Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հեղափոխության անտեսված կողմը. Նարե Շարմազանովա. 17.am

Մայիս 02,2018 23:07

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն:

Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել եւ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել: Բայց այս հեղափոխությունն էլ ունի անտեսանելի կողմեր: Ու դրանցից մեկը, գուցե աննշանը՝ ես եմ: Ու եթե մարդիկ մտահոգված էին դրսում կանգնած երեխաներով և նրանց անվտանգությամբ, ես և հեղափոխության այս կողմում մնացած անչափահասները անտեսված մնացինք:

Չէ՞ որ հեղափոխության տեսանելի կողմը փողոցում կանգնած անչափահասներն են: Ես բարեբախտաբար թե ցավոք, հեղափոխության անտեսանելի անչափահասն եմ, ում համար երկար ժամանակ պիտի պահանջվեր բացահայտելու երևույթներ և իրավիճակներ, որոնց համար արժեր ապրել «մղձավանջ երազը»:

Այս օրերին շատ է խոսվում, որ հեղափոխությունը խաղաղ եկավ, առանց տուժածների և ագրեսիայի, թալանված խանութներ և ջարդուփշուր եղած մեքենաներ չկային: Փոխարենը կա այս ամենի դարձյալ անտեսանելի կողմը՝ թալան, որի դերակատարները «ընկերներս» էին, ջարդուփշուր եղած հարաբերություններ, որոնք դեռ երեկ այնքան թանկ էին ու թվում էին՝ անդավաճան:

Այո, հեղափոխության ժամանակ զոհեր չունեցանք՝ անարյուն էր և, փառք Աստծո: Միայն թե ինքս «հուղարկավորեցի» շատերին… Վերքեր էլ եղան, ցավոտ էլ է: Նրանց անունները մեկ-մեկ գրեցի թղթի վրա: Ասում են՝ երբ ուզում ես սիրածդ մարդուց հեշտությամբ բաժանվել, գրիր նրա անունը թղթի վրա, հետո այրիր: Գրեցի էլ, պատռեցի էլ, վառեցի էլ, բայց նրանց պատկերները  չեն հեռանում աչքիս առաջից: Նրանք այստեղ են ՝ սրտիս մեջ, իսկ մտքումս՝ մի հարց՝ ինչի՞ համար:

Ասում են՝ կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել ճիշտ հաշվով: Այս օրերին ես կորցրի այդ հաշիվը. ի՞նչ էի արել նրանց, ում իմն էի համարում, նրանք էլ՝ կարծես թե ինձ՝ իրենցը: Ասացին ՝ «Սա քաղաքականություն ա, մի խառնի անձնականի հետ»:  Կամ՝ «Անկախ ամեն ինչից, մենք սիրում ենք քեզ ու քո կողքին ենք»: Կամ՝ «Դու մեծ պոտենցիալ  ունես, ուդաչի…»: Ստացվեց ես ունեի թևեր, որ ճախրում էի, բայց նրանք կտրեցին իմ ոտքերը: Իսկ ոտքերս մինչ հեղափոխությունը ամուր էին, հիմա՝ էլ ավելի: Պարզապես զգացմունքների հեղեղից հետո բանականությունը փսփսաց, մի փոքր հետո ավելի բարձր, իսկ ավելի ուշ գոռաց ՝ ինչի՞ համար: Ինչի՞ համար են գեղեցիկ փաթեթավորված խոսքերը, եթե իրականում դուք իմ կողքին չեք: Ի վերջո, ամեն ինչ շատ պարզ է՝ չկա գոլ վիճակ: Կամ պաղ ես, կամ տաք: Եվ եթե կողքիս չես, չկա այլ երես, չկա այլ քող, որ կարողանա ծածկել  ցավը:

