Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանն ու սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդեանը: Պարոն Դավիդեանը նաեւ ժամանցային օբյեկտներից մեկի բաժնետերն է:
Լուսինե Բուդաղյան.– Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երեւանյան մի շարք փաբերում եւ ակումբներում, ինչը հարուցել է նշյալ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը: 15-ից ավելի տնտեսվարողներ այս առիթով բաց նամակ ուղղեցին Երեւանի քաղաքապետին, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանին եւ ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով գրավոր ներողություն խնդրել: Գործարարները պնդում էին, որ իրավապահների այցելության արդյունքում իրենք ոչ միայն ֆինանսական, այլեւ վարկանիշի հետ կապված վնասներ են կրել:
Այս եւ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված մի շարք խնդիրներ քննարկեցինք մեր հյուրերի հետ:
Պարոն Դավիդեան, ոստիկանությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ` հայցելով զվարճանքի վայրերի հաճախորդների ներողամտությունը, օբյեկտների տերերին էլ հորդորել է գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպիսի՞ վնասներ կրեցին այդ ակումբները, օրինական դաշտ ասելով ի՞նչ նկատի ունի ոստիկանությունը, ումի՞ց է կախված ձեր` օրինական դաշտում աշխատելը:
Սեւակ Դավիդեան.– Մեր պարագայում մոտեցել են շատ քաղաքավարի, 6 ոստիկան, ներս չեն մտել, դրսում մեզ կանչել են եւ ասել, որ ժամը 23-ն անց կես պետք է անջատված լինի երաժշտությունը, եւ դուռը փակենք: Այնտեղ բավական մեծ թվով հաճախորդներ կային, նաեւ դրսից ներս մտնել ցանկացողներ կային, այդ թվում եւ զբոսաշրջիկներ: Մյուս օբյեկտներում էլ ճիշտ նույն իրավիճակն է եղել: Շատ քաղաքավարի, ընկերական, անգամ ընկերական ձեւով վախեցրել են, որ այնպես չլինի՝ մի հատ էլ գանք այդ երաժշտության համար: Իրենց վարվելակերպը, ճիշտ է, քաղաքավարի է եղել, բայց դրանով հանդերձ՝ վախի զգացում են ստեղծել: Մարդիկ, տեսնելով, որ ոստիկաններ են եկել, հատկապես` զբոսաշրջիկների մեջ շատ վատ զգացողություն առաջացրեց, ստիպված փակել ենք, մենք ասացինք, որ կամաց-կամաց փակեն, քանի որ եթե միանգամից այդքան ժողովրդին դուրս հանենք, ի՞նչ կկատարվի դրսում, իսկ այդ գիշեր բավականին այցելուներ ունեինք ժամը 11-ից հետո: Տուրիստները վախեցան` մտածելով, թե այդ ինչ է կատարվում, մենք նրանց հետ խոսեցինք, բացատրեցինք, որ լուրջ բան չկա: Այստեղ խնդիրը 24-ժամյա լիցենզիան է: Շատ շատերը դիմել են, մենք էլ դիմել ենք հունվարին, վճարել ենք 175 հազար դրամը, եւ մի կտրոն են տվել մեզ, բայց լիցենզիա չեն տվել: Այդ այցից հետո երկուշաբթի ներկայացանք թաղապետարան: Եվ որքան էլ հետաքրքիր էր՝ պարզվեց, որ մեր 24-ժամյա լիցենզիաները պատրաստ են` թվագրված հունիսի 20-ով: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք այս խնդիրը կապվա՞ծ է թաղապետարանի հետ, քաղաքապետարնի հետ, մենք չգիտենք, մեջտեղում ենք մնացել: Այո, գոյություն ունի օրենք, որ 23:30-ից հետո երաժշտությունը պետք է անջատվի, բայց 24-ժամյա լիցենզիան շատ հստակ չէ՝ կարո՞ղ ես երաժշտություն միացնել, թե՞ ոչ: Այսինքն` շատ հակասական օրենքներ գոյություն ունեն: Մենք այն մարդիկ չենք, որ խնդիր սարքենք, նախ` մենք կարաոկե չենք, փաբ ենք, այսինքն` այստեղ մշակույթ գոյություն ունի: Ոստիկանության անձնակազմն այդ տարբերությունը դեռ չի տեսնում: Այստեղ սիրված տեղ է, տուրիստները խոսում են իրար հետ, տեղացիները, սփյուռքահայերը խոսում են, բարձր երաժշտություն չկա, սրանք հանգիստ տեղեր են: Անկախ նրանից` լիցենզիա ունես, թե չունես, եթե 11-ին երաժշտությունն անջատելու ես, Կասկադի դիմացի ռեստորանները հավաքելու ես, այս ամենը ճի՞շտ է տուրիզմը զարգացնելու համար: Ավելի շուտ՝ մեր օրենքները սխալ չե՞ն: Այս ամբողջ օրենքներն արդյո՞ք իրար չեն հակասում: Խոցելի կետեր շատ կան: Մենք մերն ենք ասում, ոստիկանությունը` իրենը, մի տարօրինակ իրավիճակ է:
Լ. Բ.– Պարոն Ավագյան, դուք, որպես ՓՄՁ շահերը պաշտպանող կառույց, ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում այս հարցում: Օրինակ՝ փաբերի սեփականատերերը շեշտում են, որ ունեն 24-ժամյա աշխատանք իրականացնելու թույլտվություն, կատարել են դրա հետ կապված բոլոր պետական վճարումները, սակայն այս տարի շատերը ստիպված են եղել շաբաթներ, իսկ ոմանք՝ նույնիսկ ամիսներ շարունակ սպասել այդ արտոնագրի թղթային օրինակին։
Հակոբ Ավագյան.- Այս խնդիրը` ոչ միայն 24:00-ից հետո աշխատելու, այլեւ ընդհանրապես, տեղական տուրքերի հետ կապված թույլտվությունների, մի քանի անգամ բարձրացվել է վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդում, որպեսզի դա կարգավորվի: Նախորդ կառավարության ժամանակ եղավ տեղական տուրքերի փոփոխություն` ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի: Այսինքն` այդտեղ եղավ տարանջատում` ոչ միայն գոտիավորման, այլեւ քառակուսի մետրի մասով, որտեղ նույնպես խնդիր եղավ մասնավորապես Երեւանի քաղաքապետարանի հետ: Նրանք քառակուսի մետրը դիտարկեցին ամբողջ օբյեկտի զբաղեցրած տարածքը, բայց ամենասկզբում եղել էր, որ սպասարկման սրահը պետք է վերցվի որպես չափման միավոր: Ասածս այն է, որ կարծրատիպ կոտրվեց, որ պետք է փոքրն ավելի քիչ վճարի, քան մեծը: Դրա մեջ մտնում էր նաեւ 24:00-ից հետո աշխատելը: Այստեղ ուզում եմ զուգահեռներ տանել, որ բակային խանութները, այն պահից սկսած, երբ որ թանկացավ տեղական տուրքը եւ դրա վարչական տուգանքը, փոքր բակային խանութները սկսեցին փակվել ժամը 24-ից հետո, որը նույնպես խնդիր է փոքր բիզնեսի զարգացման: Այսինքն` մենք ամեն ինչն ուղղորդում ենք դեպի խոշոր խանութներ:
Փաբերի հետ կապված, կարծում եմ, ոստիկանությունը ոչ թե ստուգում է իրականացրել, այլ նրա մանդատն այս պարագայում հասարակական կարգի պահպանման խնդիրն է եղել: Թույլտվությունը տեղական ինքնակառավարման մարմնինն է, հետեւաբար վարչական տուգանքն էլ նրանցն է, նրանց վերահսկողության ներքո է: Ինչ դեպքերում կարող է գալ ոստիկանը. ամենապարզագույնը` կարող է փողոցով անցնելիս տեսնի եւ դա դիտարկի հասարակական կարգի խախտում, որքան էլ դուք ասում եք՝ աղմուկ չեք անում: Այո, ինքն իրավունք ունի մոտենալու, իր վկայականը ցույց տալու, կարգի հրավիրելու` կլինի