Լրահոս
Օրվա լրահոսը

Գեդիկյանի «Առանձնատունը» կամ կյանքը ընթացքի մեջ

Հուլիս 09,2018 15:39

15-րդ «Ոսկե ծիրանը» բացվեց ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» (The house by the sea) ֆիլմով, որտեղ նկարահանվել են Արիան Ասկարիդը, Ժան-Պիեռ Դարուսենը, Ժերար Մեյլանը, Ժակ Բուդեն, Անայիս Դըմուստյեն, Ռոբինսոն Ստևընենը:

Ինչի՞ մասին է այն…Մարսելի մոտակայքի փոքրիկ ծովածոցում գտնվող գեղատեսիլ առանձնատունը աչք է շոյում, ու նրա տերն արդեն անկողնային հիվանդ է: Կյանքի վերջին օրերին նրա կողքին են երեք զավակները` Փարիզում բնակվող դերասանուհի Անժելը, Ժոզեֆը, որը սիրահարվել է երիտասարդ աղջկա, և Արմանը: Վերջինս մնացել է Մարսելում՝ ընտանեկան փոքրիկ ռեստորանն աշխատեցնելու համար: Զավակները պետք է կիսեն հոր ունեցվածքը, ընդ որում՝ կտակով Անժելին 25 տոկոսով ավելի շատ բաժին է հասնում, որովհետեւ նրա մանկահասակ դուստրը զոհվել է այդտեղ: Անժելը, սակայն, հրաժարվում է հորը ներելու այդ «ձեւաչափից»:

Բոլորի անձնական ողբերգությունները «ճյուղավորվում» են, բայց կյանքը շարունակվում է, դժբախտ եւ ուրախ պահերը կրնկակոխ փոխարինում են միմյանց, ու մարդիկ շարունակում են ապրել:

Ֆիլմը կոնկրետ հերոսի խնդրի մասին չէ, բոլորի մասին է, ֆիլմում ներկայացված պատմությունը կարող էր կատարվել ցանկացած երկրում, այն կարող էր համարվել ցանկացած ընտանիքի պատմությունը, այսինքն՝ շատ համամարդկային է:

Սիրավեպ երիտասարդ տղայի հետ, դեպրեսիայի մեջ գտնվող եւ երիտասարդ ընկերուհուն ձանձրացրած տղամարդ, իրար սիրող եւ ինքնասպանություն գործած ու միասին այն աշխարհ գնացած տարեց ամուսիններ, սիրող որդի…Մի խոսքով, կյանքը ցուցադրված է ընթացքի մեջ:

Ֆիլմում անդրադարձ կա նաեւ արաբ փախստականների խնդրին՝ մարդասիրությանը… Որբ երեխաները ջերմություն են գտնում «ծերացած» առանձնատանը: Բայց մեկ է` նրանց ճակատագիրն անհայտ է, ինչպես հերոսներից յուրաքանչյուրինը: Ու կյանքը շարունակում է ընթանալ: Գեդիկյանը հնարավորություն է տվել, որ ինքներս որոշենք, թե որ հերոսն ինչպես է ապրելու վաղը…

Ի դեպ, որպես կանոն, բոլոր հայազգի ռեժիսորները, երբ անդրադառնում են անձնական ցավին` Հայոց ցեղասպանությանը, հույզը նրանց խանգարում է աշխատել, ինչքան էլ զուսպ լինեն: Նույնն էլ Գեդիկյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մի խենթ պատմություն» ֆիլմի պարագայում է: Մինչդեռ «Առանձնատունը» ֆիլմում նա «ձերբազատված» է հայկական «կապանքներից» եւ ասելիքը համամարդկային հարթություն է տեղափոխված, բայց նաեւ այնքան անձնական է թվում արաբ փախստական երեխաների վիշտը, որ քեզ քո ցավն է հիշեցնում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031