Հարգելի պարոն ապագա վարչապետ, ես գիտեմ, որ քաղաքականությունը հեշտ գործ չի և շատ ավելի հեշտ է գեղեցիկ մտքեր ասելը, քան դրանք իրագործելը: Գուցե իմ խնդրանքը շատ չնչին է այն բոլոր մեծ ու փոքր, լուրջ ու բարդ գործերի համեմատ, որ պիտի արվի հայրենիքի համար: Բայց որպես այս հեղափոխության անտեսված կողմ, խնդրում եմ. փորձեք վերացնել  այն ատելությունը, որ այս օրերին տեղատարափ անձրևի պես թափվեց: Փորձեք Ձեր օրինակով կրթել  ինձ նման անչափահասներին, սովորեցնել, որ ատելությունը լավ չի, որ վատ է, երբ հեղափոխական հարթակից  երեխան հայհոյում է իր պապի տարիքի մարդուն, և  մեծերը ծափահարում են նրան:

Փորձեք բացատրել անչափահասներին, որ այդ քաղաքական գործիչները, ում «ֆուֆլո» են ասում, իրենց նման անչափահասների հայրեր և պապիկներ են: Փորձեք սովորեցնել, որ իսկապես անկախ բոլոր իրավիճակներից, դավաճանությունը լավ չի: Փորձեք սովորեցնել նրանց, որ ընկերությունը չի վաճառվում «օրվա քյարով», ինչպես հորս ընկերներից մեկն ասաց ՝ «Մերժում եմ Սերժին, որովհետև ինձ համար իմ քյարն ա կարևոր»:

Սովորեցրեք մեծերին ու փոքրերին, որ կարելի է չդավաճանել սեփական գաղափարներին, եթե անգամ  կողքիններն ասեն, որ սխալվում է: Սովորեցրեք, որպեսզի նրանք չտրվեն վարակիչ ալիքին, եթե ունեն իրենց ճշմարտությունը: Սովորեցրեք նրանց, որ մտավոր և ֆիզիկական ուժը կարելի է վաճառել, բայց վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին, որովհետև դա է մոդայիկ, որովհետև դրսում դրան ծափահարում են:

Փորձեք սովորեցնել՝  նախ մեծերին, որ  հեղափոխությունը հաղթելու համար պետք չի տղամարդուն կնոջ շորերով պատկերել, փորձեք արժևորել ու քաջալերել մարդկանց, ովքեր զուսպ են, ովքեր քմծիծաղ չեն տալիս ու չեն «ղժում» ընկերոջ վրա, ովքեր ամիսներ առաջ, օրինակ, շնորհակալ էին «պարոն Շարմազանովին», իսկ այսօր նա «վատ մարդ է»:  Ու «որքան հնարավոր ա՝ պետք ա արագ տարածել այդ ինֆոն»: Ու այսպես շարունակել՝  որքան վատ նրանց, այնքան լավ՝ մեզ մոտիվացիայով:

Հ.Գ.

Եթե Ձեզ հաջողվի աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ պրոցեսների արանքում ժամանակ գտնել և հիշել անչափահասիս խնդրանքը և քարոզել սեր և հանդուրժողականություն,  ես իրապես կլինեմ Հայաստանի հպարտ քաղաքացի: Այս ամենը հեշտ չէ , բայց տեսեք՝ ինչ կարող եք անել:

Էդուարդ Շարմազանովի դուստր՝ Նարե Շարմազանովա

Աղբյուր` 17.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Lusine says:

    Նարե ջան, իրապես ցավում եմ քեզ համար: Կուզեի նամակդ կարդային ապագա իշխանության մեջ գտնվող մարդիկ ու իրենց վարքագծով ապագայում իրենց երեխաներին զերծ պահեին նման ցավոտ իրականությունից: Սթափ լինելու դեպքում կհասկանաս, ցավոք այս ատելությունը հայրդ և ոչ միայն քո վաստակել էր: Ափսոս որ զերծ չմնացիր այդ ամենից: Դեռ երեկ նա հնարավորություն ոներ ինչ որ բան փոխելու: Բայց բոլորս ականատեսը եղանք

