Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարն ապրում է իր բիզնեսով

Հոկտեմբեր 10,2018 10:00 Share

Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՀԿ-ի մեկուկես տասնյակից ավելի պատգամավորներ (հիմնականում՝ գործարարներ) հավատարմության երդում տվեցին նոր իշխանությանը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են ավելի մեղմ,  կասեի անգամ՝ ավելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծո լույսն է նրանց վրա սփռվել, հասկացել են, որ իշխանության կրողը ժողովուրդն է:

Ճիշտն ասած, «առնետավազքն» էլ է, ըստ իս, վիրավորական, «դարձի գալն» էլ՝ երկրորդ դեպքում, կարծես, մարդկանց ծաղրեն: Իրականում գործարարները, որոնք մտել են քաղաքականություն, ունեն իրենց հստակ շահերը: Չկա ԲՀԿ, կա բիզնեսմեն Գագիկ Ծառուկյան, որը, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, «կուսակցություն է պահում» (սկզբնական շրջանում դա արվում էր Ռոբերտ Քոչարյանի «հորդորով»): Չկա ՀՀԿ, կան մի շարք գործարարներ, որոնք «կուսակցություն էին պահում» Սերժ Սարգսյանի «հորդորով»: Եթե Սերժ Սարգսյանն այլեւս առաջին դեմք չէ, ինչո՞ւ պիտի պահեն: Պարզ է, որ այդ մարդիկ չեն հակադրվի որեւէ իշխանության: Հակադրվելու դեպքում՝ եթե այլ բան չլինի, կգան հարկայինը կամ ԱԱԾ-ն ու «կպառկացնեն ասֆալտին»: Կանեն այն, ինչ 2008 թվականին արել են Խաչատուր Սուքիասյանի, 2015-ին` նույն Գագիկ Ծառուկյանի, իսկ հիմա՝ Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի եւ մյուսների հետ:

Մեղադրել գործարարներին, որ նրանք հոգ են տանում իրենց բիզնեսի մասին՝ հարմարվելով ցանկացած իշխանության, արդարացի չէ: Ուրիշ հարց, որ նրանք ընդհանրապես պետք է գործ չունենան քաղաքականության, պատգամավորական մանդատների եւ խորհրդարանի հետ: Եվ այստեղ կա, կարծում եմ, հիմնարար տարբերություն անցյալի եւ ներկայի միջեւ՝ հօգուտ ներկայի:

Ներկայիս իշխանությունը որեւէ կապ չունի այդ գործարարների հետ եւ որեւէ շահագրգռվածություն չունի, որ նրանք հայտնվեն խորհրդարանում: Դա լավատեսություն է ներշնչում այն առումով, որ բիզնեսմեններն այլեւս անհրաժեշտություն չզգան «կուսակցություններ բացելու», «պահելու», ինչպես նաեւ խորհրդարան մուտք գործելու: Դա, վերջապես, կտարանջատի բիզնեսը եւ քաղաքականությունը, բիզնեսը եւ պետական համակարգը,  եւ  գործարարները կզբաղվեն իրենց գործով: Հայտարարվել է, որ նրանց տվել են երաշխիքներ եւ ազատել են կոռուպցիոն պարտավորություններից:

Ներդրումնե՞ր ես բերում՝ շատ լավ ես անում, քո բիզնեսի համար ես անում: Բարեգո՞րծ ես՝ շատ ապրես, շարունակիր քո բարեգործությունները: Ազգային ժողովը թող քաղաքական գործիչներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031