Լրահոս
Օրվա լրահոսը

Հազվադեպ հնչող Շոստակովիչ եւ մեկ ստեղծագործության պրեմիերա

Մարտ 02,2017 14:30

Որոնց մասին հայտագիրը «լռում» է

Դասական երաժշտարվեստի ոլորտում երբեւէ չի անցկացվել վիճակագրություն, ինչը կտեղեկացներ, թե կոնկրետ քանի ստեղծագործություն է ընդգրկված համաշխարհային երաժշտական գրականության գանձարանում: Թեեւ մեր մշակութային կյանքում մինչ օրս էլ պետական նվագախմբերը հանդես են գալիս նման երկերի կատարումներով, այդուհանդերձ հանդիպում ենք առաջին անգամ կատարվող ստեղծագործություններ եւ հազվադեպ: Վերջերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգային հայտագրում նշված Շոստակովիչի 11-րդ սիմֆոնիան (1905թ.) մասնագետների շրջանում կասկածի տեղիք տվեց, թե երբեւէ այն կատարվե՞լ է Երեւանում: Այդպես էլ երաժիշտները չհիշեցին, բայց մեկ-երկուսը վստահեցրին, որ սիմֆոնիայի որոշ «կտորներով» անվանի խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանը ժամանակին պարարվեստի ուսումնարանում կամ Ազգային օպերային թատրոնում բեմադրություն է իրականացրել:

Շեշտում էին նաեւ, թե այս գործը սիմֆոնիայի ժանրում գրված ամենաբարդ ստեղծագործություններից է՝ տեխնիկական եւ կատարողական տեսանկյունից, որ խորհրդային տարիներին այն երբեւէ չի կատարվել մեզ մոտ: Հետո էլ մտաբերեցին, թե շուրջ 15 տարի առաջ հիշյալ սիմֆոնիային ընդամենը մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի մեկնաբանությամբ:

Փաստորեն, 2-րդ անգամ Շոստակովիչի 11-րդ սիմֆոնիան կկատարվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ մարտի 3-ին, դարձյալ Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ռուբեն Ասատրյանի մատուցմամբ:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժորը հավաստիացրեց, որ ինքն էլ է հետաքրքրվել խորհրդային տարիներին հիշյալ սիմֆոնիայի երեւանյան կատարումով եւ այդպես էլ հստակ պատասխան չի գտել: «Ռուսական առաջին հեղափոխության թեման վաղուց է գրավել Շոստակովիչին: Այս սիմֆոնիայում նա իսկապես տեսանելի պատկերավորությամբ վեր է հանում հունվարի 9-ի արյունալի դեպքերը: Այստեղ օգտագործված են նաեւ մեր հանրությանը ծանոթ ռուսական ժողովրդական եւ հեղափոխական երգերի մեղեդիներն ու դարձվածքները («Վարշավյանկա», «Անվախ ընկեր», «Բանտարկյալը» եւ այլն), սիմֆոնիան առաջին անգամ հնչել է Մոսկվայում, 1957թ.»,- հայտնեց Ռուբեն Ասատրյանը:

Հավելեց, թե այս սիմֆոնիան, իր խոսքերով՝ կարծես բոլոր հեղափոխությունների եւ դրանց ծանր հետեւանքների «բացահայտումն» է: Հետաքրքրությանը, թե ի՞նչ կարծիքի է մշակութային հեղափոխության մասին, մեր զրուցակիցը նախ ասաց, թե ինքը նախընտրում է մարդկության խաղաղ, սիրո եւ կարեկցանքի ջերմ համակեցություն, ինչը Աստծո պարգեւ է, հետո էլ պատասխանեց. «Օրինակ, կատարողական արվեստում այն, ինչ ուղղված է իրական արժեքների արտահայտմանը, հենց դա դառնում է աքսիոմա: Այսինքն՝ մեր ոլորտում հեղափոխություն բառը չպետք է ընկալել իսկական իմաստով: Եթե նույնիսկ մշակութային դաշտում որեւէ «հեղափոխական» մոտեցում է ցուցաբերվում, ապա այն պետք է ընկալել օրինաչափ»:

Դանիել Մելքոնյանը

Ռուբեն Ասատրյանն անդրադառնալով կայանալիք համերգին, տեղեկացրեց, որ իբրեւ մենակատար հրավիրված է երիտասարդ տաղանդավոր շեփորահար Դանիել Մելքոնյանը, որին քանիցս անդրադարձել է «Առավոտը»: Հիշեցնենք, որ նա դեռեւս սովորում է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում (դոցենտ Գուրգեն Սարգսյանի դասարան), քանիցս մասնակցել է նաեւ միջազգային մրցույթների: «Դանիելը ճանաչված կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի թոռն է, մայրն ու հայրը նույնպես երաժիշտներ են: Գիտեմ միայն, որ նա կրթաթոշակառու է դարձել Դուբայի հայտնի «Yamaha Music Gulf FZE» ծրագրի կողմից: Մշտապես հրավիրվում է մասնակցելու մոսկովյան տարբեր նախագծերի, օրինակ՝ նախանցյալ տարի նա մենահամերգով հանդես եկավ Չայկովսկու անվան կենտրոնական երաժշտական դպրոցում, հրավիրվել է Մոսկվայի կոնսերվատորիայի կողմից եւ այլն: Դանիելի, իմ կարծիքով՝ մեծ ձեռքբերումը 2014-ին բրոնզե «Շչելկունչիկի» արժանանալն էր երիտասարդ երաժիշտների 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթում: Երաժիշտը այդ երեկոյին առաջին անգամ կկատարի Հումմելի շեփորի եւ նվագախմբի կոնցերտը, որի առաջին մասը տարիներ առաջ դարձյալ իմ ղեկավարությամբ հնչեցրել է Չայկովսկու երաժշտական դպրոցի նվագախմբի հետ»,- ասաց դիրիժորը:

Ռուբեն Ասատրյանին հանդիպում ենք Ազգային օպերային թատրոնի ներկայացումներ ղեկավարելիս (Վերդի՝ «Տրավիատա», «Տրուբադուր», Պրոկոֆեւ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Ադան՝ «Ժիզել», Տերտերյան՝ «Երկրաշարժ» եւ այլն), Ֆիլհարմոնիկ ու Երիտասարդական նվագախմբերի դիրիժորական վահանակի առջեւ: Արվեստագետը նաեւ հանդիսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամենամեծ՝ վոկալ տեսական ֆակուլտետի դեկանը: Ժամանակ առ ժամանակ էլ հյուրախաղերի է մեկնում, հանդես է եկել Ռուսաստանում, Հունաստանում, Լիբանանում, Վրաստանում եւ այլ երկրներում: Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է դիրիժորի առաջիկա հյուրախաղը: «Ապրիլի 24-ին երրորդ անգամ կղեկավարեմ Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում ընդգրկված են նաեւ մեր որոշ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- պատասխանեց Ռուբեն Ասատրյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031