  2. Artur Lazarian says:

    Սիրելի Նարէ,
    Մի՛ վշտացիր: ժամանակի ընթացքում ամէն բան իր տեղը կ’ընկնի: Հօրդ կառավարման տարիներին Հայաստան երկիրն այնքա՜ն յետընթաց ապրեց, որ հասակակիցներիդ վերաբերմունքը բնաւ զարմանալի չէ: Մինչ դու սովորում էիր թանկարժէք դպրոցներում, ուտում ու հագնւում էիր ըստ պահանջի՝ այդ տարիներին, բազմահազար երեխաներ արտագաղթեցին, շատերը երկատուած (անհայր) ընտանիքներում մեծացան, շատերը գիշերները սոված ու սառած լուսացրեցին, շատերը հագուստ չունէին դպրոց գնալու: Եւ այդքանից յետոյ ուզում ես, որ քեզ գրկաբա՞ց ընդունեն: Նրանց հոգեվիճակն էլ փորձիր հասկանալ:

    Բայց այլեւս այդպէս չի լինելու: Այս շարժումն իսկապէս սիրոյ յեղափոխութիւն է: Այն միտուած է վերացնելու երկրում տիրող սոցիալական եւ միւս անարդարութիւնները: Դրանից շահելու ենք բոլորս՝ ես, դու, հայրդ, ընկերներդ:

    Դաւիթ մարգարէն ասում էր. «Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ»: Իսկ մէկ այլ տեղ. «Տէրն է իմ հովիւը եւ ես կարօտութիւն չեմ ունենայ»:

    Սիրելի Նարէ, զինուի՛ր համբերութեամբ եւ անսահման հաւատ ունեցիր, որ ամէն ինչ լաւ է լինելու: Միւս անգամ կը գրես առաջընթացի մասին:

  3. Համբերություն քեզ, բալիկս: Միշտ մտածիր, որ քո սիրելի քաղաքում անպայման կան մարդիկ, ովքեր սիրում են քեզ՝ առանց երբևէ տեսած լինելու, չէ՞ որ աշխարհի բոլոր երեխաները պատկանում են մեկ ազգի՝ երեխաների ազգին (ինչպես Վ. Սարոյանն է ասում), և դու այդ ազգի ամենալուսավոր զավակներից ես: Կանցնի խելահեղության ժամանակը, և դու նորից կգտնես քո խաղաղությունը, քո հին ու նոր ընկերներին: Ներողություն հոգուդ խռովքի համար, փոքրիկս: Ներիր մեզ՝ մեծերիս:

  4. Վասիլ Սարգսյան says:

    Հրաշք Ն․․Եին․․․

    Ծնողներ ենպես ապրեք,որ ոչ մի երեխա հիասթափվելով ու տխրելով չպատժի ձեզ․․․
    Ու ոչ մի ծնող, հիասթափությունից ու անճարությունից ճանփաներ չփակի․․․

