Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որը վարեց «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը:
Նիստի ընթացքում ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ: Չորս հանձնաժողովի նախագահներ «Իմ քայլը» դաշինքից են, որից երեքը՝ անկուսակցական:
Աշոտ Մնացականյանը ընտրվեց ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Սաթենիկ Մկրտչյանը՝ կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի: Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Կարապետյանը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է: Արուսյակ Ջուլհակյանն էլ ընտրվեց իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: Այս նիստում ընտրվեցին նաեւ հանձնաժողովների նախագահների տեղակալները:
Հայկ Մարությանը քվեարկության դրեց նաեւ ավագանու հերթական նիստի օրը: Միաձայն որոշվեց, որ Երեւանի ավագանու հաջորդ նիստը նոյեմբերի 13-ին է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ





















































