Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պե՞տք է արդյոք «Երկրապահը»

Նոյեմբեր 04,2018 12:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, որպեսզի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն իրականություն դառնա: Չնայած շատերն են համարում, որ հեղափոխության առաջնորդ և հեղափոխության շնորհիվ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը տեղին ու հիմնականում անտեղի հեղափոխության կրիտիկական մասսայի գործոնն օգտագործում է ընդդեմ հակահեղափոխականների ու իր հակառակորդների, կյանքը հակառակն է ցույց տալիս. կյանքը ցույց է  տվել ու շարունակում է ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բոլոր նախկիններին հակահեղափոխականներ չի համարում, այլև շատ դեպքերում լուրջ պաշտոններ է վստահում նրանց, ընդ որում՝ չափազանց կարևոր պաշտոններ: Դրա առաջին օրինակն ու ապացույցն Օսիպյանի նշանակումն էր, որը շատերի զարմանքը հարուցեց:

Համոզված եմ, որ առաջիկայում առավել զարմանալի նշանակումներ կլինեն, որովհետև մեր հասարակությունը սևերի ու սպիտակների և հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելն առանձնապես լուրջ զբաղմունք չէ և մեր պետությանը լուրջ ապագա չի խոստանում, և չնայած գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու տուշոնկաների հայտնաբերումը հասարակության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրին, բայց բարեբախտաբար այդ ոգևորությունը ժամանակավոր բնույթ կրեց, և շուտով շատերը հասկացան, որ, չարիք լինելով հանդերձ, գեներալ Մանվելը մեր պետության համար ամենևին էլ միակ ու գլխավոր չարիքը չէ, և շատերը հասկացան նաև, որ գեներալ Մանվելի և ընդհանրապես մանվելների գոյությունը մեր թողտվության ու հանդուրժողականության արդյունքն էր, և մանվելների դեմ ոչ թե ԱԱԾ-ն պետք է պայքարի, այլ, առաջին հերթին, հասարակությունը, և նախկին արատավորներին պատժելով՝ ընդամենը արդարության ու արդարադատության տպավորություն ենք ստեղծում, մինչդեռ գեներալ Մանվելի արածների համար Էջմիածնի ողջ հասարակությունն է մեղավոր ու պատասխանատու, ընդ որում՝ ոչ միայն Էջմիածնի, այլև ողջ Հայաստանի հասարակությունը, և եթե «Երկրապահը» շարունակելու է գոյություն ունենալ, հարկ է, որ միանգամայն այլ կերպ գոյություն ունենա, և եթե «Երկրապահի» գոյությունը շարունակվելու է, հարկ է, որ գիտակցենք ու հասկանանք «Երկրապահի» գոյության իմաստը, էությունն ու անհրաժեշտությունը, եթե, իհարկե, իրականում էդպիսի անհրաժեշտություն կա, և եթե Երկրապահը նախկինում ու Մանվել Գրիգորյանի օրոք եղել է, դա դեռ չի նշանակում, որ պետք է շարունակի լինել, մանավանդ որ՝ առ այսօր ոչ ոք պարզ ու հասկանալի չի բացատրել «Երկրապահի» գոյության իմաստը. ոչ ոք չի բացատրել, իմաստն անհասկանալի ու անբացատրելի է.

«Երկրապահ» կամավորականների միությունը թերևս իմաստ ուներ պատերազմի ամենասկզբում, երբ Հայաստանը դեռևս անկախություն ու պաշտպանության նախարարություն չուներ, և չնայած Հայաստանի պաշտպանության նախարարության ստեղծումից ու կազմավորումից հետո արդեն Հայաստանում «Երկրապահ» կամավորականների միության դերն ու նշանակությունը շատ մեծ չէր, բայց այդ միության նախագահ Մանվել Գրիգորյանը դեմք էր, և շատ հարցեր անձամբ գեներալ Մանվելն էր որոշում ու լուծում, և շատերդ եք երևի հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հեղափոխության ժամանակ հույս էր հայտնում, որ գեներալ Մանվելը միանալու է իրենց, այսինքն՝ ընդդիմությանը. այսինքն՝ ում որ միանար գեներալ Մանվելը,  նա էլ հաղթելու էր, և ժողովուրդն ու հասարակությունը միանշանակ հավատում էին էդ տարբերակին: Այդպես էլ եղավ: Փաստորեն, գեներալ Մանվելը չմիացավ ընդդիմությանն ու Լևոն Տեր-Պետրոսյանին, և ընդդիմությունն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չհաղթեցին:

Փաստորեն, իրականում ու ըստ էության «Երկրապահ» կամավորականների միությունն ինքնին գրեթե ոչինչ էր, իսկ նրա գեներալ նախագահը՝ գրեթե ամեն ինչ, և գեներալ Մանվելին հաշվի էին առնում ու նրա հետ հաշվի էին նստում բոլորը՝ հանրապետության նախագահից սկսած:

Այսուհանդերձ, չնայած «Երկրապահի» նախագահի հետ բոլորը հաշվի էին նստում, ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ ինչով էր զբաղվում «Երկրապահը» հատկապես խաղաղ՝ ոչ պատերազմական օրերին, և չնայած ոչ ոք չգիտի, այդուհանդերձ, շատերն ուզում են, որ շարունակի գոյություն ունենալ «Երկրապահ» կամավորականների միությունը՝ միության նախագահի պաշտոնով հանդերձ: Հատկապես միության նախագահի թափուր մնացած պաշտոնի մասին են շատ խոսում՝ գեներալ Մանվելի նախագահական աթոռին պատկերացնելով Արամ Սարգսյանին կամ, ասենք, Սասուն Միքայելյանին:

Եթե մենք չճշտենք ու վերջնականապես չորոշենք «Երկրապահի» անելիքը, ով էլ ընտրվի «Երկրապահի» նախագահ, «Երկրապահը» խնդիրներ է ունենալու, ավելի ճիշտ՝ մենք բոլորս ենք խնդիրներ ունենալու «Երկրապահի» հետ, որովհետև եթե հարցին լուրջ ենք մոտենում, հասկանում ենք, որ պաշտպանության նախարարության գոյության ու առկայության պարագայում «Երկրապահ» կամավորականների միությունը պարզապես անելիք չունի, և ինչ էլ անի՝ կամա թե ակամա խանգարելու է պաշտպանության նախարարության գործունեությանը:

Եվ վերջապես. եթե Հայաստանի շարքային քաղաքացիներս զենք կրելու ու զենք պահելու իրավունք չունենք, ապա օրենքով նման իրավունքից զրկված պիտի լինեն նաև «Երկրապահի» անդամները, մինչդեռ մենք գիտենք, որ «Երկրապահի» անդամներից ոչ միայն գեներալ Մանվելը զենք ուներ: Մի խոսքով՝ այս ուղղությամբ մտածելու շատ բան կա:            Անկախ նրանից՝ ով կփոխարինի գեներալ Մանվելին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea says:

    «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) ինչպես նաեւ ղեկավար Մհեր Մեխակի Սարգսյանն տնօրենն է եւ այս հոդվածի հեղինակն էլ նա է:
    Ինչպես հասկացանք Մհեր Մեխակի Սարգսյանն զբաղվում է անհատական պատվերներով «ԼԻԿՎԻԴԱՑՆԵԼ» երկրապահն ինչ որ մի ղեկավարի պատվերով:Նախ ձեզ հարգելիս այդքան իրավունք չի տրված առանց հասկանալու թե ինչ է «Երկրապահն» հիմա ուզում էս քանդել:Երկրապահն «ՉԻ» եղել ոչ Վ.Սարգսյանի եւ չ էլ Մ.Գրիգորյնի անձնական գույքը:Դա այն տղաների շիրիմներն է Եռաբլուրում որ ննջում են ձեր նմանների հանգիստ կյանքի համար:
    Խորհուրդ կտայի գնաս Եռաբլուր եւ ներեղություն խնդրս զոհվածներից:
    Էջմիածնի N 2 երկրապահ, նախկին հատուկ մոտո-հրաձ. գնդի հրամանատար՝
    Աղասի:

  2. ՄԱՆՎԵԼ Սերոբյան (Մախնո) «ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» աշխարհազորային գնդի շտաբի պետ says:

    Ոսկան Երևանցի, հարազատ իմ ընկեր, նման մտածելակերպ պետք է ունենա այն ազգի ներկայացուցիչը, որը չունի մեկ հստակ հակառակորդ՝ Ադրբեջանը և մեկ այլ հավանական հակառակորդ՝ Թուրքիան, բացի այդ տվյալ ազգը 24 տարի չի ապրում այսպես ասած զինադադարի պայմաններում, որը փաստացի միայն անունն է այդպիսին, քանի որ բոլորս էլ գիտենք որ Արցախյան պատերազմը նվվացող վերքի նման դեռևս առկա է և շարունամվում է: Անգամ Ռուսաստանը, որ մեր կարգավիճակում չի միևնույնն է ստեղծեց և առայսօր պետական հովանու տակ է պահում իր կազակական միավորումները: Բացի այդ եկեք չմոռանանք 2016թ.քառօրյան, որի ժամանակ 3000-ից ավել այդ թվում ԵԿՄ-ից ռազմի դաշտում էին և կապ չունի որ մարտական գործողությունները դադարեցին տղերքը անկախ առողջական, սոցիալական վիճակից և տաիքից գտնվում էին զինվորի կողքին իրենց սկսած պատերազմին վերչակետ դնելու պատրաստականությամբ, մնացածը սպասում էին գործողությունների հետագա զարգացմանը, որպեսզի լրացնեն շարքերը, բայց աստո կամոք և ինչու չե ցավոք սրտի, քանի որ առիթ էր արյունարբու բորենիի վերչը տալու և պատերազմի վեչակետը դնելու համար, բայց այն կանգնեցվեց, հիմա պատկերացրեք այն վերածվեր լայնամասշտաբ պատերազմի ու ոչ միայն Արցախի ուղղությամբ, այլ նաև ՀՀ տարբեր տարածքներում ինչ էինք անելու, ասելու էինք երկրապահ և դուք մնացած կռված տղերք նստեղ տները մենք բանակ ունենք, ոչ հարգելիս դա այդպես չի կարող լինել և մեր երեխաների կյանքի ու առողջության համար պատասխանատու ենք նաև մենք ու ոչ ոք անկախ իր կարգավիճակից բարոյական իրավունք չունի մեզ խաղից դուրս հանելու ու քանի մենք կանք ու ունակ ենք զենք բռնելու դա մեր պատերազմն է որի պահակությունը ժամանակավոր հանձնել ենք մեր երեխեքին (բանակին): Այնպես որ հարգելիս և դու և քո նման մտածողներտ հաշվի պետք է նստեք այս իրականաության հետ:
    Հարգանքներով Մանվել (Մախնո)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930