    Վասիլ Սարգսյան

  5. ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ
    Այսօր շատերը պատասխանում են Նարեին,ոմանք ըմբռնումով,ոմանք վիրավորանքով,ոմանք կարեկցանկով:
    Ամեն մարդ ունի սեփական տեսակետ:
    Այսօր կուզեի առանձնացնել իմ տեսակետը:
    Իմ որդին 17 տարեկան է,ինչպես և Նարեն,ինչպես և Նիկոլ Փաշինյանի տղան:
    Եվ ինչու հանկարծ նրանք հայտնվեցին բարիկադի տարբեր կողմերում:
    Հայտնվեցին,քանի որ ,այդ բաժանարար գիծը գծվել էր շատ վաղուց: Գծել էին ձեր հայրերը,քանի որ մի մասը պահանջում էր օրինականություն,իսկ մի փոքր մասը հովանավորում էր անօրինականությունը,որի պատճառով երկիրը վերածվել էր բուրժուա-ֆեոդալական համակարգի:
    Կարծես թե սպառվել էր պայքարի բոլոր օրինական միջոցները և միակ միջոցը դարձել էր արտագաղթը:
    Բայց բացվեց մի մեծ լույս և մարդիկ ստացան հնարավորություն պայքարելու սեփական ոտնահարված ու արհամարված արժանապատվության համար : Իմ զավակը ամռանը կզորակոչվի բանակ պաշտպանելու հայրենիքը: Իսկ պաշտոնյաների զավակները կշարունակեն ամբարտավան պահվածքով շքեղ մեքենաների մեջ ի ցույց դնել իրենց անպատժելիությունը : Եվ դա այն գումարով,որով պետք է զինվեր բանակը:
    Հարգելի պաշտոնյաների զավակներ երբևե հարցրել եք ձեր հայրերին,թե որտեղից այդ փողերը նրանց: Համոզված եմ ,որ ոչ: Իմ որդին ունենալով բարձր առաջադիմություն,դպրոցից տուն վերադառնալով շտապ կերպով սովորել է դասերը և շտապել ինձ օգնելու,որպեսզի կարողանանք մարդավայել ապրել: Ստեղծված համակարգի պատճառով նա նորմալ մանկություն էլ չի ունեցել,բայց դրա փոխարեն ունի արժանապատվություն,հավատարմություն,նվիրվածություն և ազնվություն,որ նրա մեջ դաստիարակել եմ ես սեփական օրինակով:
    Այս օրերին նա միայնակ մասնակցում էր համազգային ըմբոստությանը ընդդեմ բռնապետության: Ես դեմ էի,քանի որ չէի հավատում ,որ դա կունենա այդպիսի արդյունք,բայց և որդուս չէի կարող ետ պահել: Վաղը նա դիմակայելու է թշնամուն :
    Մարդիկ ուզում են ապրել,ապրել արժանապատիվ,ապրել մարդավարի;
    Հարց տվել եք ձեր հայրերին,թե ինչու զինվորը զինված չէ,թե ինչու ուսուցիչը վատ է ապրում,թե ինչու է ծաղկում կաշառակերությունը,ինչու է անպատիժ մնում սանձարձակությունը,ինչու են կեղծվում ընտրությունները,ինչու և ինչ միջոցներից է բաժանվում ընտրակաշառքները,ինչու են արտագաղթում ձեր իսկ դասընկերների ընտանիքները: Եվ այսպես կարելի է թվարկել բազում ինչուներ:
    Հարցրեք բոլոր ինչուների պատասխանները ձեր ծնողներից և հարցրեք ,թե որքան է դրանում ձեր ծնողների մեղքի բաժինը:
    Այդ ժամանակ կարծում եմ ձեր համար պարզ կլինի,թե բարիկադի ձեր կողմում ինչու չտեսաք ձեր ընկերներին:

  6. manvel says:

    կարդացի Ձեր նամակը;Հուզիչ էր բայց չհուզվեցի և ՁԵՐ հետ ինչ կատարվեց Ձեր մեղքը չէր.Ինձ շատ ծանոթ ՀՀԿ-ականների ՝ նույնիսկ , Ձեր հայրիկի պահվածքը, համարում են ստորաքարշությունը առ Սարգսյան :Եվ դա է նրա միակ արժանիքը իշխանության մեջ մնալու ԵՎ կարդալով Ձեր այս նամակը մտածում եմ .ա/ եթե այս նամակը՝ շատ հասուն և խելացի գրել էք Դուք ապա ինչպես կարող էիք Ձեր սիրելի հայրիկին չասել Ինչ էս անում հայրիկ? բ/ եթե Դուք չեք գրել…ասելիք չկա: Բայց ես հույս ունեմ որ ատելության էջը պիտի փակենք և չի կարելի ոչ մի ղեկավարի աստվածացնել, երբ նրա արժեքը գրոշ էլ չարժե: Ժողովուրդը դուրս էր եկել ոչ թե հանուն ՆԻԿՈԼԻ այլ ընդդեմ իշխանություններին: եվ ամենակարևորը .մեծերի համար Դուք պատասխանատու չեք և ես սիրում եմ Ձեզ, հոգով սրտով ներողություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031