Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխության հաղթանակը Արմավիրում. «Ժամանակ»

Հունիս 23,2018 10:34

Հիմա Արմավիրում մտածում են նոր քաղաքապետի մասին, որի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Թեկնածուների պակաս, անշուշտ, չի լինի, և արդեն երեկ քաղաքապետի թեկնածուի առնվազն մի քանի տասնյակ անուն էր շրջանառվում: Արմավիրի ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը ցանկություն ունի առաջադրվելու, քանի որ նրանցից յուրաքանչյուրը 1500-ից մինչև մի քանի հարյուր ձայն է ստացել, և հիմա համարում է, որ եկել է իր աստեղային ժամը:

Քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն ունի արդեն մեկ անգամ առաջադրված Սևակ Մինասյանը, ով Խլղաթյանին պարտվել է ընդամենը 500 ձայնի տարբերությամբ, բայց համարում էր, որ հրապարակված պաշտոնական արդյունքները գրանցվել էին կեղծիքի ու թվային աճպարարության արդյունքում: Սևակ Մինասյանի անունը կապվում է կրիմինալի հետ, որովհետև նրան են վերագրում սպայի վրա կրակահերթ արձակելու աղմկահարույց պատմությունը, ինչպես նաև այլ քրեական արարքներ:

Մինչև վերջերս քաղաքապետի հավակնություններ ուներ ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով ևս մեկ անգամ առաջադրվել է Արմավիրի քաղաքապետի թեկնածու և պարտվել, բայց Գասպարյանը հույս ուներ քաղաքապետ ընտրվել ՀՀԿ-ական իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ով խոստացել էր Արմավիրի քաղաքապետի պաշտոնը հանձնել Գասպարյանին, եթե նա 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պաշտպաներ ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանի թեկնածությունը: Գասպարյանը կատարել էր Սարգսյանի խնդրանքը և սպասում էր, որ Սարգսյանն էլ կատարեր պայմանավորվածության իր մասը, բայց, ավաղ, Սարգսյանը հիմա զրկված է քաղաքապետ նշանակելու այն լիազորությունից, որը ուներ մինչև հրաժարականը: Իսկ առանց նման հենարանի Գասպարյանը դժվար թե մտնի ընտրապայքարի մեջ՝ վտանգի տակ դնելով իր անունն ու հեղինակությունը:

Կան քաղաքապետի այլ բազմաթիվ թեկնածուներ ևս, որովհետև մարդկանց մի մասի մոտ համոզմունք է ձևավորվել, որ եթե ընտրությունները լինելու են ազատ և առանց ընտրակեղծիքի, իրենք դրանցում հաղթելու մեծ հնարավորություն ունեն: Սա, իհարկե, շատ լավ է, և որքան մեծ լինի մրցակցությունն ու մարդկանց ընտրություններին մասնակցելու ազատությունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կընտրվի հանրային վստահություն վայելող գործիչ: Ի վերջո, թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը հենց ազատությունն է, որի ամենակարևոր դրսևորումը պետք է լինի ընտրություններում:

Ալբերտ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930