Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամական դիտարկումներ

Փետրվար 05,2019 10:00

Եթե ուզում եք շոշափել ժողովրդական տրամադրությունները, գոնե շաբաթը մեկ տաքսի նստեք: Ինչ էին ասում տաքսիստները մի տարի առաջ. «Սաղ թալան ա, սաղ փախան, էս երկրում էլ մարդ չի մնացել, կերան էս ժողովրդին»: Կես տարի առաջ. «Թողեք, վերջնական գնացեք, էլի, չե՞ք տենում՝ էս ժողովուրդը ձեզ չի ուզում»: Հիմա. «Է՜հ, էս ջահելներն էլ մի բան չկարացան անել»:

Առաջ չէի ընդունում, հիմա էլ չեմ ընդունում ծայրահեղ բացասական գնահատականները: Համաձայն չեմ նաեւ, որ նոր իշխանությունները ոչ մի լավ բան չեն արել: Բայց հասկանում եմ, որ անկախ բոլոր դրական փոփոխություններից՝ «ժողովրդական մակարդակով» դժգոհ արձագանքները շարունակվելու են, խորանալու են եւ մեկ տարուց հասնելու են «թալանին» եւ «ժողովրդին ուտելուն»: Առաջվա նման՝ հիմա էլ փորձում եմ ներկայացնել իմ բարեկամական դիտարկումները:

Պետք չէ ասել բաներ, որոնք տեսանելի ապագայում իրականություն չեն դառնա: Օրինակ՝ Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարաններ մոտակա 5 տարում չեն բացվի: Ավելի լավ է՝ ոչինչ չասել եւ հաճելի անակնկալ մատուցել, քան խոստանալ, իսկ հետո արդարանալ, թե ինչու դա տեղի չի ունեցել:

Պետք չէ անել եւ ասել բաներ, որոնք թեեւ չեն հակասում օրենքին, բայց անհրաժեշտ չեն: Օրինակ՝ որ ԱԺ նախագահի համար հույժ կարեւոր է ապրել կառավարական «դաչաներում»: Իսկ ինչո՞ւ խորհրդարանի երկու նախորդ խոսնակները «դաչաներում» չէին ապրում: ԱԺ նախագահը Հայաստանում այն պաշտոնը չէ, որի համար անվտանգության ինչ-որ արտակարգ միջոցառումներ են պետք՝ նա ճակատագրական որոշումներ ընդունող չէ: Վարչապետի համար, այո, նման միջոցառումներ պետք են, որովհետեւ նախ՝ հենց նա՛ է ամեն ինչ որոշում, երկրորդ՝ ներսում եւ դրսում կան բազմաթիվ ազդեցիկ ուժեր, որոնք, մեղմ ասած, նրա «չուզողներն» են:

Սխալ գործողություն անելիս պետք չէ «երկար-բարակ» հիմնավորումներ փնտրել՝ սխալն արդարացնելու համար: Պարգեւավճարներ տալն այդպիսի մի սխալ էր, որն, այո, պայմանավորված է անցյալի իներցիայով: 80 հազար դրամ աշխատավարձ ստացող քարտուղարուհին պետք է պարգեւավճար ստանա՝ օրենքի համաձայն, տարին 2 անգամ, իր աշխատավարձի չափով, վերադասի դրական եզրակացության հիման վրա (ի դեպ, համաձայն եմ, որ պարգեւավճարի չափն այս դեպքում չպիտի հրապարակվի): 4-5 հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան չպիտի պարգեւավճար ստանա, առավել եւս՝ չպիտի պարգեւատրվի մի քանի միլիոն դրամով: Պետք է այդքանն ընդունել եւ անցնել առաջ:

Հակառակը՝ երբ ճիշտ բան է արվում (օրինակ՝ կառավարության կազմի օպտիմալացում կամ փողոցային առեւտրի արգելում), պետք չէ տրվել պոպուլիզմին եւ «հետողորմյա անել»: Վստահության պաշարն առայժմ այնպիսին է, որ շատ բաներ կարելի է դնել «ճիշտ ռելսերի վրա»: Հետո ուշ կլինի:

Իսկ քաղաքացիներին կառաջարկեի չհիանալ եւ չհիասթափվել, հույսերով չբոցավառվել եւ հուսախաբ չլինել: Ինչպես եւ շատ այլ հարցերում՝ արժե ընտրել ծայրահեղ հրճվանքի եւ ծայրահեղ մերժողականության միջեւ «միջին ճանապարհը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Քանի դեռ քաղաքացիների մեծամասնությունը վաշխառուների (բանկային համակարգի) ստրուկներն են, եւ վարչապետը «կառավարության» կենտրոնական բանկի կամակատարը.՝
    «Չի լինելու երկրի վըրա
    Ո՛չ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր…»
    Ո՛չ ներդրում, ո՛չ Աջափնյակի մետրո, ո՛չ…
    Երբ «հայկական» թղթադրամ կոչվածի վրա կհայտնվեն պետության զինանշանը կամ կնիքը, գանձապետի կամ ֆինանսների նախարարի ստորագրությունը ՝ նոր կարելի է մտածել խնդիրների լուծման մասին:

  2. henri says:

    Այո-կացութիւնը սկսած է մտահոգիչ դառնալ ;
    Բացառիկ յաջողութեամբ սկսած շարժում մը հարկ էր աւելի զգուշութեամբ առաջ տանիլ. տակաւին ուշ չէ եթէ պատասխանատուները չմոռնան որ ՛՛ թաւշային ՛՛ պէտք էր ըլլալ այս շարժումը որուն ՛՛ անակնկալ հետեւորդները ՛՛ ճակատամարտի բնոյթ տուին …

    • Հ.Շ. says:

      ո՛չ մէկ անակնկալ ալ չեղաւ, չկայ

      տեսնողը, առաջին վայրկեանէն իսկ տեսաւ, եւ լաւապէս տեսաւ

      չտեսնողներն ալ երկու տեսակի են՝
      . մէկ տեսակը՝ որ ուշացաւ տեսնելու, հասկնալու, հիմա ալ արդէն ուշ է
      . միւսն ալ՝ մինչեւ կեանքին վերջը դեռ չի տեսներ եւ բան չի հասկնար, ամէն պարագայի
      – ահա, երեսուն տարիներ ետք, դեռ ԼՏՊի երկրպագուներ կան մէջտեղերը… –

      tant pis չեմ կրնար ըսել, քանի որ տուժողը բոլորս ենք,
      եւ այս «առանց-արիւնի-յեղափոխութիւնը» դեռ շատ արիւններ կրնայ արտադրել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728