տնտեսվարող սուբյեկտ, թե ֆիզիկական անձ: Այս խնդիրը` փաբեր, գիշերային ակումբները միշտ էլ բարձրաձայնվել է, որովհետեւ մենք խնդիր ունենք այդ հասարակական կարգի: Այսինքն` որ պահից է բիզնեսը սկսում խանգարել հասարակական կարգին: Այդ կարգավորումը քանի որ հստակ չէ, մենք ունենում ենք` որն է առաջնային, որը` երկրորդային: Բայց վերադառնալով այն մտքին, որ տեղական տուրքերի հետ կապված մենք խնդիր ունենք եւ ձեր նշած, որ միանգամից սկսել են տալ լիցենզիաները, մենք բազմիցս ասել ենք, որ պետք է վերացնել ու գալ այնպիսի փոփոխության, որ անձի հետ շփումը չլինի, ինչպիսին հիմա ունենք հարկային համակարգում: Ինչու: Որովհետեւ հասարակ գովազդի թույլտվությունը որ ստանում ենք, այդտեղ էլ քանի տարի է՝ կռիվ ունենք` որն է գովազդ, որն է ցուցանակ: Թեեւ դրանք տարբեր բաներ են, բայց երբ դու գնում ես, որ ստանաս թույլտվություն իր գովազդի համար, սկսում են համեմատել այդ տարածքի տիրոջ աղբահանության վճարի հետ, ասում են՝ այն աղբահանության վճարն արա, նոր, որքան էլ ասում է՝ ինքը վարձակալել է տիրոջից, առանձին տնտեսվարող է, եւ դիմել է գիշերային աշխատանքի թույլտվություն ստանալու համար, միեւնույն է՝ այդ խնդիրներն առաջացնում են: Այսինքն` տեղական ինքնակառավարման մի շարք հարցեր դեռեւս կարգավորված չեն, եւ մարդու գործոնը մեծ դերակատարում ունի: Երբ մենք կարողանանք այնտեղ էլ առցանց այդ համակարգը դնենք, ինչպես որ հարկային համակարգում է, վճարեն եւ առցանց դիմեն ու առցանց ստանան, շատ հարցեր կլուծվեն: Իսկ շատ ավելի կարեւոր խնդիր է ոչ միայն փաբերի, այլեւ գոտիավորման հարցը: Այսինքն` որ փողոցի վրա կամ Երեւան համայնքում քանի հատ փաբ պետք է բացվի: Օրինակ` Երեւան քաղաքում ունենք մի տնտեսվարողին պատկանող 13 սուպերմարկետ, այդտեղ մենք ունենք ազգային անվտանգության խնդիր` ոչ թե հարկերը թաքցնելու, այլ մենք թողնում ենք մի տնտեսվարողին լինի խոշոր դերակատարում ունեցող: Ամենապարզագույն օրինակը բերեմ, օրինակ` մենք ունենք հնդկաձավարի կամ ինչ-որ բանի նվազագույն պաշարներ, որ պետք է մեր երկրում լինեն, հիմա եթե մենք ուզենանք հասկանալ, թե մի տնտեսվարողի մոտ որքան հնդկաձավար կա, մենք չգիտենք, թույլ ենք տվել տարիների ընթացքում ինքը դա ներմուծի, եւ նա դարձել է գերակա դիրք զբաղեցնող: Հիմա չի կարելի մեկ օրում ասել` գնա քո փաբը փակի: Պետք է ընդունել կանոն, ասել` քեզ մեկ տարի ժամանակ, օրինակ` Սայաթ-Նովա փողոցի վրա պետք է լինի 3 հատ փաբ, ոչ ավելի: Կամ՝ շենքի տակ չպետք է լինի, իսկ եթե լինի, ապա պիտի համապատասխանի չափորոշիչներին: Աշխարհի մյուս երկրներում էլ կա արգելք, որ ինչ-որ ժամից սկսած երաժշտությունն անջատվում է, բայց կարգավորումը պետք է լինի հստակ:
Վերադառնալով ոստիկանությանը՝ իմ կարծիքով, իրենք այդտեղ տուգանք առաջադրելու իրավասություն չունեն, բացի նրանից, որ ձեզ ասում են` վերականգնիր հասարակական կարգը: Այդտեղ խնդիր է առաջանում` որն է հասարակական կարգի խախտումը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Քննարկումն ամբողջությամբ՝
«Առավոտ»
06.07.2018


















































