ ազգային փոքրամասնությունների համար տեղեր են լինելու խորհրդարանում ու չի կարծում, որ պարտադիր է, որ նրանք լինեն եզդիները.

«Եթե կլինի այլ համայնքի ներկայացուցիչ, որ օրինակ եզդիների խնդիրներին քաջատեղյակ է, մասնակից է եղել այդ խնդիրների բարձրաձայնմանը, ես մեծ հաճույքով կքվեարկեմ նրան»: Եզդիական համայնքին համագործակցության առաջարկներ եղե՞լ են, թե`ոչ, կա՞ն համայնքում ձեւավորված թեկնածուներ, մեր զրուցակիցը չգիտեր: Միայն նկատում է. «Համայնքը չի կարող ունենալ իր թեկնածուները: Ըստ օրենքի կուսակցություններն են ընտրելու մարդկանց` իրենց ցուցակներում ներառելու համար»:

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն էլ տարակուսանք հայտնեց առ այն, որ կան թվաքանակով ավելի պակաս համայնքներ, բայց առավել կազմակերպված եւ ակտիվ գործող. «Մենք կցանկանայինք մասնակցել, մեր համայնքը շատ կազմակերպված է, շատ ակտիվ, Հայաստանի համար շատ կարեւոր եւ կարծում եմ այդ համագործակցությունից միայն դրական արդյունքներ գրանցել: Դե ինչ արած, եթե կան նման օրենք`որը սահմանափակում է… Հոսով եմ,  այդ համայնքներում կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են եւ կարող են օգուտ բերել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031