Տարբեր ժամանակներում հեռացած հրամանատարները կարծում էին, որ ԵԿՄ-ն այլեւս նախագահ չպետք է ունենա, եւ պետք է կառավարման կոլեկտիվ խորհուրդ ընտրել։ Նրանք հայտարարեցին կրկին ԵԿՄ վերադառնալու, կառույցը նորոգելու մտադրության մասին, 2 շաբաթ առաջ նրանք եւ ԵԿՄ վարչության 3 նախագահները նիստ արեցին, կազմկոմիտե ձեւավորեցին, որը պետք է զբաղվեր ապագա համագումարի հարցերով, սակայն այս առաջարկը ԵԿՄ ակտիվը չընդունեց։
Նախօրեին կայացած նիստին, որին մասնակցել են վարչության անդամներ, տարածքայինների ներկայացուցիչներ, ձեւավորվել է նոր աշխատանքային խումբ՝ համագումարին նախապատրաստվելու նպատակով, եւ ԵԿՄ նախագահի թեկնածու են առաջադրել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին։
ԵԿՄ-ից հեռացածները չեն մասնակցել այդ նիստին, տեղյակ էլ չեն եղել, եթե անգամ լինեին էլ, իրավունք չունեն մասնակցելու, քանի որ ակտիվի անդամ չեն։ Արամ Զավենիչի առաջադրումը նոր կրքեր է շիկացրել ազատամարտիկների շրջանում։ ԵԿՄ-ից հեռացածներն այլեւս չեն մտածում վերադառնալու մասին՝ փոշմանել են։
Ազատամարտիկների դաշինքի հրամանատարները, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ այլք նիստից հետո այլեւս չեն պատրաստվում վերադառնալ ԵԿՄ՝ ասաց Գասպարյանը։ «Չիմացանք, թե ով առաջադրեց Արամ Սարգսյանին, ինչի առաջադրեց, ինչ քաղաքական խնդիր են լուծում: Մենք ցանկանում էինք` իրոք էդ մուրը, էդ ամոթը, էդ բուֆետչիկներն ու նալոգ մուծողները մաքրվեին ԵԿՄ-ից, իսկ դրանք էնքան շատ են, որ իրենց ձեռք չէր տալու մեր էնտեղ վերադառնալը»,- ասաց Գասպարյանը։ «Մենք ուզում էինք ԵԿՄ-ն վերականգներ իր իսկական դեմքը` կռվող տղաներով համալրված, բայց, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԵԿՄ վարչությունը նախընտրեց նույն կարգավիճակով շարունակել իր գործունեությունը»։ Գասպարյանի կարծիքով, Արամ Սարգսյանը չպետք է համաձայներ այդ պաշտոնին։ «Եթե ուզում էր եղբոր ստեղծած կառույցը պահպանել, կարող էր մնալ մեր առաջարկած խորհրդի անդամ, իր առաջարկներով ի նպաստ բերեր, ոչ թե՝ կուսակցական ղեկավար լինելով հանդերձ… էս պարագայում պարզ չէ՞, որ իր ուժին է աջակցելու ԵԿՄ-ն։ Իսկ եթե լիներ խորհուրդ եւ խորհրդում՝ տարբեր կուսակցական անդամներ, քաղաքական նպատակների չէր ծառայի, որովհետեւ հնարավոր չէր լինի խորհրդի բոլոր անդամներին ուղղորդել, իսկ մեկ նախագահին ուղղորդելը հեշտ է»,- ասաց Գասպարյանը։
Մինչ ԵԿՄ-ից հեռացածներն Արամ Սարգսյանի առաջադրման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, տեղեկություններ կան, որ գեներալ Մանվելի անկումից հետո նրանց կայծակնային հայտնությունը ԵԿՄ-ում եւս պատահական չէ։ Որոշ տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն է նրանց գործուղել «Երկրապահ», որ նրանց միջոցով ազդեցություն ունենա ԵԿՄ-ի վրա, ինչը թերեւս հնարավոր կլիներ կոլեգիալ կառավարման ժամանակ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































