Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդգար Արամյան. «Հայը պետք է առնվազն աշխարհի չեմպիոն դառնա»

Սեպտեմբեր 07,2017 13:00

Մոսկվաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը, որը ՌԴ մայրաքաղաքում զբաղվում է շինարարական բիզնեսով, Փարիզում օգոստոսի վերջին ներկա է եղել ըմբշամարտի աշխարհի առաջնությանը եւ այնքան ոգեւորվել Արթուր Ալեքսանյանի եւ Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերով, որ որոշել է պարգեւատրել աշխարհի չեմպիոններին:

Էդգար Արամյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի, ըմբշամարտի աշխարհի ներկայացուցիչների ներկայությամբ չեմպիոններին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց:

Գործարարը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես միշտ հետեւում եմ Հայաստանի մարզիկների մրցելույթներին ու հպարտանում նրանց հաջողություններով: Այս անգամ Փարիզում անձամբ գտնվում էի մարզադահլիճում: Անասելի զգացմունքներ էի ապրում, երբ ամեն անգամ ի նշան հայ ըմբիշների փայլուն հաղթանակների, բարձրացնում էին նրանց ձեռքը, իսկ եզրափակիչ գոտեմարտերից հետո Եվրոպայի սրտում, աշխարհի տասնյակ երկրների մեջ ամենից բարձր ծածանվում էր Հայաստանի դրոշը եւ հնչում Հայաստանի օրհներգը: Դա միայն զգալ կարելի է, խոսքերով արտահայտել հնարավոր չէ: Այդ պահերին ուզում էի ոչ թե ավտոմեքենա, այլ ամբողջ աշխարհը նվիրել նրանց»:

Հարցին, թե սա, փաստորեն, առաջին խրախուսանքն է, որին նա արժանացնում է Հայաստանի մարզիկներին, Էդգար Արամյանը պատասխանեց. «Փաստորեն՝ այո: Եվ սա շարունակվելու է, մարզաձեւը նշանակություն չունի: Հայ աշխարհի չեմպիոնն ուրիշ է ինձ համար: Հայը պիտի առնվազն աշխարհի չեմպիոն դառնա: Դրանից ցածրին համաձայն չեմ: Այսուհետեւ աշխարհի մեր մյուս չեմպիոններին էլ եմ աչքիս առջեւ պահելու: Եվ որքան շատ հաղթեն, այնքան լավ:Ոչ մի խնդիր չկա»:

Արարողությունից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրատվամիջոցներին ներկայացրեց հետագա ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ ըմբիշները նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցեն Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: «Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը փոքր կազմով Ղազախստանում կմասնակցենք Բ. Տուլիխանովի մրցաշարին՝ Արսեն Ջուլֆալակյանը եւ Սարգիս Քոչարյանը: Արսենը բավականին ժամանակ է մրցաշարերի չի մասնակցել, իսկ Սարգսին փորձ է հարկավոր Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ: Ղազախստանից վերադառնալով՝ ուսումնամարզական հավաք կանցկացնենք, ապա կմեկնենք Լեհաստան՝ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնություն: Այնտեղ նախատեսում ենք չորս ըմբիշի մասնակցություն, իսկ տարին ավանդույթի համաձայն կեզրափակենք դեկտեմբերյան ուսումնամարզական հավաքով», – ասաց մարզիչը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930