Լրահոս
Օրվա լրահոսը

Եռագույնը առաջին անգամ մամուլում

Հունիս 27,2018 12:30

Բազմաժանր եւ բազմաշերտ է բազմավաստակ մամուլի նկարիչ-լրագրող, ժամանցաստեղծ Ցոլակ Կանթեղի (Ղանդիլյան) ստեղծագործական աշխարհը, ուր իշխում է գենի հզոր խորհուրդը եւ կանչը:
Նկարիչը 1968 թվականից աշխատել է հանրապետական մի շարք խմբագրություններում: Ցոլակ Կանթեղը իր գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներով բազմիցս մասնակցել է միջազգային եւ հանրապետական ցուցահանդեսների, ունեցել անհատական մոտ 10 ցուցահանդես: Առանձնահատուկ են նրա ստեղծած հայ նշանավոր մարդկանց՝ Մ. Սարյանի, Ավ. Իսահակյանի, զորավարներ Անդրանիկի, Նժդեհի, Ե. Չարենցի, Հ. Սահյանի, Մ. Գալշոյանի եւ այլոց դիմանկարները՝ Կանթեղ արվեստագետի խոնարհումի առհավատչյան են ազգի երեւելիների ուժի ու մտքի առաջ: Արվեստագետի նրբին ապրումների, փիլիսոփայական աշխարհընկալման մասին են խոսում նրա շատ գործեր՝ բնանկարները, նատյուրմորտները՝ «Սիրո եւ հավատի լույս», «Կենաց ծառ», «Համբույր», «Սլացք», «Թռիչք» եւ այլն, որոնք տարբեր տարիների կատարված յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքներ են, ուր զգացվում են նկարչի բանաստեղծական ներշնչանքն ու խառնվածքը: 1995թ. ձեւավորել է «Զորավար Անդրանիկ» թանգարանը, որը գտնվում է Կոմիտասի անվան այգում:

«Գարուն»

Բազմավաստակ նկարիչը ձեւավորել է բազմաթիվ գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի գրքեր, որոնցից առաջինը Հ. Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» գիրքն է: Չորս միությունների անդամ է Ցոլակ Կանթեղը (չհաշված Լեհաստանի ծաղրանկարիչների ասոցիացիան)՝ ՀՆՄ, ՀԺՄ, Նոր Նորքի մտավորականների միություն, «Շիրակ» հայրենակցական միություն: Նկարչին հոգեհարազատ է նաեւ ծաղրանկարի ժանրը, որը ի սկզբանե ուղեկցել է նրան, երեւի գյումրեցու արյունն է հոսում: Ի դեպ, նկարչի «Պեգաս» ծաղրանկարը 1974 թվականից սկսած մի քանի տարի շարունակ «Լիտերատուրնայա գազետա» թերթի «կպչՈրօ Ռ չՐՌՎՈրօ» երգիծական էջի խորհրդանիշն է եղել, «Պեգաս» ծաղրանկարից են շարունակվել «Գլուխներ» ծաղրանկարների շարքը: Նկարիչ Ցոլակ Կանթեղը մանկուց նախասիրություն է ունեցել ժամանցաստեղծության գործում, նա մտախաղաժամանցային գրքերի հեղինակ է. «Թումանյանը խաղերի մեջ» եւ նույնատիպ գրքերի, որոնք նվիրված են Ավ. Իսահակյանին, Ե. Չարենցին, Հովհ. Շիրազին եւ Պ. Սեւակին, Մ. Խերանյանին…

Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում։

Ազգային զարթոնքի տարիներին՝ 1989թ. «Ոզնի» երգիծական ամսագրում տպագրվեց գունավոր էքստրեմիստական խաշ-բար, որը նկարել եւ կազմել էր բազմավաստակ նկարիչը, գծագրի վանդակներում եռագույն դրոշն էր պատկերված, գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանը չէր նկատել եւ շտապ ուղարկվել էր տպարան, ամսագիրը տպագրվեց եւ վաճառքի հանվեց, մամուլի կրպակներում շատ քիչ վաճառվելուց հետո հավաքեցին եւ փոխարենը այլ՝ N 22- ով տպագրվեց: Այսպիսով՝ եռագույն դրոշով խաշ-բարը առաջին անգամ տպագրվեց Ցոլակ Կանթեղի շնորհիվ:
Օրերս բոլորեց Ցոլակ Կանթեղի ծննդյան 75-ամյակը:

Ծաղրանկար «Գլուխներ» շարքից:

Մի առիթով Հայաստանի վաստակավոր նկարիչ, գյումրեցի Ալեքսանդր Գրիգորյանն ասել է. «Ցոլակ Կանթեղը հարուստ երեւակայության տեր, սրաչք, ոգեպաշտ արվեստ սիրող նկարիչ է, երկար տարիներ որդեգրվելով հայ մամուլին, շատ սիրեց ձեւավորման արվեստը՝ ներդաշնակելով գյումրեցու ռոմանտիկ, սրամիտ խառնվածքը ստեղծագործություններում»:

ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ

«Ոզնի» երգիծաթերթի պատասխանատու խմբագիր

 

«Առավոտ»

26.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930